Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ

Աղվան Այսօր ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին թե ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժերից համագումարին հրավիրել է միայն Դաշնակցությանը, հորդորել է այդ մասին հարցնել Գալուստ Սահակյանին: «Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ ենք, եթե մեզ հրավիրում են՝ քաղաքավարությունից դրդված մենք այցելում ենք: Որքա՞ն տգեղ կլիներ, որ չգայինք»,-ասել է Ա. Վարդանյանը:

Անդրադառնալով Գալուստ Սահակյանի՝ Tert.am-ին արած այն հայտարարությանը թե համագումարին հրավիրվելու են իրենց հետ համագործակցող քաղաքական ուժերը՝ ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, Աղվան Վարդանյանը ասել է՝ սխալ ձևակերպում են տվել:

«Մենք ընդդիմություն ենք, ընդդիմությունը չի կարող պաշտպանել իշխանության թեկնածուին: Եթե նկատի են ունեցել միևնույն դահլիճում աշխատելը, ապա հնարավոր է: Այլ համագործակցություն ես չեմ հասկանում»:

Իսկ, թե «հնարավո՞ր է արդյոք, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ն մտնի կոալիցիա» հարցին, Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ դա հնարավոր է միայն բացառիկ իրավիճակներում:

«Դաշնակցությունը ընդդիմություն է ու մնալու է որպես ընդդիմություն, ինչ զարգացումներ կլինեն ոչ ոք չի կարող ասել: Այսօրվա դրությամբ Դաշնակցությունը կոալիցիա վերադառնալու որևէ ցանկություն չունի»,- ասել է նա:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու ունենալու հանգամանքին, պատգամավորը նշել է, որ ամեն ինչ պարզ կլինի դեկտեմբերի 25-ից հետո, երբ ՀՅԴ-ն կգումարի Գերագույն ժողով և կտա բոլոր հարցերի պատասխանները:

Տպել Տպել