Միջպետականին չեն հասել

ArsenHambarcumyan Դեռ քանի շաբաթ առաջ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, թե ՌԴ-ն ինչ-որ փաստաթուղթ է նախապատրաստում, որն առաջարկելու է Հայաստանին` ստորագրել:

Իսկ ահա դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում, «Եդինայա Ռոսիայի» նախաձեռնությամբ ստորագրվեց արձանագրություն, որին միացավ նաեւ Հայաստանը:

Այս փաստաթուղթը, որին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հաջորդելու է հուշագրի ստորագրումը 2013 թվականի հունվարին, ըստ էության, առաջին քայլն է Խորհրդային միությունը վերականգնելու ճանապարհին: Այսինքն, նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի հետ սկսել է մի գործընթաց, որը, ինչպես արդեն գրել ենք, կարող է ճակատագրական դառնալ մեր երկրի համար:

ՀՀԿ-ն այդ փաստաթուղթը չի հրապարակում եւ փորձում է տպավորություն ստեղծել, թե իրականում որեւէ լուրջ բան չկա սկսված գործընթացի տակ:

Վերոնշյալ արձանագրությունը ստորագրելուց հետո մյուս քաղաքական ուժերը եւս չեն շտապում տեսակետ հայտնել:

Այնինչ, օրերս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դուբլինում` մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանսում հայտարարեց, որ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ընդդիմադիր տրամադրությունների ճնշումը կարող է հանգեցնել այդ պետությունների խորհրդայնացման: Քլինթոնը նշել էր, թե խորհրդայնացման գործընթացը կարող է իրականացվել «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» անվանման տակ: «Գիտենք, թե նպատակը որն է, եւ փորձում ենք այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կանխարգելելու արդյունավետ միջոց գտնել»,- ասել էր Քլինթոնը:

ՌԴ-ի նախաձեռնությամբ սկսված գործընթացը կարող էր ՀՀ քաղաքական ուժերի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների քննարկման հարց դառնալ: Դա կարող էր անգամ հասարակությանը ոտքի հանելու հիմք դառնալ: Սույն հարցի շուրջ անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերն են լռում:

[…]

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, որ սա ազգային ուղեգիծ ունենալու հարց է, եւ Դաշնակցությունը փորձագիտական մակարդակով ուսումնասիրում ու քննարկում է:

Հարցին, իսկ ինչու դա չի դրվում նախաձեռնած կոնսուլտացիաների օրակարգում, Համբարձումյանը պատասխանեց. «Այս փուլում մեր մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանը պիտի ներգրավված լինի ակտիվ ինտեգրացիոն գործընթացների մեջ` հետապնդելով իր շահերն ու հետաքրքրությունները: Այլ խոսքով ասած, համատեղելի համագործակցության շրջանակներում մենք այս փուլում կողմ ենք ինտեգրացիոն գործընթացներին, բայց այնքանով, որ Հայաստանը մշտապես հետամուտ լինի իր ազգային, պետական շահերին եւ ինքնուրույն քաղաքական ուղեգիծ փորձի տանել առաջ»:

Հարցին՝ իսկ չե՞ք կարծում, որ այդ փաստաթուղթը կարող է ԽՍՀՄ-ի վերականգնման հիմք դառնալ, ԳՄ փոխներկայացուցիչը պատասխանեց. «Եվրասիական միության գաղափարը նոր չէ: Դրա մեջ կան վտանգներ, թե` ոչ, որոնք սպառնում են Հայաստանի անկախությանը, անշուշտ, որեւէ մեկը չի կարող բացառել: Խնդիրը բավականին լուրջ է: Իսկ վտանգների մասով միշտ էլ կարելի է համապատասխան հակաքայլերը գտնել»:

Նա հիշեցրեց, որ մեր տարածաշրջանում ՌԴ-ն իր շահերն ունի, Արեւմուտքը` իր, եւ չի բացառվում, որ Հայաստանի համար, ի վերջո, «կամ` կամ»-ի խնդիր առաջանա: «Ի վերջո, օրվա քաղաքական իշխանության ցանկություններով ու նախապատվություններով չէ, որ Հայաստանը պիտի վերջնական որոշում կայացնի: Որոշումը պիտի կայացնի ժողովուրդը` հանրաքվեի ճանապարհով: Եթե վերջնական ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում ենք, շատ կարեւոր է, որ մարդիկ, իրոք, ընտրության հնարավորություն ունենան եւ ոչ թե պարտադրված լինեն ընտրելու այս կամ այն ճանապարհը»,- ասաց Արսեն Համբարձումյանը:

[…]

Լուսինե Բարսեղյան
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

Տպել Տպել