ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ՝ «Հայաստանը՝ համաշխարհային քարտէզագիտութեան մէջ» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը

Housk-121212-2«Հայ ժողովուրդը եւ Հայաստանը իրենց ազդեցութիւնն ու դերն են ունեցել աշխարհի պատմութեան, տնտեսական, մշակութային եւ երբեմն նոյնիսկ քաղաքական կեանքում, որոնց պատճառով է, որ աշխարհի ամենահին աշխարհագրական փաստաթղթերում՝ քարտէզներում անգամ արտացոլւած է հայ ժողովուրդն ու նրա բնակավայր Հայաստանը»:

Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն (ՀՈՒՍԿ, Հայ Դատի Թեհրանի յանձնախումբ) հաստատութիւնը ուրբաթ, դեկտ. 7-ին Հայ ակումբի սրահում հիւրընկալեց մեծ թւով ներկաների՝ դիտելու մի ֆիլմ, որում ներկայացւեցին գիտնական պրն. Ռուբէն Գալչեանի ուսումնասիրութեան արդիւնքում լոյս տեսած գրքերից պատկերներ, բացատրութիւններ եւ բացատրական զրոյցներ:

Ծրագրի հաղորդավար Մեղեդի Եղնազարեանը բացման խօսքի սկզբում ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Սպիտակ քաղաքում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի զոհերի յիշատակը, ապա արտայայտւեց ծրագրի մասին:

Ֆիլմը պատրաստւել է Մարիաննա Աբրահամեանի եւ Անժելլա Ֆրանգեանի միջոցով Հայաստանում եւ առաջին անգամը լինելով՝ ցուցադրւեց Թեհրանում:

Մարիաննա Աբրահամեանի կենսագրութիւնը ներկայացնելուց յետոյ՝ վերջինս Թեհրանում գտնւելով՝ բեմ հրաւիրւեց՝ բացատրութիւններ տալու ֆիլմի մասին:

Ծրագրին ներկայ էր նաեւ գրքերի հեղինակ Ռուբէն Գալչեանը, որը յատուկ այս ծրագրի համար մի քանի օրով Լոնդոնից Թեհրան է ժամանել:

Housk-121212-3Ֆիլմը պատրաստւել է հեղինակի չորս գրքերի հիման վրայ, որոնք են՝ «Հայաստանի պատմական քարտէզներ» (2004 թ.), «Հայաստանը՝ համաշխարհային քարտէզագիտութեան մէջ» (որը վերոյիշեալ հատորի վերափոխւած տարբերակն է հայերէն եւ ռուսերէն լեզուներով 2005 թ.), «Կովկասից հարաւ երկրները՝ միջնադարեան քարտէզներում: Հայաստան, Վրաստան, Ադրբեջան» (2007 թ.) եւ «Յօրինւած պատմութիւն» (2009 թ.) գրքերը:

«Յօրինւած պատմութիւն» գիրքը 2010 թւականին հրատարակւել է նաեւ հայերէն եւ ռուսերէն տարբերակներով, ուր հեղինակը բացատրել է ադրբեջանական կեղծիքները եւ հայկական մշակոյթի բնաջնջումը՝ նրանց գրաււած տարածքներում: Գիրքը թարգմանւել է պարսկերէնի եւ մօտ ապագայում կը հրատարակւի:

Նրա վերջին աշխատութիւնն է անգլերէնով «Պատմութիւնների բախումը՝ Հարաւային Կովկասում: Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի քարտէզների վերագծումը», որը հրատարակւել է 2012 թւականի հոկտեմբերին: Նոյն գրքի հայերէն տարբերակը կոչւում է «Ադրբեջանական պատմա-աշխարհագրական զեղծարարութիւնները», ուր քննարկւել են Ադրբեջանի զեղծարարութիւնների դրդապատճառները, կիրառւած միջոցները եւ ցուցադրւել է այդ երկրի բացակայութիւնը բոլոր քարտէզներից, ընդհուպ մինչեւ 1918 թւականը: Գիրքը կը հրատարակւի 2013 թւականին:

Մեծ հետաքրքրութիւն ներկայացնող ֆիլմի ցուցադրութիւնից եւ Ռուբէն Գալչեանի ու նրա հրատարակած գրքերի մասին տեղեկութիւններ փոխանցւելուց յետոյ՝ բեմ հրաւիրւեց հեղինակը՝ արտայայտւելու: Նա իր խօսքի ընթացքում խոր գոհունակութիւն յայտնելով «ՀՈՒՍԿ» հաստատութեանը՝ այս ֆիլմի ցուցադրութիւնը կազմակերպելու համար, նշեց, որ քարտէզները կարեւոր փաստաթղթեր են եւ առիթներից պէտք է օգտւենք՝ այս քարտէզները որպէս փաստաթուղթ օգտագործելու նպատակով:

Վերջում բեմ հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որն իր արտայայտութիւնների ընթացքում բարձր գնահատելով Ռուբէն Գալչեանի կատարած աշխատանքները՝ գովեստի խօսք ուղղեց «ՀՈՒՍԿ» հաստատութեանը, որը նմանօրինակ ձեռնարկներով մշտապէս արծարծում է հայ ժողովրդի պահանջատիրութիւնը:

Նա մէջբերում կատարեց Աւետարանից՝ քրիստոնեայ մարդու համբերութեան եւ տառապանքների վերաբերեալ ու իր խօսքի աւարտին հաւատքն ու հաւատալով պայքարելը համարեց միակ ելքը, որ մեզ կը տանի Հայ Դատի լուծման վախճանական նպատակին:

Ձեռնարկին իրենց ներկայութիւնն էին բերել՝ Իսլ. խորհրդարանում իրանահայութեան երկու պատգամաւորները, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վ. Բաղումեանը, ՀՀ դեսպանութեան աշխատակազմի անդամներ, Տ. Մակար վրդ. Աշգարեանը, Թեմական խորհրդի, ազգային մարմինների, միութիւնների եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի նորընտիր պատգամաւորներ, հայաստանցի հիւրեր եւ այլ հրաւիրեալներ:

Թղթակից
«ԱԼԻՔ»

Տպել Տպել