«Ապառաժ»ի խմբագրական. Հայկական պետականության վերականգնման հարյուրամյակ

Հայոց պետականության վերականգնումից անցավ 100 տարի: Հայաստանի Հանրապետությունը 100 տարեկան է: Թեեւ այս 100 տարին բաժանվում է երեք հանրապետությունների ժամանակաշրջաններով, սակայն, 100 տարի է, որ բացարձակ իրողություն է Հայկական պետությունը:

Ինչքան անցնում է ժամանակը, այնքան ավելի է շեշտվում այն օրերին պետականության վերականգնման կարևորությունը եւ անհրաժեշտությունը: Հաճախ հնչում է այն տեսակետը, որ Հայաստանի Հանրապետության հռչակումը հետեւանքն էր մեզ պարտադրված իրերի հոլովույթի՝ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ տարածաշրջանային կացության: Իրողություն է, որ սեյմի տրոհումից հետո Անդրկովկասյան երեք հանրապետություններից հետո վերջինն էր Հայաստանը, որը հայտարարեց իր անկախ պետականության մասին: Սակայն այստեղ կարեւորվում է պատասխանատվության զգացումի եւ հայկական իրողության առկայության հանգամանքը: Եթե Վրաստանի Հանրապետությունը շարունակությունն էր սեյմի, իսկ Ադրբեջանը՝ առիթից օգտվելով եւ իր թիկունքում ունենալով Օսմանյան Թուրքիային, Հայաստանը ստեղծում էր նոր պետություն: Հայկական ազգային մտածողությունը՝ ի դեմս ՀՅԴ գլխավորությամբ պետականության վերականգնման գաղափարով, նախ եւ առաջ ամրապնդեց հայ ժողովրդի լինելիության իրավունքը:

Չմոռանանք, որ Հայաստանի մեծ մասում այդ օրերին տեղի էր ունեցել ցեղասպանություն, Հայաստանի տարածքի գրեթե կեսը պատերազմի թատերաբեմ էր, իսկ այդ պայմաններում պետության ստեղծումը՝ իր բոլոր համակարգերով եւ մասնիկներով գերպատասխանատու աշխատանք եւ գերմարդկային նվիրումի ու ճիգերի կարոտ:

Հայաստանի պետականության վերականգնումը համայն աշխարհին ապացուցեց, որ հայ ազգն ունի այն կարողությունը, որպեսզի տեր կանգնի իր պետականություն ունենալու իրավունքին: Իսկ այդ կարողությունը կոփվել էր 30 տարիների ընթացքում հայկական իրականությունում ծավալված ազատագրական շարժման հնոցում:

19-րդ դարից սկսած՝ հայ քաղաքական միտքը, եւ 1890-ականներից սկսած՝ այդ մտքի գործնական իրագործումն Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ՝ Արեւելյան Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական մթնոլորտն ու Հայ Դատի ուղղությամբ ձեւավորվող զարթոնքը՝ այն հիմքը հանդիսացան, որոնց շնորհիվ հայկական ազատագրական շարժումը կարողացավ կազմակերպվել վճռական պահին, դիմակայել թշնամու կողմից ցեղասպանության շարունակության նկրտումներին, կերտել Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսական էջերը եւ հռչակել Հայաստանի Հանրապետությունը:

Իրականության մեջ պետականության կերտմանը նախորդող հերոսամարտերն ամփոփում են գաղափարական եւ կազմակերպական այն վիթխարի աշխատանքը, որը կատարվել էր հիմնականում ՀՅԴ-ի շնորհիվ՝ նախորդող 30 տարիների ընթացքում: Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը դեռեւս 1915-ին Վանի ապստամբության արդյունքում կազմավորել էր կառավարություն: Արեւմտյան Հայաստանում ոչ միայն Արամ Մանուկյանը, այլ դաշնակցական նվիրյալներ ունեին կազմակերպական եւ ղեկավարման փորձ: Իսկ արդեն 1917-ից Արեւելյան Հայաստանում նույն այդ գործիչներն ու ֆեդայական շարժման առաջնորդները սկսել էին կազմակերպել հասարակությանը:

Հարկ է հիշել, որ այդ օրերին Դաշնակցությանն անդամակցողների թիվն անցնում էր 120 հազարը, եւ դա ինքնին ապացույցն է կազմակերպվածության բարձր մակարդակի, առանց որի հնարավոր չէր կազմակերպել վերոնշյալ հերոսամարտերը:

Այս տարիների ընթացքում դեռեւս ըստ արժանվույն չի գնահատվում այդ կազմակերպական աշխատանքի կարեւորությունը: Եւ դրա հետ միասին՝ անտեսվում են այն նվիրյալները, որոնք իրենց անմնացորդ նվիրումով ոչ մի բան չխնայեցին՝ ի խնդիր հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի:

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 հունիսի 2018թ.

aparaj.am

Տպել Տպել