ԱՀ պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին:

Ողջունելով հյուրերին Արցախ կատարած առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ պետնախարարը հույս է հայտնել, որայն նոր սկիզբ կդառնա երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի ամրապնդման համար: Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներն ու խնդիրները՝ նշելով, որ այն Արցախի տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղերից մեկն է հանդիսանում: «Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք չօգտագործված մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար մշակել ենք զարգացման հայեցակարգ: Այն շուտով կընդունվի և այդ բնագավառում կդառնա պետական հետագա քաղաքականության համար ուղենշային փաստաթուղթ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ արդեն հասցրել են արցախցի գործընկերների հետ քննարկել համագործակցության ծրագրերի շրջանակը: Նրա խոսքով՝ ոչ միայն շարունակվում են նախկինում սկսված ծրագրերը, այլև քայլեր են ձեռնարկվում համագործակցությունն ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կադրերի շարունակական վերապատրաստման, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել Տպել