Կառավարությունը չպետք է սահմանափակվի իր թիմով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցի շարունակությունը.

-Արդյոք կողմնակալ եւ անարդարացի մոտեցում չէ՞ միայն սոցիալապես ամենաանապահովների համար էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հաճախ այդ խմբերում միայն իսկապես չքավորները չէ, որ ընդգրկվում են, նաեւ այն, որ երկրում բնակչության զգալի տոկոսը կարիքավորներ են, որոնց համար կենցաղային վճարները նույնպես մեծ բեռ են:

-Մեր երկրում գոյություն ունի աշխատող աղքատ ըմբռնումը, երբ մարդիկ աշխատում են, որոշակի եկամուտ ունեն, բայց կարող են աղքատ համարվել: Օրինակ, երբ երեք-չորս անդամ ունեցող ընտանիքում միայն մեկ հոգին է աշխատում, եւ նա էլ պարտավոր է հոգալ մյուսների կարիքները եւս: Բայց քանի որ նա աշխատում է՝ հնարավոր է, որ այդ ընտանիքը չընդգրկվի այդ սոցիալական խմբում:

Այս դեպքում մենք եւս լուրջ խնդիր ունենք, չկան այն չափորոշիչները, որոնցով հնարավոր կլինի հստակ սահմանել, թե ով է աղքատ համարվում եւ իրականում ում համար է հարկավոր բացառություն անել, ում է հարկավոր սոցիալական աջակցություն ցուցաբերել:

Հետազոտությունները փաստում են, որ սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված են քաղաքացիներ, ընտանիքներ, որոնք իրականում այդպիսին չեն եւ քիչ թե շատ ապահովված են, այնքան եկամուտ ունեն, որ կարող են առանց աջակցության ապրել: Նրանք կարողանում են թաքցնել իրենց եկամուտներն ու աղքատ համարվել:

Հակառակ դրան, կան մարդիկ եւ ընտանիքներ, որոնք չքավոր են, սակայն այդ ցուցակներից դուրս են մնացել: Այս դեպքում էլ հարկավոր է պայքարել ոլորտում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ եւ վերահսկողություն սահմանել, որպեսզի պատահական մարդիկ չօգտվեն սոցիալական արտոնություններից եւ օգնությունը հստակ հասցեական լինի:

Սակագինը վերանայելուց առաջ, թեկուզեւ խոցելի խմբերի համար, հարկավոր է այս խնդիրները լուծել, առաջնահերթությունները սրանք են, եւ գրագետ մոտեցման դեպքում կառավարությունը պետք է այս հարցերը բարձրացնի:

Ինչ վերաբերում է կողմնակալ կամ անարդարացի վերաբերմունքին, ապա եթե իսկապես տարանջատվեն խոցելի խմբերը, ապա այդպիսի օգնությունը անհրաժեշտություն է, քանի որ էլեկտրաէներգիան եւ գազը յուրաքանչյուր ընտանիքում խիստ կարեւոր է եւ պետք է բոլորին հասանելի լինի:

-Ի՞նչ կասեք գազի սակագնի վերանայման հավանականության մասին: Իշխանության գալով՝ կառավարության հերթական պոպուլիստական հայտարարությունը այդ վառելիքի գինը նվազեցնելն էր, սակայն օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ դա առայժմ անհնարին է, քանի որ Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքվել, որի ժամկետը շուտով սպառվում է, եւ պայմանագրից դուրս գին հնարավոր չէ սահմանել: Ավելին՝ խոսակցություններ կան, որ հնարավոր է այդուհետ Ռուսաստանն ավելի թանկ գնով գազ տա Հայաստանին, եւ այդ ժամանակ սպառողի համար այդ վառելիքը կթանկանա:

-Անտարակույս եթե Ռուսաստանը վերանայի պայմանագրային պայմանները, ապա պետությունը կա՛մ ստիպված կլինի գազը թանկացնել, կա՛մ փոխհատուցել իր հաշվին: Բայց փաստորեն այդ դեպքում էլ եթե նման քայլ արվի, ապա նորից միայն սոցիալապես անապահով խավի համար:

Մյուս կողմից էլ՝ եթե այդ ոլորտում նույնպես արդյունավետ կառավարում իրականացվի՝ վերահսկվեն ոլորտը սպասարկող ընկերությունների ծախսերը, գնումները խելամիտ լինեն, ապա գուցեեւ դրա հաշվին հնարավոր լինի քիչ թե շատ մատչելի սակագին սահմանել:

-Որքանո՞վ եք հավանական համարում Ռուսաստանի կողմից գազի գինը բարձրացնելու հնարավորությունը, մտավախությունները տեղի՞ն են:

-Այս պահին նման հիմքեր չկան, միջազգային շուկայում եւս գազի եւ նավթի գների կտրուկ գնաճ չի արձանագրվել: Բայց ամեն դեպքում չմոռանանք, որ Հայաստանի վաճառվող գազի համար Ռուսաստանն արտոնյալ գին էր սահմանել, եւ չի բացառվում, որ հաջորդ անգամ այդ պայմաններն այլեւս չգործեն: Այդ դեպքում կառավարությունը պետք է մտածի հասարակությանը հուսախաբ չանելու մասին եւ հնարավորինս կանխի թանկացումը:
Բայց հիշենք, որ վարչապետը խոսել էր ոչ թե գազի պայմանագրային գնի, այլ սահմանից Հայաստան մտնող վառելիքի գրեթե կրկնակի թանկացող սակագինը վերանայելու մասին: Դրա շնորհիվ էր նախատեսվում այն էժանացնել, ինչի մասին նախարարը չի խոսել:

-Ուսումնասիրություններն առայժմ կարծես թե չեն սկսվել, համենայն դեպս բարձրագոչ հայտարարություններ չեն հնչում, այն դեպքում, երբ ներկա կառավարությունը սովոր է իր յուրաքանչյուր քայլի համար հաշվետու լինել հասարակությանը:

-Կարծում եմ, այս դեպքում ոչ թե ուսումնասիրություններ եւ աուդիտ է հարկավոր իրականացնել, ինչպես հայտարարվել էր, այլ միանգամից հարկավոր է ճիշտ մենեջմենթ վարել, նոր լուծումներ գտնել ոլորտում պետական կարգավորումը հստակեցնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար, որպեսզի Հայաստան մտնող գազի վրա հսկայական ծախսեր չավելանան ու չներառվեն սակագնում:
Դա, ինչպես նշեցի, մատակարարող ընկերությունների գնումները վերահսկելի եւ զուսպ դարձնելն է, կորուստները զգալիորեն կրճատելը, ենթակառուցվածքները կարգի բերելը եւ այլն:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայոց Աշխարհ»

Տպել Տպել