ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններին

ԱԺ-ում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերի քննարկումը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և նշեց, որ այսքան ժամանակ պատգամավոր է, բազմաթիվ միջնորդություններ են եղել, որ քննարկվել են Աժ-ում, բայց սրա նմանը չի եղել: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է, և այն դեպքն է, որ փաստերը ճչացող են ու սահմռկեցուցիչ, և այս ամեն ինչի հետ կապված ընդհանուր հասարակական արձագանքն էլ արդեն ակնհայտ է: «Սա խայտառակություն է և սրբապղծություն»,- ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ պետք է մտածեն` ինչպես պետք է վերացնեն դրա հետևանքները: «Սա է մեր հիմնական անելիքը: Որ վերականգնենք մեր ազգային արժանապտվությունը, մեր Ազատամարտի ձեռք բերած դարակազմիկ նվաճումները, և որևէ մեկին թույլ չտրվի այս ամենն օգտագործել դա նսեմացնելու համար: Մենք պարտավոր ենք վերագտնել կորցրած այն հարվածները, որն այս դեպքի պատճառով մենք ստացել ենք, սա վերականգնել է պետք: Պետք է մեր բոլոր խնդիրներն ուղղված լինեն, որ բացահայտումները կատարվեն հնարավորինս արագ, լիարժեք և ամբողջական: Սա է, որ մենք պետք է ակնկալենք այսօրվա արդարատդաությունից»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով՝ բոլորս պետք է նպաստենք, որ այդ բացահայտումները լինեն սպառիչ բոլորի համար, որ այլևս այսպիսի բան մեր պատմության մեջ բացառվի:

«Հարվածներ ցանկացած ազգ և պետություն ստանում է, բայց ցանկացած ազգի և պետության բարձր մակարդակը կայանում է նրանում, որ նա կարողանում է ոտքի կանգնել, սխալնեը շտկել և առաջ գնալ»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ սա այն դեպքն է, որ չկան տարբեր ճամբարներ. «Բոլորս էլ հասկանում ենք հարցի լրջությունը և հասկանում ենք մեր պատասխանատվությունը: Բնականաբար, երկու միջնորդություններին էլ ՀՅԴ-ն կողմ է լինելու»,- եզրափակեց նա:

Տպել Տպել