Երեք սկզբունքների կիրառմամբ է հնարավոր ունենալ տնտեսական ներառական աճ և սոցիալական պետություն

Օրերս կառավարությունում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականությանը՝ հայտարարեց, որ տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգը։ Վարչապետն որպես նպատակ առանձնացրեց նաև ներառական տնտեսական համակարգի կայացումը։

Այս կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․

«Սոցիալական տնտեսության կառուցման տեսանկյունից շատ կարևոր է համարվում անկախ դատական համակարգ ունենալն ու հակակոռուպցիոն պայքարը, սակայն դա բավարար չէ տնտեսական կայուն զարգացում ունենալու կամ ներառական տնտեսական աճ ապահովելու համար, քանի որ միայն նեոլիբերալ տնտեսական համակարգի կողմնակիցներն են պնդում այն, որ միայն արդար դատական համակարգով և հակակոռուպցիոն պայքարով հնարավոր է տնտեսական հրաշքներ գործել։ Այստեղ շատ կարևոր է պետության կարգավորիչ դերը․ պետությունը պետք է մասնակցի տնտեսական գործընթացների կարգավորմանը և խթանի շուկայի առանձին սուբյեկտների սոցիալական պատասխանատվությունը։

Երեք սկզբունքների՝ արդարության, ազատության և համերաշխության կիրառմամբ է հնարավոր ունենալ տնտեսական ներառական աճ և սոցիալական պետություն, չպետք է ունենանք ծայրահեղ հարուստներ ու ծայրահեղ աղքատներ, հետևաբար հենց այստեղ է պետության կարևոր կարգավորիչ դերը, որ ճիշտ վերաբաշխում իրականացնի, իսկ նեոլիբերալ գործիքակազմով սոցիալական կամ ներառական պետություն չենք կարող կառուցել․ այստեղ է, որ պետությունն առանձին ոլորտներում պետք է կարգավորիչ դերակատարում ունենա և չստանձնի գիշերային պահակի դերը, այսինքն շուկայի անտեսանելի ձեռքը պետք է լրացվի պետության տեսանելի ձեռքով»։

Միևնույն ժամանակ, Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում ունենք խոշոր տնտեսվարող սուբյեկտներ՝ մոնոպոլիստներ և օլիգարխներ, որոնց հարվածելիս՝ ցնցվում է ամբողջ տնտեսությունը, հետևաբար ըստ տնտեսագետի՝ այստեղ շատ կարևոր քայլ պետք է արվի այդ մոնոպոլիստներին թուլացնելը, նրանց շուկայական իշխանությունից զրկելը։

«Այս իմաստով, անշուշտ, շատ կարևոր են հայտարարությունները մեր շուկայի բաց լինելու, ներմուծման-արտահանման սահմանափակումների վերացման վերաբերյալ, որը դրական ազդեցություն կունենա մեր ապրանքների մրցունակության և այլ շուկաների հետ մրցակցության վրա։

Բացի սրանից, բիզնեսի համար շատ կարևոր է քաղաքական և տնտեսական կայունությունը, իսկ հիմա բիզնեսը սպասողական վիճակի մեջ է՝ տեսնելու, թե մեզ մոտ քաղաքական-տնտեսական ինչ գործընթացներ են տեղի ունենում և սրանով պայմանավորված բազմաթիվ խոշոր ներդրումային ծրագրեր կարող են իրենց որոշումները վերանայել․ հենց այստեղ է, որ կառավարությունը պետք է դրական ազդակներ ուղարկի ներդրողներին ու նրանց մոտ վստահություն ներշնչի։

Իսկ անկախ դատական համակարգի առկայությունը տնտեսական մասով կերաշխավորի սեփականության իրավունքը՝ դա լինի ազգային, թե օտարերկրյա կապիտալ, այսինքն, եթե բիզնեսմենը վստահ չլինի, որ ինքը կարողանալու է իր ներդրած գումարը կամ ակտիվները պաշտպանել, ապա նա այդ երկրում ներդրումներ չի անի և արդար ու անկախ արդարադատության համակարգն է, որ երաշխավորում է անձին իր գումարների անվտանգությունն ու հետ ստանալը»,- պարզաբանեց տնտեսագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել Տպել