Ով է Դաշնակցականը

Թվում է թե հարցն ունի հստակ եւ պարզ պատասխան. դաշնակցականը հայրենասեր հայն է, ով պատրաստ է ծառայել հայությանն ու հայրենիքին եւ եթե հարկ լինի նաեւ կյանքը զոհաբերել հանուն նրանց: Այնուհետեւ: Դաշնակցականը այն հայն է, ով ձգտում է արդարության հայ հավաքականության եւ անհատ հայ մարդու համար եւ պատրաստ է պայքարելու իր ազգակիցների
քաղաքական-քաղաքացիական, սոցիալական, տնտեսական եւ այլ իրավունքների համար: Ընդհանուր ձեւակերպմամբ կարծես թե այսքանը:

Եւ իրավ էլ, հաճախ, կուսակցության շարքերն անցնելու համար, անհատներ են երաշխավորվում այն հիմնավորմամբ, որ տվյալ անձը հայրենասեր է, ազնիվ է, անհանդուրժող է ամեն տեսակի անարդար երեւույթների հանդեպ:

Բայց արդյո՞ք ընդհանրականորեն բնորոշված այս որակները բավարար են դաշնակցական լինելու համար:

Եթե այդպես լիներ, ապա բոլոր նրանք ովքեր հայրենասեր են եւ արդարամիտ պետք է գտնվեին Դաշնակցության շարքերում, ինչն իհարկե այդպես չէ: Ակնառու օրինակը այսօրվա հայ երիտասարդությունն է, որը փաստել է հայրենասիրությունը Արցախի ու Հայաստանի սահմաններում, ինչպես եւ ժողովրդի իրավունքների համար պայքարել է՝ վերջին տարիների հայաստանյան հասարակական հուզումների գլխավոր դերակատարը դառնալով: Սակայն, այդ երիտասարդության, ոչ մեծաքանակ մեկ հատվածն է համախմբված ՀՅԴ դրոշի ներքո:

Մեկ այլ պարագայում, պատահել է, որ նման մարդիկ եկել են կուսակցություն, սակայն կարճ ժամանակ անց իրենց խորթ են զգացել այս միջավայրում: Ուրեմն բոլոր լավ հայերը չեն, որ մտածողությամբ, խառնվածքով կամ արժեհամակարգով համապատասխանում են դաշնակցականի կերպարին: Մյուս կողմից, աշխարհում շատ լավ գաղափարներ կան, որոնք, անպայմանորեն մաս չեն կազմում Դաշնակցության գաղափարա-բարոյական արժեհամակարգին:

Դաշնակցությունն ունի արժեքային իր ուրույն համակարգը եւ լինել դաշնակցական նշանակում է ընդունել ու ապրել գաղափարաբարոյական այդ արժեքներով: Առանց վերջիններս համեմատության մեջ դնելու այլ գաղափարների հետ:

Շատ կարեւոր է հաջորդ հաստատումը. դաշնակցականը երդվում է ձեռքը դնելով ամբողջական ծրագրի, եւ ոչ թե նրա մեկ բաժնի վրա՝ հետեւաբար նրա համար ընդունելի ու գործադրելի պետք է լինեն ծրագրային բոլոր դրույթներն ու պահանջները: Մյուս կողմից նա չի կարող միաժամանակ դավանել եւ հարել այնպիսի արժեքների, որոնք խորթ են Դաշնակցական մտածողությանը:

Չմոռանանք, որ որպես կուսակցական ընտանիքին մաս կազմելու պայման դաշնակցականը երդվում է նաեւ կանոնագրի վրա՝ պարտավորվելով ընդունել եւ գործադրել նրանում ամրագրված պահանջները: Իրավաբանության ոլորտում «Հանցավոր գործունեություն» հասկացողության կողքին գոյություն ունի նաեւ «Հանցավոր անգործություն» եզրը: Մեր կանոնագիրը հեռու է իրավական օրենսգրքերից, բայց նրանում նույնպես հակակարգապահական գործողությունների կողքին հակակարգապահական է նկատվում նաեւ անգործությունը: Այսինքն պարզապես ծրագրում ու կանոնագրում շարադրվածն ընդունելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ մասնակցել ծրագրային եւ կանոնագրային պահանջների գործադրմանը, եթե անգամ ինչ որ բանի հետ համաձայն չես:

Դաշնակցությունը ընկերվարական, հեղափոխական կուսակցություն է, բայց գոյություն ունի օրինակ կոմունիստական ընկերվարությունը կամ դասակարգային հեղափոխությունները, որոնք որքան էլ անվանապես նման լինեն, էությամբ միանգամայն տարբեր են եւ անհարիր, եթե չասենք արմատապես հակասող, դաշնակցության գաղափարախոսությանը: Պատահական չպետք է համարել, այլ շատ տրամաբանական, որ հարյուր եւ ավելի տարիներ առաջ ՀՅԴ-ից պոկված եւ համայնավարներին միացած շատ նախկիններ դարձան ամենամոլի հակադաշնակցականներ: Ուրեմն դաշնակցականը դաշնակցական է իր գաղափարախոսության շրջանակում՝ հարազատ կուսակցության պայքարի մեջ եւ ոչ թե ցանկացած պայքարի ալիքների վրա, եթե անգամ այդ ալեկոծությունը բարձրացել է ամենամարդասիրական կարգախոսերով:

Այստեղից հետեւում է նաեւ, որ դաշնակցականի կուսակցական ընտրությունը գիտակցված ընտրություն է: Մեր պատմության օրինակները փաստում են, որ անգամ հակաթուրք պայքարի գործնական կոչերը եւ կոչ անողները կարող են անհարիր լինել Դաշնակցությանը եւ անգամ հակառակ նրան, եթե այլ գաղափարախոսությունների ու նպատակների ծնունդ են:
Արդյո՞ք այս մտքերը շատ կաղապարված եւ հակաժողովրդավարական չեն, երբ այլեւս 21-րդ դարում ենք ապրում եւ ամենուր մարդիկ ու հավաքականությունները ձգտում են ընդլայնել ազատությունների եւ իրավունքների սահմանները:

Համոզված եմ, որ ո՛չ: Ի վերջո ոչ ոք ոչ մեկին պարտադրաբար դաշնակցական չի դարձնում: Որոշակի գաղափարների եւ նպատակների, որոշակի կազմակերպական սկզբունքների համաձայն կուսակցությանը ծառայելու ընտրությունը կատարում է յուրաքանչյուր ոք՝ բազում այլընտրանքների պայմաններում: Ինչպես եւ անհատը, ցանկացած պահի, կարող է գնալ այլ տեղ, եթե եզրակացնի, թե սխալ ընտրություն է կատարել: Նույն կերպ նա կարող է միանալ այլ պայքարների եւ շարժումների, բայց նախ կապերը խզելով Դաշնակցության հետ:

Դաշնակցականը, այո՛, հեղափոխական-արմատական փոփոխությունների ձգտող, ըմբոստ խառնվածքի տեր, հայն է, բայց նա Դաշնակցությանն է միանում ոչ թե ըստ իր պատկերացումների ազատորեն գործելու, կուսակցությանը ուղղորդելու կամ այն փոխելու համար, այլ ընդունելով ծրագիրն ու գործելակերպը ինքը փոխվելով կամ գաղափարականորեն բյուրեղանալով եւ ծառայելով այս կուսակցության դավանանքին եւ նպատակներին՝ մեծամասնության կամքով ուղենշված գործին: Դաշնակցականը գաղափարականացած եւ քաղաքականացած հայն է, ով համոզում ունի, որ հայ ժողովրդի պատմական ու դեպի դրանց տանող երազանքների լուծման լավագույն միջոցը Դաշնակցությունն է: Եթե այդ համոզումով չէ նրա գալը Դաշնակցություն, ապա հարց է ծագում, թե ինչի՞ համար է եկել: Դաշնակցականի եւ Դաշնակցության միջեւ հակասություններ կարող են ծագել մարտավարական խնդիրներում, բայց դրանց լուծումը մեծամասնության վճիռն է: Հակասություն չի կարող ստեղծվել Դաշնակցության ռազմավարական սկզբունքների եւ դաշնակցական մեծամասնության վճիռների միջեւ: Իսկ եթե այդպիսի հակասությունը ուռճանում է անհատ դաշնակցականի մտքում, նրա առջեւ մնում է երկու ճանապարհ՝ ընդունել մեծամասնության դիրքորոշումը եւ ջանքեր գործադրել դրանց իրականացման համար կամ՝ հեռանալ:

Որոշակի գաղափարա-բարոյական պատկերացումներով եւ ըմբռնումներով Դաշնակցություն եկողը դառնում է կուսակցության ծրագրի տերը, եւ հոգեւոր բավարարություն է ստանում, իր պես մտածող հայորդիների հետ ազգային ընդհանուր գործին ծառայելու հնարավորության համար: Դաշնակցական հավատամքով զինված դաշնակցականը լինում է գաղափարապես կայուն եւ ուժեղ:

Դաշնակցության գաղափարն ու ծրագիրը դառնում են նրա հոգեկերտվածքի մասը, դաշնակցական ակումբն ու միջավայրը դառնում են նրա տունն ու ընտանիքը, ուր նա ձգտում է պատասխաններ եւ լուծումներ գտնել իրեն հուզող գաղափարաքաղաքական բոլոր հարցերի համար: Դրսում լուծումներ փնտրողը մեքենաբար դուրս է դնում իրեն դաշնակցությունից, եթե անգամ իր արարքը փորձում է հիմնավորել ամենահայրենասիրական եւ մարդասիրական գաղափարներով: Ի վերջո ամենալավ կուսակցական անհատը կարող է ասել՝ դաշնակցական է ինքը թե՝ ոչ: Եթե իհարկե անկեղծ է ինքն իր խղճի եւ կուսակցական ծրագիր-կանոնագրի առաջ: Դաշնակցականությունը ներքին համոզում է, ապրելակերպ, մի բան, որը ոչ ոք չի կարող խլել քեզանից, եթե ինքդ չես հեռացել նրանից:

Արտաշես Շահբազյան

arfd.info/Droshak

Տպել Տպել