«ԱՊԱՌԱԺ»ի խմբագրականը. Կրկին պարտադրանքի առջեւ

armenia_map_eng
Ուժային բեւեռներն աշխարհում միշտ էլ առկա են: Դերակատարները տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են, դերերը նույնն են մնացել:

Աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական ուժային նոր կենտրոնի` Եվրասիական միության ստեղծման շուրջ առաջիկա տարիներին լուրջ ՙտեղաշարժեր՚ են սպասվում տարածաշրջանում:

Դեպի անխուսափելիություն տանող ճանապարհին` Եվրամիություն, թե Եվրասիական միություն կողմնորոշումը Հայաստանին եւս մեկ անգամ հիշեցնում է իր ինքնուրույնության բացակայության վտանգի մասին:

Խնդիրը ոչ այնքան այս կամ այն կողմ գնալու մեջ է, որքան երկրի հստակ եւ ինքնուրույն` ազգային գաղափարախոսության վրա հիմնված պետական քաղաքականության բացակայության մասին է: Հենց նշվածի բացակայությունն էլ ստիպում է նման իրավիճակում կողմորոշվել` ոչ թե հիմնված ազգային շահի, այլ` նվազագույն կորստի կամ անձնական շահի գիտակցումով:

Գլոբալ անցուդարձները փոքր պետությունների վրա միշտ ազդեցություն են ունեցել: Սակայն ապացուցված բազմաթիվ օրինակներ կան, երբ փոքր ածուները շահած են դուրս եկել աշխարհաքաղաքական նման գործընթացներից:

Պատճառը մեկն էր` ազգային, ժողովրդի կամարտահայտությամբ ծնված իշխանությունները հստակ են եղել իրենց քաղաքակության մեջ` ժողովրդին ունենալով իրենց թիկունքում:
ՀՀ-ի առջեւ ծառացած այս ընտրությունը ջրի երես են հանում այն խնդիրները, որոնք կուտակվել էին անցած 20 տարիների ընթացքում:

Աշխարհաքաղաքական եւ, առհասարակ, որեւէ երկրի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել ազգային շահով:

Բնության եւ բանականության օրենքն ուժի վերաբերյալ անբեկանելի է. եթե հզոր ես` հարգում են, եթե թույլ ես եւ խնդրում ես` օգտագործում են ամեն կերպ:
Այս ամենի արտացոլանքը երեւում է տվյալ երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ:

Արտաքին քաղաքականության մեջ առավելապես պետք է լինել անզիջում եւ առաջնորդվել ազգային շահով:

Հարեւան Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ այնքան հստակ եւ կազմակերպված է գործում, որ իրեն արդեն թույլ է տալիս ոտնահարել միջազգային իրավունքները եւ օրենքները: Եվ մենք ականատես ենք լինում, որ գործնական որեւէ պատիժ չի կրում միջազգային հանրության կողմից:

Իսկ Հայաստանում ավանդույթ է դառնում գրեթե ամեն քայլ ՙհամահունչ՚ դարձնել միջազգային հանրության տեսակետի հետ:

Այդ երբ դառանք այդքան ՙհամամոլորակային՚` երբ երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ուղղակի ազգային անվտանգության նշանակություն ունեն:

Ազգային կրթությունն անվերապահորեն ստանդարտացվում է եվրոպական համակարգին, իսկ տնտեսությունը բազմաթիվ թելերով ոչ թե կապված, այլ կախված է Ռուսաստանի տնտեսական համակարգից: Սա արդեն բարեկամություն չէ, սա կցորդի կարգավիճակ է: Բարեկամություն անում են միմյանցով շահագրգռված կողմերը, որի գինը ձեռնտու է երկու կողմերին էլ:

Առաջիկա տարիներին Հայաստանը կանգնելու է լուրջ ընտրության առջեւ: Որքա՞ն կարժենա Եվամիություն կամ Եվրասիական միություն կողմորոշվելու` Հայաստանի եւ, առհասարակ, հայության վճարելիք գինը:

«ԱՊԱՌԱԺ»-ի խմբագրական

Տպել Տպել