Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները բավարար հիմք չեն երկրի նախագահի հրաժարականի համար

Արցախում որևէ մեկը դեմ չէ քաղաքական ակցիաների, այդ թվում՝ ցույցերի, հանրահավաքների անցկացմանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ խոսելով ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտում հանրահավաքներ անցկացնելու հանգամանքին:

«Օրենսդրական դաշտը՝ թեկուզև թերի, ամեն դեպքում որևէ արգելք չի ստեղծում հանրահավաքների անցկացման համար: Խնդիրն այլ է՝ քաղաքական որևէ ուժ կամ կազմակերպություն հանրահավաք անցկացնելու համար պետք է գործի օրենքով նախատեսված կարգով»,- ասաց Դավիթ Իշխանյանը:

Արցախի պատգամավորն ասաց, որ իրենք վերջին օրերի հանրահավաքներից անհանգստացած չեն, դրանց նորմալ են վերաբերում:

Այն օրակարգը, որն առաջ է տանում ընդդիմադիր ուժը, այն է՝ Արցախի նախագահի հրաժարական, Դավիթ Իշխանյանի համոզմամբ, չի բխում ընդհանուր շահերից, ավելին՝ չկա նման հանրային պահանջ:

«Իսկ մնացած պահանջները՝ սահմանադրական բարեփոխումներ, օրենքի բարելավում, մենք միանշանակ կիսում ենք: Հարցերի քննարկումների համար կա բարձր ամբիոն՝ Ազգային ժողովը, որը լավագույն վայրն է քննարկումներ ծավալելու, եզրահանգումներ կատարելու համար»,- ընդգծեց նա:

Դավիթ Իշխանյանը միաժամանակ չհերքեց, որ Արցախում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, մարդիկ ունեն որոշակի հիմնավոր դժգոհություններ: «Սոցիալական արդարության պահանջ կա: Մի շարք կենցաղային մակարդակի հիմնախնդիրներ կան, մարդիկ դժգոհ են վարվող կադրային քաղաքականությունից, վարկավորումից և այլն: Այս խնդիրներն ակնհայտ են, բայց պետք է հաշվի առնել երկրի նախագահի նախաձեռնած բարեփոխումների գործընթացը, հատկապես՝ կադրային փոփոխությունները, գործելաոճի փոփոխությունը»,- նշեց դաշնակցական պատգամավորը:

Դավիթ Իշխանյանի խոսքով՝ առկա խնդիրները Բակո Սահակյանի հրաժարականի համար բավարար հիմք չեն:

«Չկա մի երկիր, որտեղ դժգոհություններ չլինեն, բարձրագույն իշխանությունից չդժգոհեն: Մեր սոցիալ-տնտեսական վիճակն այդպիսին չէ, որ հերքենք խնդիրների առկայությունը: Այս ամենով հանդերձ չկան բավարար հիմքեր երկրի նախագահի հրաժարականի համար: Մենք պետք է հաշվի առնենք այն, որ երկրի նախագահը բավարար հիմքեր է ստեղծել տնտեսական աճի ապահովման, սոցիալական մի շարք հիմնախնդիրների հանգուցալուծման համար:

Չպետք է մոռանալ, որ Արցախի ժողովրդի համար ամենամեծ խնդիրը անվտանգության հիմնահարցն է, ինչի տեսանկյունից նախագահի կեցվածքն իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում հնարավորություն է տվել չեզոքացնելու մի շարք հավանական ու հնարավոր զարգացումներ, որոնք կարող էին մեզ համար ճակատագրական լինել»,- շեշտեց Դ. Իշխանյանը:

Տպել Տպել