«Ապառաժ»-ի խմբագրական. Սթափվե՛նք

Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կհասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականություն դառնալու ճանապարհին բախվեց անսպասելի արձագանքի:

Արցախում քաղաքական պահանջների դրսեւորումները սկսեցին պարզ կենցաղային վեճի եւ ծեծկռտուքի հետեւանքով: Սակայն մեր քաղաքական համակարգը չկարողացավ դիմակայել դրան, եւ արագ լուծումներ գտնել ժողովրդի դժգոհությունը պետական մակարդակով քննարկելու, լուծումներ առաջարկելու եւ գործնական արդյունքների հասնելու ուղղությամբ: Գործնականում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ականատես եղանք, որ պետական համապատասխան մարմինները չեն կրում պատասխանատվության իրենց չափաբաժինը երկրի կառավարման գործում:

Ականատեսը եղանք, թե ինչպես Արցախի Ազգային ժողովում պատգամավորները խոստովանեցին, որ չեն զբաղվում իրենց առաքելությամբ, եւ մինչեւ իսկ խոստովանեցին, որ այսքան տարիներ անգործության է մատնվել Ազգային ժողովը: Մի ներկայացուցչական ժողով, որը պետք է դառնա երկրում գոյություն ունեցող մտահոգությունների եւ խնդիրների քննարկման ու լուծումների առաջադրման հարթակ:

Իսկ այս բոլոր երեւույթները գալիս են ապացուցելու, որ տարիներ շարունակ դաշնակցության կողմից հնչեցաված պետական համակարգում տիրող մտահոգությունները առարկայական են: Հարցը վերաբերվում է քաղաքական պատասխանատվությանն ու կուսակցությունների դերի բարձրացմանը:

Դեռեւս 2 տարի առաջ առիթ ունեինք ինչ-որ ձեւով նախադրյալներ ստեղծել Արցախում քաղաքական պատասխանատվության գերկենտրոնացված համակարգի տրոհման համար: Բայց, գործնականում ընդունվեց մի Սահմանադրություն, որտեղ ավելի կենտրոնացավ պատասխանատվության հարցը:

Կուսակցությունները պետք է լինեն հասարակության մեջ նույն գաղափարը կրող անհատների համախմբման միավորումներ, որտեղ պետք է հասարակության մեջ գոյություն ունեցող մտահոգություններն ու խնդիրները ձեւակերպվեն եւ դրանց ուղղությամբ լուծումներ առաջադրվեն: Իսկ այդ լուծումների իրականացման համար պետք է պատասխանատվություն կրեն հենց կուսակցությունները, որոնք որպես իշխանություն կամ ընդիմություն ներգրաված են պետական համակարգում: Այսպիսով՝ կուսակցությունները դառնում են պետություն-հասարակություն կապող օղակներ:

Այս գործելաոճը խեղաթյուրվելու կամ ոչ լիարժեք կիրառվելու դեպքում՝ վաղ թե ուշ քաղաքական համակարգը դեմ հանդիման է կանգնում անգործունակության:Իսկ այդ անգործությունը վերջին հաշվով վնասում է թե՛ պետությանը ու թե՛ երկրի հեղինակությանը: Իսկ նման դեպքերում հասարակությունը գտնում է ելքեր: Համակարգեր են ստեղծվում պետական համակարգից անկախ, որոնք հավակնում են դառնալ հասարակության խոսնակը, խնդիրներ լուծողը եւ «փրկիչը»: Իսկ այդ ոչ պետական համակարգերից պատեհապաշտները ու այլ նպատակներ որոնող անհատները բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով փորձում են օգուտներ քաղել:

Ստեղծված կացությունը պետք է սթափեցնի բոլորին: Պետական համակարգը չի կարող այս կամ այն հոսանքի ու խմբավորման կամայականությամբ սասանվել: Իսկ այդ սասանումը կարելի է կասեցնել, երբ յուրաքանչյուր մարմին, յուրաքանչյուր քաղաքական միավոր եւ, ի վերջո, յուրաքանչյուր անձ պետության հանդեպ զգա իր պատասխանատվությունն ու հանձնառությունը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 19 հունիս, 2018թ.

aparaj.am

Տպել Տպել