Քաղաքական ուժերը պարտավոր չեն արագացնել իրենց պլատֆորմի հրապարակումը

Արսեն Համբարձումյան Նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը պարտավոր չեն արագացնել իրենց պլատֆորմի հրապարակումը:

Այս մասին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, միջկուսակցական քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն ձեւավորելով իր քաղաքական օրակարգը, արտաքին խաղացողների ազդեցություն չի զգում, լինի դա Մոսկվան, Վաշինգթոնը կամ Բրյուսելը: «Մենք ինքնուրույն ուժ ենք, մեր օրակարգն ինքնուրույն ենք ձեւավորում եւ դեմ ենք ցանկացած արտաքին միջամտության»,-ասել է Համբարձումյանը:

Նա շեշտել է Ընտրական օրենսգրքի հիմնական դրույթների վերաբերյալ քննարկումների կարեւորությունը: «Դրա պատճառով, մենք նախընտրական շրջանի հենց սկզբում ներկայացրել ենք մեր օրակարգը, ոչ թե որպես ընդդիմության գործողությունների ծրագիր, այլ որպես ծրագիր քաղաքական դաշտի տարբեր մասնակիցների համար: Տեսակետները կարող են տարբեր լինել, բայց դրանց շուրջ պետք է քննարկում տեղի ունենա: Հակառակ դեպքում քննարկումները վերածվում են միջանձնային պայքարի»:

Ընդ որում, ըստ նրա, քաղաքական ուժերից ավելի շուտ կոնկրետ դիրքորոշում են ակնկալում լրատվամիջոցները, քան հասարակությունն ընդհանրապես: «Չեմ կարծում, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հնարավորինս շուտ արտահայտի իր դիրքորոշումը եւ ընտրություններից մի քանի ամիս առաջ կոնկրետ պլատֆորմ պատրաստի: Համաձայն չեմ նաեւ պնդմանը, թե որքան շուտ քաղաքական ուժը հստակեցնի իր կուրսը եւ հայտնի այդ մասին, այնքան շատ հաջողության շանս կունենա»,-ընդգծել է ՀՅԴ անդամը:

Հայաստանի կուսակցությունների մեծ մասում որոշումներն ընդունվում են միանձնյա, ինչը վկայում է, որ երկրում քաղաքական դաշտը դեռ չի կայացել: Այսօր` դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը` մեկնաբանելով նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի չպաշտպանելու ԲՀԿ-ի որոշումը:

«Գործընթացները, որոնց մենք ականատես ենք, մեզ թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ քաղաքական դաշտը դեռ չի կայացել: Կուսակցությունների մեծ մասում որոշումները կայացվում են միանձնյա, առանց որեւէ քննարկման: Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի որոշումների»,-նշել է Համբարձումյանը, հավելելով, որ նախընտրական միությունները ՀՅԴ-ի համար ինքնանպատակ չեն:

Համբարձումյանի խոսքով, ներկայումս կուսակցությունը կենտրոնացած է միասնական քաղաքական օրակարգի ձեւավորման վրա: Հաջորդ փուլում կքննարկվի միասնական թեկնածուով հանդես գալու նպատակահարմարությունը: «Երկրորդ փուլը կարող է տեւել մինչեւ ընտրությունների օրը»,-ասել է Համբարձումյանն, ընդգծելով, որ միավորումը միայն այն դեպքում իմաստ կունենա, եթե դա թույլ կտա հանդես գալ մրցունակ թեկնածուով: «Եթե խոսքը 1-2 կուսակցության մասին լինի, միությունը կարող է եւ չկայանալ: Պետք է նվազագույն կրիտիկական ներուժ»:

Ընդ որում, ՀՅԴ օրակարգն անփոփոխ կմնա` անկախ 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների իր մասնակցության ձեւաչափից: «Եթե դուք մեր ներկա օրակարգը համեմատեք 2003 եւ 2008 թվականի ընտրություններից առաջ ունեցած օրակարգի հետ, ապա կտեսնեք, որ այն անփոփոխ է մնացել: Մենք այն ձեւավորում ենք ինքնուրույն, բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում»,-վերջում ամփոփել է Համբարձումյանը:

Տպել Տպել