3 և ավելի երեխա ունեցող մայրերը դատապարտված են աղքատ ծերության

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հարցը ցանկացած երկրի կարևորագույն խնդիրներից մեկն է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով մեր երկրում ներդրված համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց մասին դաշնակցական գործիչները շատ են խոսել՝ թե՛ մաս կազմելով իշխանությանը և թե՛ լինելով ընդդիմություն։

«ՀՅԴ-ն երբեք չի աջակցել այս համակարգին, ավելին՝ միշտ դեմ է եղել։ Մեր տեսակետը չի փոխվել նաև այսօր: Մեր նպատակն է պարտադիր բաղադրիչի չեղարկումը, պետք է ընդհանրապես չեղարկել այդ օրենքը և ներկայացնել նոր կենսաթոշակային համակարգ»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Կենսաթոշակային լուծումների ընդհանուր բանաձև աշխարհում գոյություն չունի, որը հնարավոր կլիներ վերցնել, տեղայնացնել և հասնել հաջողության»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։ Նա նշեց, որ հանրությունը դեմ է այս ձևով կենսաթոշակային համակարգին և ընդհանուր առմամբ առավելապես կողմ է սերունդների համերաշխության սկզբունքին:

«Այն երկրները, որոնք պարտադրված րականացրել են կենսաթոշակային բարեփոխում՝ ձախողել են, համակարգը երկար կյանք չի ունեցել՝ անընդհատ վերանայվել է։ Արգենտինայում և Հունգարիայում ամբողջապես հրաժարվել են պարտադիր կուտակային համակարգից, Բոլիվիան և Պերուն մոտ են օրենքի չեղարկմանը, Նիկարագուան 2000 թվականին օրենք ընդունեց համակարգը ներդնելու, սակայն 4 տարի անց այն հետաձգվեց։ 2008-2011 թվականներին Արևելյան Եվրոպայի երկրները՝ Լեհաստանը, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան, կասեցրեցին պարտադիր վճարները։ 2000-ականների սկզբներին պարտադիրի ներդրումից հրաժարվեց Միացյալ նահանգները, իսկ 2013 թվականին Ռուսաստանը վերադարձավ սերունդների համերաշխության համակարգին»,- ընդգծեց Թադեւոսյանը, ավելացնելով, որ սրանք այն երկրեներն են, որոնց սկզբում օրինակ էին բերում իբրև պարտադիրը հաջողած երկրներ։

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակը համապարփակ մասնագիտական վերլուծություն է իրականացրել, որը ներկայացվել է անհրաժեշտ բոլոր շրջանակներին՝ կառավարության անդամներին, պատգամավորներին, շահագրգիռ նախարարություններին, սակայն դեռ որևէ արձագանք չի ստացել։

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն էլ ասաց, որ թեև նախկին կենսաթոշակային համակարգը սոցիալական արդարություն չէր ապահովում, սակայն կենսաթոշակային ներկա համակարգը ևս չի լուծում այս խնդիրը, ավելին՝ ավելի մեծ անարդարություն է առաջացնում:

«Այս կենսաթոշակային համակարգի ներդրմամբ չեն լուծվում նաև ժողովրդագրական խնդիրները: Այս համակարգը բացասական ազդեցություն կունենա ժողովրդագրական խնդիրների վրա, քանի որ ծննդաբերելիս, հետծննդյան արձակուրդում կուտակում չի արվում։ 3 և ավելի երեխա ունեցող մայրերը, մեղմ ասած, դատապարտված են աղքատ ծերության»,-ասաց Պարսյանը:

Ըստ նրա՝ պետությունը չի կարող ստիպել, որ մարդը խնայողություն անի, եթե անձն ունի բավարար գումար, ապա խնայողություն անում է։ Բացի այդ Պարսյանը նկատեց, որ դժվար է 20-40 տարվա կանխատեսում անել, ինչն այս համակարգը դարձնում է ռիսկային:

«Պետությունը քաղաքացուն մշտապես աշխատանքով ապահովելու պարտավորություն չի կրում, իսկ այս համակարգի մեխն անընդհատ աշխատանքն է, որ անձը կուտակի և, ըստ այդմ, բարձր թոշակ ունենա։ Բայց մեկ այլ խնդիր էլ կա՝ աղքատ երկրում բարեկեցիկ թոշակառու չի կարող լինել»,-ասաց Պարսյանը

Նրա համոզմամբ, այս համակարգը հակասահմանադրական է, չունի հանրային վստահություն, չունի կառավարման միասնական մարմին։

Նանե Հայրապետյան

Տպել Տպել