Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն

Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն: Մարզպետը ճանաչողական շրջայց կատարեց աշխատասենյակներում և հիվանդասենյակներում՝ զրուցելով բուժանձնակազմի և տեղում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների հետ: Շրջայցի ավարտից հետո Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ: «Մեծապես կարևորում եմ առողջապահական ոլորտի դերն ու նշանակությունը, այդիսկ պատճառով էլ առաջին այցերից մեկը կատարեցի ձեզ մոտ: Տպավորված եմ հիվանդանոցային արդիական ու բարեկարգ պայմաններից: Շատ կարևոր է, որ հիվանդները տեղում բուժվելու հնարավորություն ունենան ու նման հարցերով հնարավորինս քիչ դիմեն մայրաքաղաքի բուժհաստատություններ»,-բուժանձնակազմին դիմեց մարզպետը:

Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ հաստատության հիմնական խնդիրը մնում է վերազինումը որոշ տեխնիկական սարքավորումներով: «Մեր բժշկական կենտրոնն ունի լապորոսկոպիկ վիրահատության և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության սարքավորումների խնդիր: եթե կարողանանք ձեռք բերել դրանք, ապա նվազագույնի կհասցնենք մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմող մեր համաքաղաքացիների թիվը: Մասնագետ կադրերի խնդիր այս պահին չունենք, հարկ եղած դեպքում խնդիրը կարգավորում ենք մասնագիտական վերապատրաստումների միջոցով»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը:

Իշխան Սաղաթելյանը բուժանձնակազմին հորդորեց՝ ավելի բարձրացնել բուժսպասարկման որակը, բարեխղիղճ ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: «Բարձրացված հարցերի շուրջ կփորձենք ցուցաբերել համապատասխան աջակցություն, որպեսզի տեղի բնակիչները կարողանան իրենց բուժումը կազմակերպել տեղում: Ուշադիր հետևելու ենք նաև թեժ գծին կամ հանդիպումների ընթացքում քաղաքացիների կողմից առողջապահական ոլորտում բարձրացված հարցերին, ուստի հորդորում եմ բոլորիդ՝ մասնագիտական աշխատանքում ցուցաբերել ամենայն բարեխղճություն և պատասխանատվություն»,-եզրափակեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

gegharkunik.mtad.am

Տպել Տպել