Ներկայացվել է բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՀ նախագահ Բակո Սահակյանը քաղաքական կուսակցությունների եւ հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգը երկրում կայանալիք բարեփոխումների վերաբերյալ մտքերի փոխանակումն էր: Այդ շարքում նախագահ Բակո Սահակյանի առաջին հանդիպումներից մեկը ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ էր:

Առաջնորդվելով ներկազմակերպական ավանդույթներով եւ ընթացակարգով՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն համապատասխան քննարկումներ է կազմակերպել կուսակցական լայն շրջանակների հետ, որոնց արդյունքում ձեւավորվել եւ նախագահին է ներկայացվել հրատապ բարեփոխումների առաջարկությունների ամբողջական փաթեթ:

Մեզ համար կարեւոր է, որ առաջարկված բարեփոխումներին զուգահեռ լայնածավալ աշխատանքներ իրականացվեն կրթության, գիտության, մշակույթի, վերաբնակեցման եւ սոցիալական ոլորտներում եւս: Համոզված ենք, որ 2020-ին նախատեսվող ընտրությունների նախօրյակին քաղաքական կուսակցությունները եւ հասարակական կազմակերպություններն առիթ կունենան իրենց առաջարկները ներկայացնել նաեւ այս ոլորտներում:

Անդրադառնանք ՀՅԴ-ի կողմից ներկայացված՝ մինչեւ 2020թ. ԱՀ-ում կայունություն եւ զարգացում ապահովելու համար իրականացվելիք հրատապ բարեփոխումների շուրջ՝ ՀՅԴ Ապառաժի կառույցի մոտեցումներին ու տեսլականներին: Առաջարկությունների փաթեթը բաղկացած է 6 գլուխներից, որոնք ներառում են Սահմանադրության բարեփոխումների, օրենսդրական դաշտի, կառավարման համակարգի, վերահսկողական ոլորտի, տնտեսական հարցերի եւ հասարակության մեջ հնչեղություն ունեցող հարցերի մասին հստակ եւ վճռական քայլերի փաթեթ:

Կառավարման համակարգում մենք առաջարկել ենք կուսակցությունների դերի բարձրացում, ինչպես նաեւ՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացում ու պետական մարմիններում երիտասարդ եւ արհեստավարժ կադրերի ներգրավում:

Սահմանադրական բարեփոխումները Դաշնակցության դիտանկյունից անհրաժեշտ են իշխանության կենտրոնացումը ցրելու եւ Ազգային ժողովի դերը կառավարման համակարգում առավել ազդեցիկ դարձնելու ուղղությամբ:

Տնտեսական ոլորտում հասարակության մոտ առկա է կասկածամտություն: Հասարակությունը հաճախ անարդար է համարել իշխանությունների կողմից անցկացվող բազմաբնույթ մրցույթներն ու զանազան ոլորտներում պետական բյուջեի միջոցներով տրվող օժանդակություններն ու արտոնությունները: Անհրաժեշտ է հասարակության մոտ փարատել այդ կասկածաները, եւ դա հնարավոր է միայն ու միայն թափանցիկ գործունեությամբ: Կառավարության գործունեության վրա հանրային վերահսկողությունն ապահովելու համար անհրաժեշտ է ազատ եւ անկաշկանդ զանգվածային լրատվամիջոցների առկայություն:

ՀՅԴ-ն միշտ պատրաստ է եղել երկրի կառավարման ասպարեզում ստանձնել պատասխանատվություն՝ միաժամանակ ունենալով իր տեսլականներն ու մոտեցումները երկրի կառավարման ու զարգացման ուղղությամբ: Մեզ համար կարեւոր է նմանօրինակ քննարկումների շարունակությունը՝ առողջ քննադատությունների խորապատկերի վրա տեսակետների բյուրեղացումը: Մենք կարեւորում ենք նաեւ բարեփոխումների հանրայնացման ուղղությամբ գործնական միջոցների կիրառումը:

aparaj.am

Տպել Տպել