Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա

Ընտրությունների ժամանակ այս կամ այն բարեգործությունն անել ասվածը մենք արդեն տեսել ենք ու հասկացել, որ դա չարաշահվում է և օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը և դրա շուրջ բարձրացած աղմուկին:

«Դրա դեմ, այո, պետք է պայքարել: Կարծում եմ՝ բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա, քանի որ բարեգործությունն այն է, որ անում ես, բայց փոխարենը որևէ բան չես ակնկալում»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորը, խոսելով նախագծին դեմ արտահայտվողների մասին, նշեց, թե ինքը բերված փաստերը մանրամասն չի ուսումնասիրել և հստակ չի կարող գնահատել: Միևնույն ժամանակ շեշտեց, թե իր գնահատմամբ՝ ՀՀ-ում բարեգործության դաշտն իսկապես պետք է կարգի բերել:

«Ես դեմ արտահայտվողների արգումենտացիան խորը չեմ ուսումնասիրել, բայց որ հարց կա և այդ դաշտը պետք է կարգավորվի, դրա անհրաժեշտությունը տեսնում եմ»,- շարունակեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք օրենքի նախագիծը «հալածում է» բարեգործներին, ՀՅԴ խմբակցության ղեկարարը հայտարարեց, թե եթե խնդիրներ կան օրինագիծը հղկելու հետ կապված, ապա ինքը դեմ չէ:

«Բարեգործության մասին օրինագիծը նպատակ ունի հստակեցնել, որ բարեգործությունը լինի հենց բարեգործություն, որ բարեգործը պետք է որևէ շահույթ, շահ, նպատակ չհետապնդի, սա է հարցը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել