Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանությունը որպես ուրվական հետապնդելու է թուրք ժողովրդին

Թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. Լռություն, ժխտում եւ ուծացում» աշխատությունը հայերեն թարգմանվել է դեռ երկու տարի առաջ։

Այսօր, հունիսի 19-ին, արդեն գրքի հեղինակի մասնակցությամբ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում, տեղի ունեցավ հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը:

«Ինչքան էլ փորձեն ժխտել Հայոց ցեղասպանությունը, այն որպես ուրվական շարունակելու է հետապնդել թուրք ժողովրդին», – ասաց Թաներ Աքչամը։

Պատմաբանի գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Առաջին մասում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:

Եւ վերջին՝ երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը՝ 1915-1918 թթ.: Աքչամը պատմությանը քիչ ուսումնասիրված այս երևույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Պատմաբանը Թուրքիայի ժողովրդավարական և ներքին խնդիրները կապում է Հայոց ցեղասպանության հետ։ Աքչամի կարծիքով Թուրքիայի կողմից միայն ներողություն խնդրելը բավարար չէ։ Պետք է փոխհատուցման մեխանիզմներ մտածել, սակայն այդ մասով դժվարանում է որևէ հստակ բան ասել:

«Ոչնչացրածը նույնությամբ վերադարձնելն անհնար է։ Ես չեմ կարող պատասխանել թե ինչ պետք է լինի փոխհատուցման չափանիշը։ Այս հարցը պիտի քննարկվի երկու պետությունների միջեւ։ Երանի թե արդեն այդ թեմային հասած լինեինք եւ քննարկման առարկան դա լիներ», – նշեց Աքչամը։

Գիրքը թարգմանվել և հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Թարգմանիչը թուրքագետ Մելինե Անումյանն է, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագետ Հայկազուն Ալվրցյանը․

«Երկու տարի առաջ ես հրատարակեցի իմ հեղինակած «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» գիրքը, ինչից հետո տեղեկացա Աքչամի այս աշխատության մասին, որը փաստերով հարուստ է։ Դրանից հետո ես եւ թարգմանիչն անմիջապես ձեռնամուխ եղանք գրքի թարգմանությանը»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը։

Գիրքը վաճառքի ենթակա չէր, բաժանվել է անվճար։ Ալվրցյանի խոսքով, 1000 տպաքանակը մեծ արագությամբ սպառվել է։ Հեղինակին անձամբ Հայաստանում չէին սպասում, սակայն քանի-որ պատմաբանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավերով Հայաստանում է, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնն օգտվելով առիթից կազմակերպեց գրքի շնորհանդեսը։

Գիրքը թարգմանվել և տպագրվել է «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների: Գրքի թարգմանության և հրատարակության գաղափարն իրականացվել է Գերաշնորհ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ջանքերի շնորհիվ։

Նանե Հայրապետյան

arfd.info.am

Տպել Տպել