Արցախի նախագահի հրաժարականի պահանջը ծայրահեղ քայլ է

«Արցախում 2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է, այն բավականին բացահայտ է ու ակտիվ, որի անհրաժեշտությունն ու նախադրյալներն այսօր չունենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ու իշխանությունների հրաժարականի պահանջներին:

Դաշնակցական գործչի խոսքով, Արցախում իշխանությունների նկատմամբ դժգոհություն կա, որը պայմանավորված է ոչ միայն նրանց վարած քաղաքականությամբ, այլև՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով: Երկիրն ունի բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն, սակայն, ըստ նրա, քաղաքական ուժերը, անհատներն ու անձերն իրենց պահանջներում չպետք է լինեն խիստ ծայրահեղ: Նա Արցախի նախագահի հրաժարականի պահանջը ծայրահեղ քայլ է որակում:

Իշխանյանը կարծում է, որ Արցախում իշխանափոխություն պահանջող ուժերն ու անհատներն այնքան էլ ադեկվատ չեն այսօրվա զարգացումների պահանջի առումով, համարում է, որ սահմանադրական նախադրյալներ չկան Արցախի նախագահի հրաժարականի պահանջ ներկայացնելու համար:

«Նախագահի հրաժարականի պահանջ ներկայացնողներն ունեն իրենց նպատակները: Սակայն չպետք է լինենք խիստ ծայրահեղ, պետք է հաշվի առնենք ներքին ու արտաքին մարտահրավերները, պետք է կարողանանք երկրում ընդհանուր կայունության ապահովել, այդ ամենով հանդերձ մեր ամեն քայլ պետք է հիմնավորենք, դարձնենք համոզմունք թե ժողովրդի, թե քաղաքական ուժերի համար: Շատ հեշտ է իշխանափոխության պահանջ ներկայացնել, բայց այդ ամենի հիմքերը, նախադրյալները, շարունակականությունը պետք է դարձվի ընդհանուրի համոզմունքը ու դառնա իշխող տրամադրություն: Ես կարծում եմ, որ այսօր այն իշխող տրամադրություն չէ, մենք հեռու ենք դրանից»,- ասաց Արցախի խորհրդարանի դաշնակցական պատգամավորը:

Դավիթ Իշխանյանի խոսքով, ստեղծված իրավիճակը նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարության հետևանքն է:

«Որոշ քաղաքական ուժեր, շրջանակներ, նաև անձեր ու անհատներ, որոնք ունեն քաղաքական-իրավական կարգավիճակ, փորձում են 2020 թվականի քաղաքական զարգացումների համար նախադրյալներ ստեղծել»,-մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է Արցախի կառավարության կազմում իրականացվող կադրային փոփոխություններին, ապա ՀՅԴ ներկայացուցիչը դրանք որակում է երկրի ղեկավարի կողմից իրականացվող բարեփոխումներ, որոնք միշտ էլ լինում են՝ պայմանավորված ներքին պահանջով, համապետական ընտրությունների արդյունքներով և այլ առիթներով: Այդպես իրականացվեցին նաև սահմանադրական բարեփոխումները:

«Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներն ու Արցախի ներքաղաքական զարգացումների որոշ գործընթաց առիթ հանդիսացան Արցախի նախագահի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելու, գործնական քայլեր իրականացնելու համար: Այս ամենը, կարծում եմ, տրամաբանական գործընթաց է, դրանց պետք է հետևեն նաև որոշակի համակարգային փոփոխություններ»,-ասաց նա:

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Տպել Տպել