Արմենուհի Կյուրեղյանը բարձրաձայնեց Թեղուտի հանքավայրում առաջացած խնդիրների մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ օրերս հանդիպել է Ալավերդու ընտրողների հետ, ընդ որում` մասնակցել են թե’ Ալավերդու բնակիչներ, թե’ «Թեղուտ» հանքավայրի նախկին աշխատակիցներ, թե’ ՀՅԴ տեղի կառույցի անդամներ:

Պատգամավորը նշեց, որ նրանք բարձրացրել են աշխատանքի կրճատման հետ կապված լուրջ մտահոգություններ: Կյուրեղյանը հիշեցրեց, որ հունիսի 11-ին` առավոտյան 6:30-ին, Շնողի բազմաթիվ բնակիչներ փակել էին Թեղուտի հանքավայր տանող ճանապարհը և պահանջում էին պատասխանել կարևոր մի քանի հարցերի:

Նա ասաց, որ տեղի ՀՅԴ կոմիտեն իր առջև պահանջ է դրել, որ բնակիչներին հուզող մի քանի հարցեր բարձրացնի կառավարության մոտ:

Պատգամավորի խոսքով` շատ աշխատակիցներ հանքավայրը գործարկելիս «Վալեքս» ընկերությանը ցածր գներով վաճառել են իրենց հողերը և ստացել բանավոր երաշխավորություն, որ 50 տարի և ավելի կունենան աշխատանք, բայց հիմա 50-ից ավելի մարդ զրկվել է աշխատանքից էլ, հողերից էլ:

«Այդ մարդիկ իրենց վրա վարկային պարտավորություններ են վերցրել, որն այսօր չեն կարողանում կատարել: Հնարավո՞ր է արդյոք ճշգրտել` աշխատատեղերի վերաբացման հնարավորություն կա՞, թե՞ ոչ, և հնարավո՞ր է որևէ կերպ սառեցնել այդ մարդկանց վարկային պարտականությունները` մինչև աշխատանքային հնարավորություններ ստեղծվեն»,- հարցրեց պատգամավորը:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց, որ Թեղուտի հանքավայրում առաջացած խնդիրները կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Ավինյանը նշեց, որ ինքը հանքավայրը շահագործող «Վալեքս» ընկերության կողմից սնանկ ճանաչվելու գործընթաց սկսելու մասին տեղեկատվության չի տիրապետում: «Անձամբ հանդիպել եմ «Վալեքս»-ի ներկայացուցիչների հետ, քաջատեղյակ եմ խնդրին, այս պահին իմ հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որն այս հարցով զբաղվում է: «Վալեքս»-ն այս պահին ունի խնդիրներ: Հանձնաժողովն արդեն իսկ մյուս շաբաթ կանի իր առաջին նիստը, և ըստ քննարկված հարցերի, կարծում եմ` լուծումներն առաջ կգան»,- ասաց Ավինյանը:

Կյուրեղյանը խնդրեց հարցերը քննարկելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր վարկեր ունեն, բանկերից նամակներ են ստացել, որ եթե առաջիկայում իրենց վարկային հաշիվներին գումարներ մուտք չարվեն, վարկերի տոկոսները կբարձրացնեն: «Նաև խոսակցություն է սկսվել, թե ընկերությունը սկսել է սնանկացման գործընթաց: Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է»,- հարցրեց նա:

Ավինյանը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, ընկերությունն էլ նման հայտարարությամբ հանդես չի եկել: «Ես կարծում եմ, որ մեր հանձնաժողովի անդամները լսեցին այն մտահոգությունները, որոնք Դուք բարձրացրեցիք, և հաշվի կառնեն դրանք»,- ասաց փոխվարչապետը:

yerkir.am

Տպել Տպել