Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի փոխդեսպանի և GIZ-Հայաստանի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերի և GIZ-Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ GIZ Armenia-ի տարածաշրջանային տնօրեն Անն Քեմփայի գլխավորությամբ։

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել համատեղ շարունակական աշխատանքի և Հայստանին Գերմանիայի կառավարության աջակցության համար։ Իրենց հերթին հյուրերը շնորհավորել են նախարարին պաշտոնում նշանակման կապակցությամբ, պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրականացվող ծրագրերը, նաև խոսել են նոր աշխատանքների նախանշման մասին։

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրին, «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում սիրիահայերի տնտեսական ինտեգրման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված աշխատանքներին:

Վերջինիս հետ կապված գերմանական կողմը հայտնել է, որ ծրագիրը կունենա շարունակություն տարածաշրջանային մակարդակով։ Նախարարին է ներկայացվել գերատեչության հետ բոլոր ծրագրերով իրականացված աշխատանքը։ Խոսվել է ձեռներեցության կարողությունների խթանման և զարգացման գործընթացներին աջակցության մասին, կարևորվել է պետություն-մասնավոր հատված երկխոսությունը։ Գերմանացի մասնագետները նշել են, որ աջակցություն են ցուցաբերելու պետական և մասնավոր հատվածին ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության նպատակով՝ խթանելով նորարարության և ձեռներեցության ոլորտի զարգացումը։ Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման առաջնահերթությունները։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են նոր թափով աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել