Կառավարությունը ներկայացրած ծրագրում ոչ թե քանակական նպատակներ է իր առաջ դրել, այլ որակական

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը ներկայացրած ծրագրում ոչ թե քանակական նպատակներ է իր առաջ դրել, այլ որակական, ինչպիսին մթնոլորտի փոփոխությունն է:

«Կառավարությունը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի հիման վրա, և ելնելով տվյալ պահի իրողությունից՝ որոշում է կայացվել մշակել այնպիսի ծրագիր, որն անցումային կհանդիսանա, հետևաբար՝ Կառավարության այս ծրագիրը նախորդների հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ այնպիսի իրավիճակ չենք ունեցել, երբ քաղաքական փոքրամասնությունը ձևավորի կառավարություն»:

Ինչ վերաբերում է թվային ցուցանիշների բացակայությանը, ապա Սուրեն Պարսյանն ասաց, որ Կառավարության ծրագրով մեկ տարվա ընթացքում նախատեսվում են արտահերթ ընտրություններ, հետևաբար, տարեկան որևէ ցուցանիշներ դնելը նպատակահարմար չէր և անտրամաբանական կլիներ:

«Ծրագիրը հիմնականում կոնցեպտուալ փաստաթուղթ է, հայեցակարգային դրույթներ է պարունակում, որոնցով նախանշվում են Կառավարության նպատակները. դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքար, իրական աճի ապահովում, սոցիալական խնդիրների լուծում, քաղաքականություն-բիզնես տարանջատում: Այս ուղղությունների համար առանձին դեպքերում նույնիսկ թիվ էլ պետք չէ, քանի որ հանրությունը կտեսնի կոնկրետ քայլեր»,-ասաց նա և նկատեց, որ ի տարբերություն նախորդ ծրագրերի՝ այս փաստաթղթում հաշվի են առնվել փաստացի ընտրական համակարգի ձախողումները, ռեյտինգային համակարգը:

«Մենք ունենք մենաշնորհների դեմ կոնկրետ քայլեր, որոնք արվում են, ունենք կոռուպցիայի դեմ կոնկրետ քայլեր, և վստահաբար տնտեսական աճը լինելու է ներառական, այսինքն՝ տնտեսական աճից իրենց մասնաբաժինն է ունենալու հասարակության մեծ մասը, ոչ թե մի քանի օլիգարխ կամ տնտեսվարողներ»,- ասաց նա և համաձայնեց, որ նախկինում այդպես է եղել:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն էլ այդ ժամանակ իշխանություն էր, տնտեսագետն ասաց, որ այդ խնդիրների մասին իրենք բարձրաձայնել են նաև իշխանություն եղած ժամանակ:

«Դաշնակցությունը ստանձնել է պատասխանատվություն՝ Կառավարության մաս կազմելով, և այս ծրագրում ներառված են նաև մեր առաջարկությունները: Այնպես չէ, որ բոլոր առաջարկություններն են կարողացել ներառել, ընդունված առաջարկությունները վերաբերում են ներառական աճին, քաղաքականություն-բիզնես տարանջատմանը, կենսաթոշակային համակարգին: Մենք հիմա կոնկրետ բիզնեսի մեջ ունենք մթնոլորտի փոփոխություն, դրական սպասումներ, որոնք պետք է օգտագործել արագ ու կոնկրետ քայլերով բարեփոխումների գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար»,-ասաց նա:

Տպել Տպել