Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստի արձանագրությունից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՈՒԹՅՈՒՆԻՑ

88-ՐԴ ՆԻՍՏ

5 հունիսի 1920թ.

Ն. Աղբալյանի ճառը

Պարոնայք պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը հանդես եկավ արտակարգ պայմաններում. այդ պայմաններից գլխավորն այն էր, որ մեր հարևան տերություններից մեկը ունեցավ հանկարծական փոփոխություն, հայտարարեց իրեն մեծամասնական և անմիջապես մի մարտահրավեր ուղղեց Հայաստանի Հանրապետությանը, որով զգացնել տվեց, թե իր իսկական բնույթը փոխած չէ, թեև իր կերպարանքը ուրիշ բան էր գուշակել տալիս:

Երկրորդ հանգամանքն այն էր, որ մեծամասնական շարժման ազդեցությունը տարածվեց նաև Հայաստանում և ինչ-ինչ մարդիկ զանազան վայրերում փորձեցին վարից առաջ բերել նմանօրինակ փոփոխություն: Ես անհրաժեշտ եմ համարում մատնանշել այն վերաբերմունքը, որ ուներ կառավարությունն ու ղեկավար կուսակցությունը հանդեպ մեծամասնականների:

Մեր երկիրը, հավատարիմ ռամկավար կարգերին, գործով ցույց տվեց, որ կուզի լինել ապաստան իրենց գաղափարի համար հալածանքի ենթարկված մարդկանց: Դենիկինի հաղթության հետևանքով հալածված մեծամասնականները հալածվելով նաև Վրաստանում, ապաստան գտան հայերի մոտ:

Կառավարությունը նրանց ընդունեց, գործի դրեց, ապրելու հնարավորություն ընձեռեց, մինչև որ կփոխվեին քաղաքական պայմանները և կարող կլինեին վերադառնալ իրենց տեղերը: Սա մի տուրք էր, որ տալիս էր կառավարությունը, մի պարտք էր սա, որ հատուցանում էր ղեկավար կուսակցությանը` գաղափարի համար հալածվածներին, որովհետև ինքն էլ շատ էր հալածվել: Բացի այդ, հալածյալները մեր ազգի էին, նրանք չէին կարող Վրաստանում և Դենիկինյան Ռուսաստանում լավ վերաբերմունք գտնել: Բայց մենք ամենքս այն համոզման էինք, որ այս մարդիկ գալով այստեղ, ստանալով ապրուստ, իրենց հմտությունը կգործադրեն իրենց ժողովրդի օգտին: Նրանք այդպես էլ խոսք խոսք տված, ասել էին, որ Հայաստանը իրենց համար մի կայան է, երբ կպարզվեն հանգամանքները, այստեղից կհեռանան: Եվ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև նրանց համար պարզ էր, որ Հայաստանում տիրում է մի կուսակցություն` ավելի հմուտ, ավելի հին, քան իրենցը:

Սակայն այն հանգամանքը, որ հարևան Ադրբեջանում հանկարծական հեղաշրջում կատարվեց, պատճառ եղավ նման փորձ կատարելու նաև Հայաստանում:

Մենք շատերի հետ խոսելով ցույց էինք տալիս, որ Հայաստանի ղեկավար կուսակցությունը թույլ չի տա, որ նրանք այստեղ քաղաքական դեր խաղան, որ երբեք չմտածեն, թե կարող են քաղաքական բնույթ ունեցող գործի ձեռնարկել: Բայց նրանք կարծեցին, թե Հայաստանի ղեկավար կուսակցությունը մեռած է, լինելով մտահոգ հայ ժողովրդի պաշտպանության խնդրով` չի հետևում նրանց քայլերին: Կարծեցին, թե նա կազմալույծ է և չունի այն կորովը, որ հանդես է բերել տասնյակ տարիների ընթացքում: Մի ծանր հանգամանք նպաստեց նրանց հաջողությանը: Հայաստանի կառավարությունը ցանկանալով օր առաջ մեր երկիրն ազատել օտար պետության վարկաբեկիչ խնամակալությունից, իր հացի պաշարը փոխանակեց սերմացուի հետ: Դրա հետևանքը եղավ հացի ճգնաժամը և իբր արդյունք վերջինիս` ժողովրդի խուլ դժգոհությունը: Այս հանգամանքը նրանք համարեցին լավ հող` ցանելու իրենց խռովության սերմերը, բայց որովհետև խորթ էին նրանք ժողովրդին, որովհետև հավատ չունեին ժողովրդի մեջ և չունեին հետևորդներ, ընտրեցին կռվի այնպիսի միջոց, որ թեպետ անարժեք էին ինքնին, բայց կարող էին ժամանակավոր շփոթ առաջ բերել: Նրանք դիմեցին ստի և խաբեության, տարածելով լուրեր, որ իբր թե Լենինը 150 հազ. փութ ալյուր է ուղարկում Հայաստան, որ տաս հազար մեծամասնական զորքեր Ղազախի վրայով գալիս են դեպի մեզ, որ մեր որբերը կուղարկվեն Կուբան` խնամվելու Ռուսաստանի հաշվով և այլն և այլն:

Այս ստերով նրանք աշխատեցին հուզել ժողովրդի միտքն ու պարարտացնել դժգոհության հողը: Իսկ ովքե±ր էին այդ շարժման ղեկավարները: Նրանց մեջ կային անարժեք, մարդկային արժանապատվությունից միանգամայն զուրկ մարդիկ, գողեր, ավազակներ, վատնիչներ. ահա ձեզ մի օրիորդ, Կարսի մեծամասնական գող` դեռ աշակերտական նստարանից, մի ինչ որ սպա Չմշկյան` թալանչի և վատնիչ գնդի գումարի, մի Տեր-Գրիգորյան` գող ամերիկյան որբանոցային պահեստի: Այսպես` գողեր, ավազակներ, սրիկաներ և խաբեաբաներ հավաքվել էին այդ շարժման շուրջը, կարծելով թե նորից դիրքի կտիրանան և կշարունակեն իրենց շահատակությունները: Որովհետև անարժեք էր նրանց կռվի միջոցը, որովհետև ղեկավարների 90 տոկոսը պարզ գողեր էին, ուստի շարժումը վիժեց խայտառակ ձևով և արագությամբ: Այդ շարժումը երբեք չի կարող համարվել գաղափարական և դեպի նա մենք կարող ենք միայն զզվանք ու արհամարհանք տածել, դա ոչինչ շարժում էր և գործով ապացուցեց իր ոչնչությունը: Ամենից հետաքրքրականը այդ շարժման վախճանի մեջ այն է, որ նրան վերջ տվեց հայոց ժողովուրդը: Զորքն իր գլուխը կորցրած էր, ոմանք դավաճանեցին, ոմանք տատանվում էին, ոմանք անտարբեր էին, անպետք դուրս եկավ պաշտպանությունը: Միայն ժողովուրդն էր, որ ցուցահանեց առողջ բնազդ, առողջ ըմբռնում և առանց զենքի ճնշեց խռովությունը:

Մեծ է ժողովրդական ցասումը: Թեպետ թույլ են մեր հաղորդակցության միջոցները, թեպետ չունենք անգամ թուղթ` տպելու ամեն ինչ և տարածելու ժողովրդի մեջ, բորբոքելու միտքն ու պայծառացնելու գիտակցությունը, բայց և այնպես զարմանալիորեն միատեսակ մտածման, միատեսակ զգացման և կամքի միության հետևանքով վերջ տրվեց խայտառակությանը:

Այդ ցասումը զարմանալի ուժով երևան եկավ: Ալեքսանդրապոլի վրա են գնում գյուղացիներն ամեն կողմից` զինված, անզեն, հեծյալ և հետիոտն, ճնշելու շարժումը առաջ բերված Ադրբեջանին, Տաճկաստանին և Ռուսաստանին վաճառված մարդկանց ձեռքով:

Որքան ողորմելի են շարժման հետևորդները, նույնքան և ավելի ողորմելի ու ստոր էին ղեկավարները: Եվ հայ ժողովուրդը, թեպետ տնտեսական ճգնաժամի մեջ, ցույց տվեց, որ չի կարող հանդուրժել գողերի ու սրիկաների դավադրությունը, ժողովրդական այդ մեծ ցասումը բուռն արտահայտություն էր նրա ցանկության, անկախ լինելու վճռական կամքի` հարվածելու նրանց, ովքեր փորձ կանեն վտանգել իր անկախությունը (խանդավառ, որոտալից ծափեր):

Անհերքելի է, որ խռովության ղեկավարները, ազգով հայ, հարաբերության մեջ էին Տաճկաստանի և Ադրբեջանի հետ: Եվ թքելով իրենց սկզբունքների վրա, գալիս էին հրով ու սրով` ճնշելու ինքնորոշված Հայաստանի անկախությունը: Բայց հայ ժողովուրդն ուզում էր լինել անկախ և, բացի այդ, միացյալ Հայաստանի անկախությունը պաշտպանում է նա բոլոր միջոցներով բոլորի դեմ, (խանդավառ, աղմկալից ծափեր): Այդ փաստը մենք տեսանք: Եթե մինչև այժմ կարծում էինք, թե այդ գաղափարները ղեկավար կուսակցության զգացումն է միայն, թող այժմ տեսնեն, որ համայն ժողովրդի ցանկությունն է այդ, և որ ՀՀ դաշնակցությունը ճշտորեն ձևակերպել է հայ ժողովրդի իդեալը:

Մեծամասնական շարժումը ունեցավ բուժիչ հետևանքներ, նա բացեց մեր ռամկավար աչքերը, շատերը պաշտպանեցին ռամկավարության ավետարանի բոլոր սկզբունքները, բայց շարժումը ցույց տվեց, որ մեր երկրի օտար տարրերը հաշտված չեն: Չեն հաշտվի նաև հետագայում: Հայաստանի անկախության մտքի հետ և ոգիի` բռնի պետք է պայքարեն նրա դեմ: Մեծամասնականները առավելապես հենվեցին այն տարրերի վրա, որոնք իրենց հետին նպատակներով դեմ էին մեր պետական կազմին: Առաջին նվագածուն այդ դավադիրների շարքում կազմում էին ռուսները, նրանք, որ այս գերազանցորեն ռամկավար երկրում հանդիսանում են ազնվականներ, հողեր ունեն նրանք ավելի, քան թե կարող են մշակել, ավելորդ հողաբաժինները նրանք տալիս են հայերին մշակելու, շահագործելով աշխատանքն ու կլանելով արդյունքը. և Հայաստանի կառավարությունը հանդուրժում է դեռ այդ ազնվականությունը, չէր դիպչում նրանց, բայց նրանք իրենց ազնվականության օրերը համրած են տեսնում և միանում են դավադիրներին:

Դուք գիտեք, որ ռուսական տիրապետության ժամանակ հայ գյուղացին իրավունք չուներ խճուղու մեջտեղով սայլը քշելու, նրան թողած էր խճուղու երրորդ մասը, այժմ հուզվում են նրանք, երբ տեսնում են, որ հայը, չէ թե ավելի, այլ իրենց հավասար օգտվում է Հայաստանի խճուղիներից: Լսելով, որ կարմիր զորքերը գալիս են Ադրբեջան, նրանք րոպեն հարմար գտան և ապստամբեցին, որպեսզի բերեն Ռուսաստանին և վերականգնեն իրենց արտոնությունները:

Թուրք ժողովուրդը ևս հաշտված չէ Հայաստանի անկախության հետ և եթե վերջանում է այս երկրում ռուսների տիրապետությունը, ապա պիտի վերջանա նաև հայի տիրապետությունը և հաստատի իրենցը, ինչպե՞ս կարող էին նրանք հանդուրժել տիրապետությունն այն հայի, որին մարդու տեղ չէին դնում և որին կոտորել գիտեին միայն:

Այս է նրանց մտայնությունը, որ երբեք փոխված չէ և փոխվելու տրամադրություն ցույց չի տալիս: Հույների մասնակցությունը պատեհապաշտության հետևանք է, զինվոր պիտի տան և ահա միջոցը ազատվելու դրանից, ազատվել հայերի տիրապետությունից:

Օտարները չեն հոժարում տիրապետող և արտոնյալ դառնալու մարմաջից:

Նրանք ցանկություն ունեն ապրելու այստեղ անաշխատ, հայրենիքի պաշտպանության գործին անմասն և միայն հայն է, որ պիտի տառապի, պիտի տքնի ու արյուն թափի` հայրենիքը և հայրենիքի մեջ այդ օտարների կյանքը պաշտպանելու համար: Նրանց մտքից դեռ չեն գնացել մորթու տարբերությունները, հայը նրանց աչքում հպատակ լինելու արժանի մի ժողովուրդ է: Եթե սա դեմոկրատական հանրապետություն է, ապա պիտի դեմոսը պաշտպանի այս երկիրը: Եթե ապրում են այստեղ, ապա պիտի մասնակցեն տառապանքին ու երկրի պաշտ¬պանության գործին, իսկ եթե կան ժողովուրդներ, որոնք մեր տառապանքը, մեր կռիվը համարում են անխորհուրդ, եթե կան այդպիսիք, որ դեռ չեն հաշտվում Հայաստանի անկախության հետ, ապա ճանապարհը բաց է, կարող են գնալ (աղմկալից, բուռն ծափեր):
Պետք է հայտարարել այդ անհրաժեշտորեն, որովհետև նման մտայնությամբ ու վերաբերմունքով նրանք թշնամի են մեր թիկունքում: Հայ ժողովրդի գերագույն դժբախտությունն այն է, որ նա ունեցել է բազմաթիվ ճակատներ, այսօր նրա գերագույն խնդիրն է ունենալ մի ճակատ: Թիկունքում թշնամի ունենալու պատճառով էր որ մենք թողինք Երզնկան, թողինք Կարինը, Ալեքսանդրապոլը: Մենք կռվում ենք, կկռվենք էլի տաս տարի, բայց մեր թիկունքում զարկող չպիտի լինի և թող իմանան, որ մենք անողոք կերպով կջախջախենք այն բոլոր տարրերին, որոնք այսուհետ կփորձեն թիկունքից զարկել մեզ
(որոտընդոստ ծափեր, խանդավառ ցույցեր):

Մեծամասնական խաչագողության ոչնչացումը այս հոգեբանության արդյունքն էր, ուստի ով կլսի իմ խոսքերը, թող չզարմանա: Ամենից ավելի մենք գիտենք մեր ժողովրդի տառապանքները, ամենից ավելի մենք ենք լսել նրա հեծեծանքը, մեռնողների հառաչանքը, հազարավոր այրիների ու որբերի աղիողորմ կանչը, այդ մենք գիտենք, տեսել ենք ու լսել, բայց պիտի պարզ լինի մեզ համար մի տեսակետ, արդյո±ք Եսայիի նման մենք պետք է ծախենք մեր անդրանիկությունը ոսպե ապուրով: Կան խիստ իմաստություններ` իրենց քաղաքագետ համարող մարդիկ, որոնք կարծում են, թե ազատությունը ծախել` իմաստություն է կուշտ փորի գնով, պարզ պիտի լինի մեզ համար, թե արժե՞ որ դատապարտեք այսքան, պետք է որ մեր զավակները մահանան քաղցից ու հանգիստ գտնեն ռազմի դաշտում. ժողովուրդը արդեն պատասխանեց այդ հարցերին: Այժմ հերթը հասել է մտավորականությանը ու չեմ կասկածում, որ նա ևս պիտի ասեր, թե գերադասում է լինել մերկ, լինել քաղցած, բայց ազատ ու անկախ (երկարատև, խանդավառ ծափեր):

Ազգերի ազատության գաղափարը բուրժուական հասկացողություն չէ, ինչպես շաղակրատում են մի քանի իմաստակներ, ազգերի ազատությու`ն կնշանակե աշխատանքի ազատագրություն, երբ մենք հպատակ էինք, մեր աշխատանքն էր հպատակ, ուստի ամեն մեկ ռամկավար, պետք է հասկանա, որ հայ ժողովրդին ազատելով ռուսական լծից, ազատած կլինեն հայ ժողովրդի աշխատանքը ռուս ժողովրդի շահագործումից, իսկ երբ մենք պաշտպանում ենք մեր ազատությունը Ռուսաստանի դեմ, կուզե լինի բոլշևիկյան, ցարական, թե ռամկավարական, կնշանակե պաշտպանում ենք հայ ժողովրդի աշխատանքի ազատությունը:

Մեծ ազգերը փոքրերի հանդեպ դրամատեր են, բանվորի հանդեպ անիմաստ բան է բանվորի շահի պաշտպանությունը թողնել դրամատերերին, անկախու¬թյունն ու ազատությունն այն միակ զենքն է, որով հայ ժողովուրդն իր աշխատանքը կարող է պաշտպանել օտար երկրի շահագործումից:

Եթե մենք անկեղծ սոցիալիստներ ենք, ապա պիտի կանգնենք Հայաստանի անկախության տեսակետի վրա (աղմկալի ծափահարություն):

Խռովությունները, տնտեսական ճգնաժամն ու դժգոհությունը, իհակե, անցողիկ են, այժմ կառավարության հիմնական նպատակը պիտի լինի հանել հայ ժողովրդին այս մութ գուբից դեպի լույս աշխարհ, որ վերջանում է Բաթումում և Ջուլֆայում (ցնծալից և որոտագին ծափեր): Այնտեղից մենք ձեռք կմեկնենք բարեկամ Պարսկաստանին և ազատ Եվրոպային: Քանի մենք մնանք ներկա գուբի մեջ, դժգոհություններն անպակաս կլինեն, իսկ դրա լուծումն ոչ թե հրաժարվելն է մեր ազատությունից և անկախությունից, ոչ թե ձուլվելն է մի մեծ պետության հետ, ոչ թե պետական հեղաշրջումն է, այլ այն, որ մեր անկախության և ազատության դրոշը տնկենք Բաթումում ու Ջուլֆայում (երկարատև և աղմկալից ծափեր):

Վերջապես մենք պետք է ազատվենք օղակից, պետք է շունչ քաշենք ու ապրենք մարդավարի, ու քանի որ մեծամասնական շարժումը էլ ավելի բարձրացրեց ժողովրդի տրամադրությունը ի նպաստ իր անկախության, քանի որ նա եկած է քաղաքական գիտակցության կառավարության պարտականությունն է կազմակերպել, հզորացնել նրա ուժերը և խորտակելով քաղաքական ավանտյու¬րիստ¬ներին` հանել նրան լույս աշխարհը:

Այս ամենից հետո մեր կառավարության բոլոր ձեռնարկած միջոցները անձամբ ես համարում եմ նպատակահարմար և, թվում է, որ պետք է շարունակե իր գործը նույն ուղղությամբ: Միաժամանակ կառավարությունն այստեղ վկայեց, որ մեծամասնական շարժման հաշվեհարդարի ժամանակ խոշոր դեր խաղացին պառլամենտի անդամները: Դա բնական ընթացք է, պառլամենտը` ժողովրդի ընտրյալները, վտանգի ժամին ժողովրդի մեջ պետք է լինեին, բայց որովհետև դեռ հանգիստ չէ գտել հայ ժողովուրդը, դեռ լուծված չէ չարաբաստիկ հայկական հարցը, վտանգը դեռ կախված է մեզ վրա ու ժողովուրդը իր հողի տերը չէ: Մենք` ընտրյալներս, պիտի շարունակենք մնալ ժողովրդի մեջ, պիտի կազմակերպենք նրան` հաղթանակորեն դիմավորելու մեզ վրա եկող արհավիրքները, չէ՞ որ հին գայլերը դեռ դարանում են այս ոչխարին, մեկը` հարավից, մյուսը` հյուսիսից: Թող ամենքը շարունակեն իրենց գործը, կառավարությունն` այստեղ, պատգամավորները` ժողովրդի մեջ: Ես խորին հավատ ունեմ, որ կանցնեն այս փորձությունները, դրան ապացույց 19 և 20թթ., անցյալ տարի մենք մահանում էինք, այս տարի ապրում ենք: Իսկ եկող տարի կտեսնենք Հայաստանը անվիճելի միացյալ, անկախ և ազատ: (Ցնծագին, որոտընդոստ ծափահարությունների տակ պատգամավորն իջնում է ամբիոնից, ծափահարությունները շարունակվում են երկար, որ վերջում փոխարինվում է խանդավառ ցույցերի):

Տպել Տպել