Կառավարությունը չպետք է սահմանափակվի իր թիմով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի համոզմամբ, ներկա կառավարության հայտարարած՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը հնարավոր կլինի, եթե այդ ուղղությամբ խորքային մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ կատարվեն և վերանայվի սակագնի ձևավորման մեթոդաբանությունը:

-Նախ՝ նման ուսումնասիրություններ ու հաշվարկներ կատարողները պետք է քաջատեղյակ լինեն էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդաբանությանը և կարողանան վերանայել այն այնպես, որ նոր սակագինը շահավետ լինի ինչպես սպառողների, այնպես էլ տնտեսավարողների և պետության համար: Էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մթոդաբանությունը ի վերջո տարիներ շարունակ չի վերանայվել, հաշի չեն առնվել ժամանակակից միտումներն ու ձևաչափերը, այնպես որ սակագնի վերանայման հարց լինի, թե ոչ, մեթոդաբանությունը պետք է փոխվի, համապատասխանեցվի մերօրյա չափորոշիչներին:

Դրանից բացի, պետք է ուսումնասիրվի հանրային սպասարկման՝ մասնավորապես էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր ընկերությունների ձեռքբերումների հաշվարկման մեթոդաբանությունը, այսինքն՝ թե ինչ սկզբունքով են այդ ընկերություններն իրականացնում իրենց գնումները, արդյոք չարաշահումներ չեն լինում, վճարած գումարները խելամիտ են, թե ոչ:

Տվյալ դեպքում խոսքը ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիայի» մասին է: Երկուսն էլ պետք է իրենց գնումները կատարեն օրենքի համաձայն, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ընթացակարգով, որպեսզի այդ գնումները մրցակցային լինեն, վճարած գումարները շատ բարձր չլինեն կամ ուռճացված չներկայացվեն:

Բոլոր այդ գնումները, ձեռքբերումների համար վճարած կամ փաստաթղթերով ներկայացված արժեքները հետագայում ներառվում են վառելիքի սակագնի մեջ, և այդ առումով շատ կարևոր է, որ ընկերություններն ավելի զուսպ և օբյեկտիվ լինեն: Ուստի կառավարությունն այդ ընկերությունների հանդեպ պետք է խիստ վերահսկողություն իրականացնի՝ չարաշահումներից, զեղծարարություններից խուսափելու համար:

-Ըստ ձեզ, կառավարությունն ունի՞ նման մասնագիտական ներուժ անհրաժեշտ խորքային ուսումնասիրություն իրականացնելու և ընդհանրապես սակագնի վերանայման ձեր առաջարկած հնարավորությունը հասկանալու համար:

-Վերլուծություն անելու համար հարկավոր է համապատասխան մասնագիտական թիմ հավաքել: Ես տեղյակ չեմ ներկա կառավարության կարողություններին, ներուժին, ուստի չեմ կարող գնահատական տալ, բայց անձամբ ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին, եթե նրանք պատրաստ են դիմել անկախ մասնագետների օգնությանը: Առայժմ մասնագիտական քննարկումներ չեն եղել, թեև դրա հնարավորությունը կա, կառավարությունը պետք է օգտագործի երկրի մասնագիտական ներուժը և չսահմանափակվի իր թիմով:

Ցավոք, կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի լինել-չլինելու հարցը քննարկելիս կառավարությունը, սոցապ նախարարությունը բավարարվեց միայն միջազգային ընկերության հետ քննարկումներով, որն էլ հայտարարել էր, թե հետընթացը և այդ համակարգից հրաժարվելն արդեն ուշ է: Այնինչ մեր մասնագետների հետ քննարկումներ այդպես էլ չեղան: Իսկ ո՞վ է ասում, որ այլ լուծումներ հնարավոր չէր գտնել:

Հիմա նույնը վերաբերում է էլեկտրաէներգիայի ու գազի սակագնին: Հարկավոր է խորհրդակցել ու խելամիտ լուծումներ գտնել: Հակառակ դեպքում էլեկտրաէներգիայի և գազի սակագներն իջեցնելու մասին հայտարարությունները հասարակության մեջ բացասական սպասումներ կձևավորեն, քանի որ կառավարությունը չի կարողանա կատարել խոստումը:

Ադեն իսկ առաջիկայի համար հանրությանը տեղեկացվել է, որ նման ակնկալիքներ չպետք է ունենալ, և եթե անգամ սակագինը վերանայվի, ապա դա կլինի միայն էլեկտրաէնեգիայինը, այն էլ միայն սոցիալապես անապահով խավի համար: Բայց այս դեպքում սակագինը կիջեցվի պետական բյուջեի, այսինքն՝ հարկատուներիս հաշվին և ՀԷՑ-ի, քանի որ այդ ընկերությունը ևս պատրաստակամություն է հայտնել իր եկամուտների հաշվին որոշակի խմբի համար ավելի էժան էլեկտրաէներգիա մատակարարել:

Նշեմ, որ 2017թ. հունվար-փետրվար ամիսներին արդեն էլեկտրաէներգիայի և գազի սակագները նվազեցվել են, և դրա շնորհիվ 2017թ. գազի սպառումը 5,3 տոկոսով ավելացել էր: Այսինքն՝ ինչ-որ հնարավոր էր, նախկին իշխանություններն արդեն արել էին սակագնի հաշվարկման ներկա պայմաններում: Այժմ եթե ցանկություն կա գինը նվազեցնելու, ապա մոտեցումը պետք է փոխվի, իսկ թե ինչպես, ես արդեն նշեցի՝ սակագնի հաշվարկման մեթոդաբանության վերափոխման և մասնավոր ընկերությունների ծախսերը զսպելու միջոցով:

Թագուհի Ասլանյան

«Հայոց Աշխարհ»

(Շարունակելի)

Տպել Տպել