Նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն հունիսի 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը և հուսով ենք, որ մեր համագործակությունը կլինի շարունակական», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Կարևորելով հայ-ամերիկյան փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

«Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Գյուղատնտեսության ոլորտն աճի մեծ ներուժ ունի և կարող է նպաստել տնտեսության առավել ներառական և կայուն զարգացմանը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս ոլորտում համագործակցության երկար պատմություն ունեն և ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր սերտ համագործակցությունը կշարունակվի», – նշել է ԱՄՆ դեսպանը:

Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները և պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերացիայի խթանումը:

Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձևավորմանը և շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների նույնականացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է հայ-ամերիկյան ակտիվ համագործակցություն: Մասնավորապես, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանում իրականացվել են «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին (ATC) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին (ICARE)», «Ջրի կառավարում Արարատյան դաշտավայրում» և մի շարք այլ ծրագրեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել Տպել