Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Արծվիկ Մինասյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել երկու բարեկամ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, նշել, որ դրանք անհրաժեշտություն կա բարձրացնելու քաղաքական և բարեկամական հարաբերությունների մակարդակին։ Նախարարը հատկապես կարևորել է հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, ինչը զգալիորեն կաշխուժացնի առևտրատնտեսական կապերը, նպաստելով դրանց ընդլայնմանը։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում բարեփոխումների ընթացքը, անդրադարձել սիրիացի գործարարների համար դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ Հայաստանը որպես հարթակ դիտարկելու հնարավորությանը։

Իր հերթին, դեսպանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է տնտեսական համագործակցության ընդլայնման սիրիական կողմից տրվող արտոնությունների, ինչպես նաև, հայկական արտադրանքը Սիրիայի միջոցով արաբական երկրների շուկաներում ներկայացնելու հնարավորության մասին։ Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նույնպես կարևորել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչը կնպաստի բազմաթիվ հարցերի լուծմանը։

Հանդիպմանը խոսվել է ներդրումների խթանման, համատեղ արտադրությունների հիմնման, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու և մի շարք այլ հարցերի մասին։ Դեսպանը հայտնել է առաջիկայում հայաստանցի լրագրողների Սիրիա նախանշվող ճանաչողական այցի մասին, ինչը զբոսաշրջության զարգացումը կխթանի, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանում սիրիական արտադրանքի ցուցահանդես կազմակերպելու նպատակահարմարության մասին, ինչը, թերևս, հնարավորություն կտա հետագայում Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ունենալ մշտական ցուցադրություն։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հագեցած օրակարգի և բազմաթիվ հարցերի ներկայացման համար, նշելով, որ դրանց լուծման համար կստեղծվի աշխատանքային խումբ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման իրենց պատրաստակամությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել