Նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ

Հայտնել ենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները: Yerkir.am-ը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից հետարքրվեց, թե ինչպիսի՞ն է Դաշնակցության դիրքորոշումը ստորագրահավաքի կապակցությամբ։

«ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է»,-ասաց Համբարձումյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։

«Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է։ Խնդիրը Ռ. Քոչարյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ»։

Տպել Տպել