ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ-ի աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները:

Հանդիպման սկզբում Ռայմունդ Յելեն շնորհավորել է Արթուր Խաչատրյանին նշանակման առթիվ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք և վերահաստատել ՊԳԿ-ի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի բարելավմանը և գյուղական համայնքների զարգացմանը:

Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Ոլորտի ներկայիս կարևորագույն խնդիրների թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրման, մշակվող հողատարածությունների ընդլայնման, ոռոգման կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման անհրաժեշտությունը:

Երկուստեք ընդգծելով երկրում կոոպերացիայի զարգացման և կոոպերատիվների ներքո փոքր և միջին ֆերմերների միավորումը` զրուցակիցները միաժամանակ կարևոր են համարել տեղական գյուղմթերքի շուկայահանման և իրացման հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական կենդանիների նույնականացմանը, խորհրդատվական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել Տպել