Պարտադիր կուտակայինի ամենամեծ խնդիրն այն է, որ պետությունը մարդկանց աշխատանքով ապահովելու պարտավորություն չի կրում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` աղքատ երկրում բարեկեցիկ թոշակառու չի կարող լինել: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից արված` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ծավալուն վերլուծությանը:

Պարսյանը հերթով անդրադարձավ այս համակարգի հեղինակների կողմից բերված փաստարկներին և բերեց կոնկրետ հիմնավորումներ` ինչու են դրանք սխալ: Նա հիշեցրեց, որ համակարգի ներդրումից անցել է 4 տարի, և արդեն կարելի է տեսնել` բերված փաստարկները հիմա աշխատո՞ւմ են, թե՞ ոչ:

Պարսյանի խոսքով` նրանց բերած առաջին փաստարկն այն էր, որ նախկին կենսաթոշակային համակարգը չէր ապահովում սոցիալական արդարությունը, սակայն, ըստ նրա, կուտակային համակարգը միակ կենսաթոշակային համակարգը չէ, որ լուծում է այդ անարդարությունը: Ավելին, ըստ Պարսյանի, պարտադիր կենսաթոշակային համակարգն ավելի լուրջ անարդարություն է ստեղծում` միջսերնդային և ներսերնդային:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակները նաև պնդում էին` գոյություն ունի ժողովրդագրական խնդիր: «Այս կենսաթոշակային համակարգի ներդրմամբ ժողովրդագրական խնդիրը չի լուծվելու: Զարմանալի է, որ ժողովրդագրական խնդիրը փորձում էին կապել կենսաթոշակային համակարգի հետ: Այս կենսաթոշակային համակարգը բացասական ազդեցություն ունի ժողովրդագրական խնդիրների վրա: Կանայք հետծննդաբերային արձակուրդում գտնվելու տարիների ընթացքում որևիցե կուտակում չեն անում, հետևաբար` նրանց` երեխա ունենալու և հետծննդաբերական արձակուրդում գտնվելու մոտիվացիան բավականին ցածր է»,- ասաց Պարսյանը:

Նրա խոսքով` մյուս կարևոր փաստարկը, որ բերում էին համակարգի հեղինակները, այն է, որ մենք պետք է մեր ժողովրդին պարտադրենք, որ նրանք խնայողություններ անեն, սակայն փաստն այն է, որ մարդիկ խնայողություն անելու համար պետք է ունենան եկամուտ: «Եթե քո եկամուտները բարձր չեն, չեն բավարարում ընթացիկ սպառումը ապահովելու համար, խնայողությունների մասին չես մտածի»,- ասաց տնտեսագետը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակները նաև մատնանշում էին այն, որ կուտակային միջոցների կառավարիչները հեղինակավոր կազմակերպություններ են, և նրանց մուտքը Հայաստան կաշխուժացնի տնտեսությունը: «2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ այդ ֆոնդերի կառավարիչների ձեռքում գտնվում էր 136,4 մլրդ ՀՀ դրամի չափով գումար, և այդ գումարը հիմնականում ներդրվել են պետական պարտատոմսերի ավանդների մեջ` մոտ 61%-ը, մի փոքր մասը ներդրել են Հայաստանի ներսում տարբեր կազմակերպությունների (հիմնականում` բանկային) բաժնետոմսերի ձեռք բերման համար, իսկ ամբողջ գումարի 30%-ը` մոտ 40 մլրդ դրամ, Հայաստանից դուրս է եկել, գնացել է տարբեր օտարերկրյա կազմակերպություններ: Մենք ամբողջ աշխարհից փորձում ենք ներդրումներ բերել, իսկ մեր ժողովրդի հավաքած 40 մլրդ դրամը հնարավորություն ենք տվել, որ հանեն Հայաստանից»,- ասաց Պարսյանը:

Ըստ նրա` եթե այս համակարգի կողմնակիցները պնդում են, որ կուտակելով հնարավոր է ապագայում բարեկեցիկ ծերության հասնել, ապա իրենց առաջարկում եմ հաշվարկել: «Ենթադրենք` այս համակարգը ներդրվել էր 80-ական թվականներին, և ռուբլիով կուտակումներ էին իրականացրել, հետո 94-ին արժույթը փոխվել էր, տատանումներ էին տեղի ունեցել, ի՞նչ էր լինելու այս դեպքում»,- մտահոգություն հայտնեց տնտեսագետը:

Նա շեշտեց, որ ցանկացած պետության պոզիտիվ պարտավորությունն է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցիկ ծերությունը: Պարսյանի խոսքով` եթե հիմա թոշակառուն կարող է բողոքել, որ իր կենսաթոշակը ցածր է, և պահանջել պետությունից` բարձրացնել այն, այս համակարգի պայմաններում դա հնարավոր չի լինի: «Իրականում կենսաթոշակային ներկայիս համակարգն ունի լուրջ խնդիրներ` ֆինանսական, աշխատանքային, ամենամեծ խնդիրն այն է, որ պետությունն այս համակարգի դեպքում պարտավորություն չի կրում, որ աշխատանքով ապահովելու է, որ քաղաքացին անընդհատ աշխատելու է ու անընդհատ կուտակելու է: Պետությունը նման պարտավորություն չի ստանձնում, իսկ այս համակարգի հիմնական մեխը հենց դա է: Սա պետք է ճիշտ գնահատել, ռիսկերը կանխատեսել և ճիշտ լուծումներ գտնել: Բացի այդ` 2015 թվականի հուլիսի 7-ի` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ պետությունը պարտավոր է երաշխավորել բոլոր կուտակային գումարների (այդ թվում՝ մասնակցի 5 տոկոսը և պետության 5 տոկոսը) վերադարձը` ճշգրտված գնաճով»,- ընդգծեց տնտեսագետը:

Նրա խոսքով` այս համակարգը հակասահմանադրական է, չունի հանրային վստահություն, չունի կառավարման միասնական մարմին: «Այս համակարգի նկատմամբ վստահությունը կառավարության վստահության հետ կապ չունի, քանի որ այն ապագային միտված է»,- ասաց Պարսյանը:

yerkir.am

Տպել Տպել