Փաստաթուղթը պետք է ունենար հայրենադարձության որոշակի ազդակներ. Ռուզաննա Առաքելյանը՝ վարչապետին

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ նա իրավացիորեն առաջնահերթություն է համարում ժողովրդագրական խնդիրը:

Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ ժողովրդագրական խնդիրը լուծելու ենք նաև հայրենադարձության միջոցով: «Կառավարության ծրագրում Սփյուռք բաժնում ես չէի ակնկալում գտնել ամբողջական հայեցակարգ, բայց գոնե պետք է լինեին որոշակի թիրախային կետեր, որոնք և մեզ, և սփյուռքահայ բարեկամներին պետք է ուղղորդում տային և ներշնչեին՝ վստահելով հայրենիք վերադառնալ և որոշ ակնկալիքներ ունենալ»,-ասաց Առաքելյանը:

Նա նշեց նաև, որ, բացի այդ, մարզերի համաչափ զարգացման հայեցակարգը վարչապետը նույնպես կարևորում է, սակայն Առաքելյանը կառավարության ծրագրում չի գտել՝ մանավանդ սահմանամերձ համայնքներում ապրողների համար որոշակի արտոնությունների մասին դրույթ կամ այդ բնակավայրերն ինչպե՞ս են վերաբնակեցվելու:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ժողովրդագրության խնդիրը, իհարկե, հայրենադարձության, բայց նաև ընտանիքի նկատմամբ մեր վերաբերմունքով պետք է լուծվի.«Ես ինքս 4 երեխա ունեմ, և հույս ունեմ, որ սա տարածված երևույթ կդառնա Հայաստանում: 2-3 օր առաջ Էդմոն Մարուքյանը 3-րդ երեխան ունեցավ… Իհարկե, սա նույնպես կարևոր է, որ մենք ընտանիքի վրա հենված հասարակությւոն ու պետություն ունենալով այդ խնդիրը լուծենք»:

Իսկ ինչ վերաբերվում է հայեցակարգերին, ապա նշված բոլոր հայեցակարգերը մինչև հիմա արդեն ընդունված են, և դրանց մեջ չկա մի կետ, որ ասեն՝ «Վայ, էս ինչ վատ բան է գրված»:

«Հայրենադարձությանն ի՞նչն է խանգարել՝ կոռուպցիան, անարդարության զգացումը, ապօրինությունը: Իմ կարծիքով՝ այն, ինչ դրել ենք ծրագորւմ, այդ ամենով հայրենադարձությանը խոչընդոտող գործոններ են: Մեզ ասում են՝ ինչո՞ւ չեք գրել, որ տնտեսական աճը կլինի այսքան տոկոս: Շատ պարզ պատճառով՝ գրենք, որ գնանք հանքերը քանդենք, եռակի ավել վաճառենք դրսին, որ ասենք՝ այդ տոկոսն ապահովեցինք: Մենք ավելի կարևոր ենք համարում վերացնել այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս երկրին զարգանալ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած՝ մարզերի զարգացման մասին հարցին, վարչապետը նշեց, որ ներդրումների այն մեծ հետաքրքրությունը, որ կա, հույս ունեն, որ կվերածվի ներդրումային բումի.«Նաև հարկային օրենսգրքի փոփոխություններով պետք է դիտարկենք հարկային գոտիականության մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ունենանք պոտենցիալ ներդրողներին ուղղորդել դեպի մարզեր, որպեսզի մարզերը զարգացման նոր շունչ ստանան: Նկատի ունեմ՝ ամեն ինչ չէ, որ պետք է դնել իր վերնագրով՝ կոռուպցիան խոչընդոտում է ամեն ինչին, և եթե հաղթահարում ենք կոռուպցիան, իսկ ես վստահ եմ, որ կհաղթահարենք, նշանակում է, որ բացում ենք այն խաչմերուկը, որից ճանապարհներ են դուրս գալիս և դեպի հայրենադարձություն, և դեպի մարզերի զարգացում»,-ասաց Փաշինյանը:

Առաքելյանն արձագանքեց՝ ասելով, որ իր կարծիքով՝ կառավարության ծրագիրը որքան էլ որ քաղաքական է՝ պետք է ունենար որոշակի ազդակներ կոնկրետ հայրենադարձության պարագայում.«Ես միայն սփյուռքահայերի մասին չեմ խոսում, որոնք ճակատագրի բերումով դրսում են ապրում, այլ վերջին տարիներին Հայաստանից հեռացածների մասին: Այս մարդիկ պետք է առնվազն երաշխիքներ փնտրեն ու գտնեն , որ վստահ վերադառնան հայրենիք»:

Փաշինյանն էլ նշեց, որ իրենց աշխատանքային ծրագիրը հետևյալն է՝ կառավարության ծրագիրն ԱԺ-ում ընդունվելուց հետո կառավարությունում կընդունեն այդ ծրագրից բխող միջոցառումների ցանկ.«Այն հայեցակարգերը, որոնք ընդունվել են նախկինում և որոնք մենք չեղյակ չենք անի, այդ բոլորի ուղղությամբ կաշխատենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել