Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Սևան քաղաքի մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց «Զարթոնք» մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական և կենսական նշանակության կարևոր ծրագրեր: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ: «Լինել չափազանց հետևողական, ուշադրություն դարձնել շինարարության որակի, նկատված թերությունները վերացնելու, պայմանագրով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման հանձնելու ուղղությամբ»- նշեց Իշխան Սաղաթելյանը, Սևան քաղաքի 5 շինհրապարակներում, շինարարների հետ հիմնանորոգման աշխատանքները դիտարկելու ընթացքում:

Զարթոնք մանկապարտեզի, հիվանդանոցի և Չարենցի փողոցի շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ամռանը: Մնացած երկու կառույցներում աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ և հաջորդ տարվա ընթացքում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանի կարծիքով մոտակա ամիսների ընթացքում Սևան քաղաքում լուրջ առաջընթաց կարձանագրվի կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտներում:

«Սևանում այժմ բավականին մեծ ծավալի եւ կենսական կարևոր նշանակության ծրագրեր են իրականացվում: Մեր աշխատանքային այցն այս առումով էլ չափազանց հագեցած ստացվեց: Ուրախալի է, որ շատ շուտով մենք Սեւանում կտեսնենք արդիականացված մանկապարտեզ, դպրոց, բժշկական կենտրոն, մշակույթի տուն, ներհամայնքային նորոգ ու բարեկարգ ճանապարհներ: Սա նշանակում է, որ մենք զարգանում ու առաջ ենք գնում, բայց ավելի պետք է ոգեւորվենք ձեռքբերումներով ու զարկ տանք մյուս ոլորտների զարգացմանը: Ինձ տպավորեց ոչ միայն շինարարության ծավալը, այլ նաև գոհացրեց աշխատանքների ընթացքը»,- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Սևան քաղաքի հինգ շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են պետական և տեղական բյուջեների, ՀՏԶ հիմնադրամի և համաշխարհային բանկի ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 750 մլն դրամ:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տվյալներով.

«Զարթոնք» մանկապարտեզում շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականի օգոստոսից, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով: Շինարարության արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Նորոգված մանկապարտեզի շահագործման ժամկետ է սահմանված 2018 թվականի հունիս ամիսը: Շինարարական աշխատանքներն այստեղ արդեն մոտենում են ավարտին:

Սևանի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2016 թվականին, պետբյուջեի միջոցներով և ընթացել մի քանի փուլերով: Այս տարի շինարարության համար հատկացվել է 157 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կշարունակվեն և կավարտվեն 2019 թվականին, իսկ մշակույթի տան հիմնանորոգման ընդհանուր արժեքը կկազմի 295 միլիոն դրամ:

Սևանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները մեկնարկել են «Համաշխարհային բանկ»-ի եւ պետբյուջեի միջոցների հաշվին, 2016 թվականից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 895 միլիոն դրամ: Նորակառույց բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին: Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2015 թվականից, ընթացել մի քանի փուլերով եւ կավարտվեն այս տարվա վերջին: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 320 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից:

Սևան քաղաքի Չարենցի փողոցում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա մայիս ամսից, ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի և տեղական բյուջեի միջոցների հաշվին: 62 միլիոն 800 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 37 միլիոն 80 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս ամռան ընթացքում:

gegharkunik.mtad.am

Տպել Տպել