Արծվիկ Մինասյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ շարունակական համագործակցությունը և հայտնել հետագա համատեղ աշխատանքի զարգացման պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում, 2017թ. ընթացքում իրականացված և առաջիկայում նախատեսվող գործընթացներին, Հարևանության ներդրումային գործիքի ներքո նախատեսված ծրագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին և 2018թ. աջակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր։

Կարևորվել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընթացքը և շարունակականության ապահովումը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման ապահովումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը:

mineconomy.am

Տպել Տպել