Այլևս չե՞ք կարևորում կանանց ներգրավվածությունը կառավարման համակարգում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը, հարցով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ թե նոր կառավարության ծրագրում, թե իր բոլոր ելույթներում նա առաջնահերթ է համարել արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կատարումը: Կյուրեղյանի խոսքով՝ Փաշինյանը նշել է, որ սա նպատակ ունի հանրության մեջ վստահություն բարձրացնելու, որ այլևս ընտրությունները չեն կեղծվելու, որ այլևս ընմտրություններն արտահայտելու են ժողովրդի կարծիքը և դրանց վրա որևէ գործոն, այդ թվում՝ ամենակարևորը՝ ընտրակաշառքի գործոնը չի ազդելու: «Չե՞ք կարծում, որ բարեգործության մասին օրենքում անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, քանզի այսօր և, ընդհանրապես, բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու գործընթացը միշտ տեղի է ունեցել: Այսօր էլ շարունակվում է տարբեր բարեգործական ցուցակներում մարդկանց ընդգրկելով, նրանց ծրարներով գումար բաժանելով՝ արդեն սկսել ընտրակաշառքի բաժանման գործընթացը»,-ասաց Կյուրեղյանը:

Նա նշեց նաև, որ Փաշինյանի բոլոր ելույթներում հնչեցված բոլոր ուղերձները տեղ են գտել կառավարության ծրագրում, բացի մեկ ուղերձից, այն է՝ նպաստավոր պայմաններ ապահովվել, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկում ունենա պետական կառավարման համակարգում, քաղաքական և հանրային գործունեության մեջ.«Ցավոք, այսօր մեզ ներկայացված ծրագրում այդ ուղերձի արտացոլումը չտեսա: Ի՞նչ կարելի է ենթադրել՝ դուք այլևս չե՞ք կարևորում կանանց ներգրավվածությունը, թե՞ ուղղակի բացթողում է»:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ եթե անկեղծ ասի, իրենք մի քիչ ամաչում են, որ կառավարության կազմում չեն կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավվել.«Այն, ինչ ասվել է, չափազանց կարևոր է և իմ՝ որպես վարչապետի թեկնածու հնչեցրած որևէ դրույթ, անկախ նրանից՝ ընդգրկված է կառավարության ծրագրում, թե ոչ, չի կարող իր կարգավիճակը փոխել: Ցավում եմ, որ մենք չենք կարողացել շատ արագ շատ մեծ և էական փոփոխություններ անել այդ հավասարակշռության մեջ»:

Ինչ վերաբերվում է բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, ապա, վարչապետի խոսքով, աշխատանքային խումբ պետք է ձևավորվի և բոլոր գաղափարները քննարկվի.«Բոլոր գաղափարները պետք է մանրամասն քննարկվեն՝ հստակեցնելու ինչ ասելով ինչ նկատի ունենք, որպեսզի թացը չորին չխառնենք»:

Կյուրեղյանն էլ ի հավելում նշեց, թե խոսքը նրանում չէ՝ Փաշինյանն ու այսօրվա կառավարությունը կարևորում է կանանց դերը, թե ոչ, այլ այն, որ մենք ունենանք ամրագրում օրենսդրության մեջ, որ այլևս կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման մեջ անհրաժեշտությւոն է: Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ, իհարկե, դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական գործընթացի առանցքային կարևորությունն այն էր, որ կանանց հսկայական ներգրավվածություն տեսանք այդտեղ.«Սա նույնպես այն կարևոր գործոններից մեկն էր, որը մեզ հնարավորություն տվեց խուսափել բախումներից, սրացումներից և այլ զարգացումներից: Կարծում եմ՝ դա ժողովրդական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, և դրանք պետք է արտահայտվեն մեր հետագա քաղաքական կյանքում: այն, որ մենք ունենք այդ ցանկությունը, միանշանակ է, և մենք պետք է ապահովենք, որ կանանց այդ ակտիվությւոնը շարունակվի մնալ որպես կարևոր գործոն: Այս ամենը ցույց տվեց, որ կանանց ակտիվությունը որևէ կերպ չի հակասում ընտանիքի մասին մեր ունեցած մեր ունեցած պատկերացումներին և ընտանիքի մասին մեր ունեցած լավագույն ավանդույթներին»:

Տպել Տպել