Պատմական զուգահեռներ. «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.)» գրքի շնորհանդեսը Մոսկվայում

ArgumentiIFaktiՄոսկվայում, «Արգումենտի ի ֆակտի» գործականության լրատվական կենտրոնում դեկտեմբերի 6–ին տեղի ունեցավ ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.)» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը տեղի ունեցավ «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագրի շրջանակներում` «Կովկասագետների գիտական ընկերության» և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ, խմբ.) համատեղ կազմակերպմամբ: Գիրքը առաջին անգամ ներկայացնում է համակողմանի գիտական վերլուծություն Հայաստանի Հանրապետության և բոլշևիկյան հեղաշրջումից հետո Ռուսաստանի տարածքում առաջացած պետական կազմավորումների` Դենիկինի, Կոլչակի և Լենինի Ռուսաստանների միջև հարաբերությունների մասին:

Գեղամ Պետրոսյանի գրքում հստակ երևում են զուգահեռներ այսօրվա իրավիճակի հետ

«Գեղամ Պետրոսյանի հետազոտությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում պատմագրության և ժամանակակից քաղաքականության համար, – բացելով շնորհանդեսը, նշեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: – Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև գորյությունը պատմաբաններին և դիվանագետներին շատ հետաքրքիր դասեր է մատուցում»: Պատմագրությունում մինչ օրս էլ գոյություն ունեն որոշակի կարծրատիպեր այն ժամանակվա Հայաստանի կառավարության վարած արտաքին քաղաքականության նկատմամբ, որոնցից մեկն էլ այն թեզն է, թե Հայաստանի ղեկավարությունը չէր ցանկանում բարեկամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ փուլում Ռուսաստանը ներքաշված էր ներքին հակասությունների մեջ, իսկ նրա տարածքում նվազագույնը երեք պետական կազմավորումներ կային: «Այս ամենը արխիվային նյութերի հիման վրա անկողմնակալ կերպով հետազոտել է պրոֆեսոր Պետրոսյանը, մեծ զգուշությամբ մոտենալով փաստերին, – շարունակեց Նավոյանը: – Նախ պետք է ուսումնասիրել փաստերը, հետո նոր հետևություններ անել, որոնք կարող են քաղաքական որոշումների ընդունման հիմք հանդիսանալ: Այս իմաստով հեղինակի հետազոտությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից ռուսաստանյան և հայկական դիվանագիտության համար և լուրջ ներդրում է տարածաշրջանի հիմնախնդիրների ուսումնասիրման գործում»:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պատմական անհրաժեշտություն են արդեն մի քանի հարյուր տարի, նշեց Յուրի Նավոյանը: Դա հասկանում էր նաև Առաջին Հանրապետության ղեկավարությունը և գրքում դա նկարագրված է: Ցավոք, այն ժամանակ հարաբերություններ այդպես էլ չհաջողվեց հաստատել, որովհետև Ռուսաստանում հաղթեցին բոլշևիկները: «Նրանք ռազմա-քաղաքական դաշինք կնքեցին Աթաթյուրքի հետ` կործանումից փրկելով Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիային, – հիշեցրեց Նավոյանը: – Դրանով իսկ Հայաստանի ճակատագիրը արդեն որոշված էր 1920 թ. ապրիլին»:
«Կովկասագետների գիտական ընկերության» նախագահ, պատմական գիտույունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը բավականությամբ նշեց, որ Գեղամ Պետրոսյանի գիրքը հրատարակված է ռուսերենով, ինչը նրա կարծիքով վկայում է այն մասին, որ Հայաստանը անկախ պետություն լինելով հանդերձ հանդիսանում է ռուսական աշխարհի մի մասը: «Այս գիրքը օգտակար է և’ ռուս և’ հայ մտածող հանրության համար», ընդգծեց խոսնակը: Այս հիմնարար աշխատանքը նշանակալի ավանդ է ոչ միայն հայկական, այլ նաև ռուսաստանյան և համաշխարհային գիտության մեջ: «Ես համաձայն եմ հեղինակի հետ, ով հայտարարում է, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Առաջին Հանրապետության նման իրավիճակում. հանրապետության երկու հարևանների կողմից իրականացվող շրջափակումը դժվարացնում է նրա զարգացումը, – նշեց Կռիլովը: – Պատմությունը կրկնվում է և շատ կարևոր է նրանից դասեր քաղելը: Ակնհայտ է, որ գիրքը այդ իմաստով շատ օգտակար է»:

Նախորդ դարի սկզբին, ճակատագրի բերումով հայ ընտրանուն վիճակված էր գործել այն ծայրահեղ թշնամական շրջապատի և աշխարհաքաղաքական մրցակցության այն խաղացողների պայմաններում, ովքեր այսօր էլ որոշակիորեն պահպանում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի և Հյուսիսային Կովկասի նկատմամբ, նշեց Սևծովյա-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտույունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը: «Այսօր շատ ակնակներ ենք լսում այն մասին, որ Հայաստանը չափազանց շատ ուշադրություն էր դարձնում Անտանտին, այլ ոչ թե Ռուսաստանի հետ կապերին, – նկատեց խոսնակը: – Բայց դրա մասին հեշտ է խոսել յոթանասուն տարի անց: Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսական կայսրությունը իր ահռելի ներուժով հանդերձ փլուզվեց կարճ ժամանակի ընթացքում: Իսկ ու՞ր էր նրա հանճարեղ ընտրանին: Ինչպե՞ս նա արձագանքեց այն մարտահրավերներին, որոնց հետ բախվեց Ռուսաստանը քսաներորդ դարի սկզբին: Այստեղ նույնպես շատ հարցեր կան»: Արեշևի կարծիքով, ակնարկները միայն Հայաստանի հասցեին անտեղի են:
Արտատարածաշրջանային ուժերը` Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան նախանձելի շարունակականությամբ են կառուցում իրենց քաղաքական քայլերը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք աշխատում Հարավային Կովկասի անկախ պետությունների ընտրանու հետ: Մենք տեսնում ենք եվրոպական տարբեր կառույցների ակտիվությունը Հայաստանում: Սա տարբեր փուլերում որոշակի պատմական օրինաչափությունների վերարտադրություւն է», կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը:
Շատ կարևոր է, որ Ռուսաստանը իմանա և հստակ որոշի իր տեղը այդ գործընթացներում, հասկանալով, որ Կովկասը` Հյուսիսային և Հարավային, մեկ միասնականություն է: Ռուսաստանը չի կարող հեռանալ այնտեղից և չմասնակցել Կովկասի գործերին նախ և առաջ այն պատճառով, որ դրանք իր ներքին քաղաքականության և իր պահպանման հարցերն են, համարում է Արեշևը:

Հեղինակը պետք է շարունակի հետազոտությունը և գրի երկրորդ հատորը

ԱՊՀ ինստիտուտի բաժնի պետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը համարում է, որ գիրքը շատ հրատապ նշանակություն ունի ոչ միայն պատմական, այլ նաև գործնական տեսանկյունից: Բանավեճը, որ ինտերնետում ընթանում է Կովկասում Ռուսաստանի քաղաքականույան վերաբերյալ, միշտ հանգում է 1918-1921 թթ: Այդ բանավեճի հիմքում այն է, որ Հայաստանը տուժել է Ռուսաստանի պատճառով: «Դա արվում է նրա համար, որ քողարկվի Արևմուտքի դերը, որը Հայաստանին հրապուրեց Սևրի պայմանագրով, ինչը այդպես էլ չիրականացվեց, – կարծիք հայտնեց Ալեքսանդրովը: – Դա արվում է նրա համար, որ Մերձավոր Արևելքում և Կովկասում ներկայումս ծավալված աշխարհաքաղաքական պայքարում Հհայաստանը հեռու մնա Ռուսաստանից»:
Բոլշևիկյան շրջանի նյութերի ուսումնասիրությունը շատ կարևոր է, որպեսզի գիտական տեսանկյունից հասկանալ, թե ով ինչ դիրքորոշում է ունեցել և ով ինչ սխալներ է թույլ տվել: Գրքում լավ հիմք է դրված այդ խնդիրների լուրջ ուսումնասիրման սկզբի համար:
Միաժամանակ, գիրքը կարող է նկատվել իբրև առաջին հատոր, որովհետև ամենահետաքրքիրը սկսվեց 1921 թ., համարում է Ալեքսանդրովը: Նրա կարծիքով, պետք է նայել Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ թե’ բոլշևիկյան կառավարության և թե’ հայկական կողմի որոշումների ընդունման ողջ հոլովույթը: Հեղինակը պետք է շարունակի հետազոտությունը և գրի երկրորդ հատորը 1921 թ. վերաբերյալ, նման կարծիք հայտնեց ԱՊՀ ինստիտուտի բաժնի պետը:
«Ռուսաստանն այն ժամանակ գտնվում էր համաշխարհային հեղափոխության գաղափարախոսության ազդեցության տակ և ձգտում էր ի դեմս Թորքիայի դաշնակից ձեռք բերել, – հայտնեց Ալեքսանդրովը: – Թուիրքիան դրանից հմտորեն օգտվեց` խոստանալով համատեղ պայքար մղել Անտանտի դեմ: Բայց, որքան էլ որ խորամանկ էին բոլշևիկները, թուրքերը կարողացան խաբել նրանց: Թուրքերը օգտվեցին բոլշևիկների աջակցությունից, իսկ հետո հրաժարվեցին այդ դաշինքից»:
Այսօր էլ է գերակշռում այն տեսակետը, թե Թուրքիային տարբեր տնտեսական ծրագրերում ներառելով կարելի է ազդել նրա արտաքին քաղաքականության վրա: «Նախորդ դարի իննսնական թվականներից բավական ժամանակ է անցել հասկանալու համար, որ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվում, – համարում է քաղաքագիտության դոկտորը: – Թուրքիան ակտիվորեն խախտում է 1921 թ. Մոսկվայի պայմանագիրը, որով սահմանվել են ազդեցության գոտիները և որով Կովկասը անցել է Ռուսաստանին»:

Իննսնականների սկզբից Թուրքիան սկսել է առանց խոչընդոտի խառնվել Կովկասի գործերին: Ալեքսանդրովը վստահ է, որ եթե Թուրքիան չխառնվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կողմերը արդեն համաձայնության եկած կլինեին: Նույն Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի անզիջում կեցվածքը, թուլ չի տալիս, որ Հայաստանը նորմալ զարգանա:

Դրանից բացի Թուրքիան խրախուսում է «չերքեզական հարցի» քննարկմանը, ռուսաստանյան տարածաշրջաններում սալաֆիտական իսլամ է տարածում, նպաստում է ահաբեկչական ակտիվությանը Կովկասում, Թաթարստանում և Բաշկիրիայում: «Թուրքիայի ոչ մի բարեկամական քաղաքականություն չունի Ռուսաստանի նկատմամբ, – համարում է Միխայիլ Ալեքսանդրովը: – Թուրքիան հաճույքով օգտվում է բոլոր արտոնություններից, չփոխելով հանդերձ իր քաղաքականությունը»:

ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը պրոֆեսոր գեղամ Պետրոսյանի գրքում քննվող բարդ շրջանը անվանեց մի փուլ, երբ «բոլորը պատերազմում էին բոլորի դեմ»: Այսօր տարածաշրջանի քաղաքականության վրա ազդում են երկու ուժեր` Արևմուտքն ու Ռուսաստանը: Դրանող հանդերձ, Սկակովի կարծիքով, Հայաստանը նույնպես կարող է ազդել իրավիճակի վրա: «Այժմ Հայաստանի դիրքերը ավելի լավ են, քան այն ժամանակ: Կա ռազմական դաշինք Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև մեզ կապող մի շարք այլ գործոններ: Ռուսաստանում մեծ է հայ համայնքի ազդեցությունը: Պետք է որոշումներ ընդունել: Քաղաքականությունը խաղ է: Որպեսզի տանուլ չտրվի մեր երկրների կյանքի և գոյություն ունենալու իրավունքը, պետք է խաղալ սովորել», կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Ազգային ռազմավարության հարցեր» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը համարում է, որ Գեղամ Պետրոսյանի` պատմության մասին գիրքը արթնացնում է մարդկանց միտքը: «Ողջունելի է, երբ լավ փաստական հիմքով գիրք է լույս տեսնում»: Շատ լավ է, որ այդ դժվար փուլը ուսումնասիրում են ոչ միայն քաղաքագետները, ովքեր սիրում են իրենց մտածածին սխեմաները մտցնել պատմության հյուսվածքում, այլ մարդիկ, ովքեր չեն ձգտում փաստերը շուռ տալ ի նպաստ իշխող խմբերի` լինեն դրանք ռուաստանյան թե հայկական, համարում է Կուրտովը: «Կարծում եմ, որ հենց դրանում է այս գրքի ամենամեծ արժեքը և այն, անկասկած, կգտնի իր ընթերցողին, – վստահ է ռուսաստանյան առաջատար ինստիտուտի ամսագրի գլխավոր խմբագիրը: Հայաստանն ու Ռուսաստանը մնում են երկրներ, որոնք գնահատում են գիրքը, մարդկային միտքն ու հեղինակներին, ովքեր մեծ ժամանակ են հատկացնում գրքեր գրելուն»:

Գեղամ Պետրոսյան. մենագրության ռուսերեն թարգմանությունը պայմանավորված է կեղծարարներին հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մասին անհերքեկի փաստերի ներկացացմամբ

Կեղծարարները աննախադեպ ակտիվություն են ծավալել, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներն ու ծախսելով հսկայական գումարներ շքեղ գրքեր հրատարակելու և դրանք Ռուսաստանում ու այլ երկրներում տարածելու վրա: Այս հանգամանքը Գեղամ Պետրոսյանին դրդել է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մասին կեղծարարներին անհերքելի փաստեր ներկայացնելու:
«Հայոց պատմության կեղծարարությունը հայ ժողովրդի մասին բացասական կարծիք է ձևավորում: Դա ոչ միայն վրդովմունք է առաջացնում, այլ նաև հղի է վտանգավոր հետևանքներով», գտնում է հեղինակը: Հակահայ հիստերիայի արդյունքում խնդիրներ են առաջանում Հայաստանի ազգային անվտանգության համար, դրա համար էլ նա որոշել է թարգմանաբար իր աշխատությունը ներկայացնել ռուսաստանյան ընթերցողին: «Իմ մենագրությունում հարկ չեմ համարել հիշատակել պատմության կեղծարարներին, այլ շարադրել եմ ողջ պատմական ճշմարտությունը` հիմնված արխիվային անհերքելի փաստերի վրա»: Հեղինակը երկար տարիներ աշխատել է Մոսկվայի և Հայաստանի արխիվներում: «Ես նպատակ եմ դրել անկողմնակալ կերպով ներկայացնելու փաստերը, որովհետև պատմությունը չպետք է խմբագրել, այլ հղում կատարել նրա վրա», ընդգծեց Պետրոսյանը:

Ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացությանը, որ Հայաստանի Առաջին և Երկրորդ հանրապետությունների միջև շատ ընդհանրություններ կան, պատմությունը կարծես թե կրկնվում է: Այսօր քաղաքական ասպարեզում Հայաստանը բախվում է նույն հակառակորդների և բարեկամների, դիվանագիտական նույն խնդիրների հետ` ինչպես և նախկինում: Փոխվել է միայն ժամանակը, բայց չի փոխվել հարևանների ռազմավարությունն ու մարտավարույունը: Դրա համար էլ Առաջին Հանրապետության դասերը այսօր չափազանց կարևոր են: «Մենք պետք է սովորենք մեր սխալների վրա: Հայկական դիվանագիտությունը պետք է հասկանա, թե որն է իր գլխավոր խնդիրը: Մեր խնդիրը, իմ կարծիքով, հանդիսանում է Հայաստանի ազգային անվտանգության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ապահովումը», իր տեսակետը հայտնեց մենագրության հեղինակը: «Լրագրողները ինձ հաճախ են հարցնում, թե դեպի ու՞ր է ուղղված Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը: Հարավային Կովկասում բախվում են երկու գերտերությունների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը: ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում իր ունեցած հարցերը լուծել Թուրքիայի օգնությամբ: Կարիք չկա բացատրելու, թե դա մեզ համար ինչ վտանգներով է հղի: Այնպես որ Ռուսաստանը մեր վստահելի ռազմավարական դաշնակիցն ու մեր անվտանգության երաշխավորն է», եզրափակեց Գեղամ Պետրոսյանը:

Շնորհանդեսի ավարտին պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան էթնոլոգիայի և մարդաբանության ինստիտոտի առաջատար գիտաշխատող Ալլա Տեր-Սարգսյանցը «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության գրադարանին հանձնեց աշխարհի ժողովուրդների մասին հիմարար շարքի «Հայերը» հատորը: Ա. Տեր-Սարգսյանցը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հայեր մասին այս ինքնատիպ հատորի համահեղինակներից ու խմբագիրներից է: «Ժողովուրդներ և մշակույթներ» շարքը ՌԴ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան էթնոլոգիայի և մարդաբանության ինստիտոտը «Նաուկա» հրատարակչության հետ միասին իրականացնում է 1992 թվականից: Հայկական գրքի տպագրության հինգհարյուրամյակի տարում Մոսկվայում «Հայերը» հատորի լույս ընծայումը ունի մեծ մշակութային, հասարակական ու խորհրդանշական իմաստ և նշանավորում է Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ու գիտնականների վաղեմի մշակութային կապերը: Այս հատորի ստեղծմանը մասնակցել են հիսուն հեղինակներ` երկուսը Մոսկվայից և քառասունութը Հայաստանի տարբեր գիտական հաստատություններից: Գրիքը հայերի ծագման, էթնոքաղաքական պատմության, կրոնի, առասպելների և տոների մասին է:

Հարկ է ավելացնել, որ հատուկ իր գրքի շնորհանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի, ինչպես նաև շնորհանդեսին մասնակից քաղաքագետների համար անհասկանալի էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների բացակայությունը միջոցառմանը (իսկ դեսպանությունը հրավիրված էր), այն դեպքում, երբ քննարվող թեման վերաբերվում էր հայկական պետականության կայացման փուլին և ժամանակակից քաղաքական ու դիվանագիտական գործընթացներին:

Ելենա Խրուստալևա
«Արգումենտի ի ֆակտի»
2012թ. դեկտեմբերի 11

Տպել Տպել