Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումը չեղարկելն անխոհեմ քայլ կլինի

«Արամ Մանուկյանի արձանի բացումն այլընտրանք չունի» քաղաքացիական նախաձեռնության հրավերով բազմաթիվ մարդիկ այսօր, ի աջակցություն Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման, հավաքվել էին Արամ Մանուկյանի արձանի մոտ, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակում»:

«Բազմաթիվ քաղաքացիներ անհանգստացած են արձանի տեղադրման և պաշտոնական բացման շուրջ ստեղծված ինչ-որ առումով արհեստական և ուշացած աղմուկի կապակցությամբ: Ի աջակցություն Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման և հանուն համազգային պետականության կերտման գործում ունեցած նրա առանցքային դերի արժեվորման, եկել ենք այստեղ` ոգեկոչելու, հիշատակելու Արամ Մանուկյանի գործը և իր անձի միջոցով առաջին հանրապետության հիմնադիր բոլոր արեյրերին արժեվորելու իբրև մեր պետականության իրական արժեք»,- ասաց նախաձեռնության անդամներից Սևակ Նազարյանը:

Նազարյանը նկատեց, որ Արամ Մանուկյանի արձանի ստեղծման և տեղադրման համար տարիներ շարունակ տարբեր շրջանակներ իրենց ձայնն են բարձրացրել, փորձել են միշտ Արամ Մանուկյանին արժեվորել` նրա արձանի տեղադրման միջոցով, տան վերականգնման միջոցով, սակայն, նրա խոսքով, միշտ և միշտ դրանք մնացել են անարձագանք: «Այսօր մենք ստացել ենք, կարելի է ասել, պատմական այդ հնարավորությունը, որովհետև այն տեղի ունեցավ անկախության վերականգնումից 100 տարի անց: 100 տարի անց մենք վերջապես կարողացանք կանգնեցնել մի մարդու արձանը, ում պարտական ենք մեր հայրենիքի կերտման, մեր անկախության և պետականության գոյության համար: Սովետական միության տարիներին անհնար էր Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, սակայն անկախությունից 28 տարի անց, նրա արձանն արդեն իրողություն է»,- շեշտեց նա:

Ըստ նրա` բոլորն իրենց սուբյեկտիվ կարծիքները պետք է մի կողմ դնեն, խոնրահվեն Արամ Մանուկյանի հիշատակի, նրա գործի առաջ. «Պետք է թույլ տալ, որպեսզի նոր սերունդը, որն այսօր քայլելու է այս փողոցներով, միշտ տեսնի Արամի արձանը և հպարտանա դրանով, որ հասկանա, որ նա կրողն է մի արժեհամակարգի` պետական բարձր գաղափարախոսության, որի առաջամարտիկներից մեկն էր Արամը»: Նա նշեց, որ Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումն այլընտրանք չունի:
Նախաձեռնության անդամներից պատմաբան Խաչատուր Ստեփանյանն էլ նախ համառոտ ներկայացրեց Արամ Մանուկյանի պատմական կերպարը, նրա դերը մեր պատմության և պետականության կերտման գործում: «Շատ ժողովուրդներ չունեն Արամ Մանուկյանի նման ազգային հերոսներ, պետական գործիչներ և ստեղծում են մտացածին կերպարներ, որոնց շուրջ էլ ստեղծում են գաղափարախոսություն: Մենք ունենք նման հերոս, բայց նման հերոսի արձան, ցավոք սրտի, Երևանում չունեինք,ինչը մեր բացթողումն էր: 27 տարվա պատմություն ունի մեր պետականությունը և մինչև այսօր Արամ Մանուկյանի արձան չկա»,- ասաց նա:

Պատմաբանը միաժամանակ նշեց, որ պետք է անցյալում թողնել, թե ինչու նախորդ 27 տարվա ընթացքում չի տեղադրվել Արամ Մանուկյանի արձանը: «Այսօր մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ տարբեր իրավական գործընթացներ անցնելուց հետո որոշվել է տեղադրվի Արամի արձանը, և ասյօր, պետական որոշ պաշտոնյաններ, ինչպես նաև պետական կառավարման մարմիններ փորձում են գտնել թերացումներ արձանի պաշտոնական տեղադրման մասին: Մեր կարծիքով արձանի տեղադրման գործընթացն անցել է բոլոր փուլերը. մրցույթ է հայտարարվել արձանի տեղի հետ կապված, ինչպես նաև ճարտարապետական մրցույթ է հայտարարվել, ինչի արդյունքում էլ ընտրվել է այս տարբերակը»,- ասաց նա:

Նրա խոսքով` իրենք չեն քննարկում արձանի գեղագիտական կողմը: «Արձանը կա, արձանը տեղադրված է և այսուհետ արձանի տեղադրման վայրի քննարկումները, արձանի պաշտոնական բացումը չեղարկելը հարիր չէ մեզ բոլորիս: Արամ Մանուկյայնը համապետական գործիչ է և արժանի է համազգային վերաբերմունքի: Նրա արձանը պետք է անպայման պաշտոնապես բացվի, նրա արձանով պետք է մեր նոր սերունդը ոգևորվի: Կասկածի տակ չդնելով ընդդիմադիրների խոսքերը` արձանը կարելի էր ավելի լավ տեղում դնել` հենց Հանրապետության հրապարակում, չի նշանակում, որ այս արձանի բացումը չպետք է լինի: Արձանը պաշտոնապես կբացվի, այս պահին ինչ ունենք այն պետք է արվի: Արձանի պաշտոնական բացման չեղարկելը այս պահին անխոհեմ քայլ կլինի: Մեր քաղաքացիական նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ արձանի պաշտոնական բացումը անպայման տեղի ունենա»,- եզրափակեց նա:

Ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Արամ Մանուկյանի արձանն ապամոնտաժելը նշանակելու է ավիրել այն: «Սա ապամոնտաժել հնարավոր չէ: Սա հանել չի լինի, պետք է ավերվի միակ տարբերակը դա է»,- ասաց նա:

Նրա կարծիքով` նորմալ է, որ մշակույթի նախարարությունը պետք է իր կարծիքը հայնտի, իր որոշումները կայացնի: «Բայց նման հայտարարությամբ հանդես գալը, ինչ-որ տրամադրության տակ ընկած վիճակում կամ քաղաքաշինության կոմիտեից հետ չընկնելու համար, դա մի քիչ, իմ կարծիքով, խելամիտ չէ»,- ասաց նա, ապա հավելեց. «Եթե մշակույթի նախարարության ներկայացուցիչը գալիս և հարցնում է` ինչով եք ներկել քարերը, նա ինֆորմացված չէ նույիսկ, որ այս քարերը բնական են գունավոր, դա խոսում է այն մասին, որ կարծիք են հայտնում լիարժեք ինֆորմացիա չունենալու պայմաններում»:

Նրա խոսքով` այդ հարցը հանրային քննարկման դնելու խնդիր չէ: «Մասնագիտական հանձնաժողովը պետք է նորից հիմնավորի, թե ինչու պետք է ապամոնտաժել, բոլորին համոզի, որ պետք է այստեղից ապամոնտաժել, ինչը նորից եմ կրկնում նշանակում է` ավիրել»,- ասաց նա:

Այս ամենից հետո հարց է առաջանում` պատկան մարմիններն արդյոք պատրաստ են ոչնչացնել Հայաստանի հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը:

yerkir.am

Տպել Տպել