Դաշնակցությունը ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը

ՀՅ Դաշնակցությունը մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը: Այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։

«Մինչ այժմ գործող բոլոր իշխանությունները ազատական քաղաքականության կրողներ են եղել, և դրոշակ է դարձել «Պետությունը վատ տնտեսավարող է, պետությունը պետք է հեռու մնա» խոսքը: Մենք այդ մոտեցմանը դեմ ենք: Երբ ունենք շուկայի ձախողում, այդ դեպքում պետությունը պետք է ինքը տնտեսական գործունեություն իրականացնի»,- նշեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` այս նախագիծը չէր կարող հակասել Դաշնակցության նախորդ ծրագրերին: «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի նպատակը այս հարցում դաշնակցության տեսլականը ներկայացնելն է:


«Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք առաջիկայում սպասում են, վկայությունն են այն բանի, որ մեր կողմից առաջ քաշված մոտեցումները ճիշտ են: Դրանք վերաբերում են գնագոյացման արդար համակարգից մինչև եկամուտների վերաբաշխման քաղաքականությանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարների խոսքով` իրենք որոշ հարցերի շուրջ համախոհություն ունեն կառավարության մյուս անդամների հետ, բայց իրենց գաղափարներն ամբողջապես իրականություն դարձնելու համար գործադիրում լիարժեք մեծամասնություն է հարկավոր:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ փաստաթուղթը ներկայացվում է հանրային քննարկման՝ որպես նախագիծ, հետագայում նախընտրական պլատֆորմներում օգտագործելու համար։

«Փաստաթուղթը ներկայացվում է հանրային քննարկման՝ որպես նախագիծ։ Քննարկման է ներկայացվում, որովհետև շատ կարևորում ենք հանրային և մասնագիտական շրջանակների կարծիքը։ Նպատակ ունենք այդ քննարկումների արդյունքում վերանայել, բարելավել հիմնադրույթները, և նախատեսվում է, որ այդ հիմնադրույթները կուսակցության համար նախընտրական պլատֆորմների և տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակման հիմք կհանդիսանան»,- հայտնեց Թադևոս Ավետիսյանը։


Նախագծում ներկայացված են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները։ Հիմնական սկզբունքներն են՝ տնտեսական աճը, սոցիալական արդարությունը, կայուն զարգացումը։ Փաստաթղթի առաջին հիմնադրույթում գրված է, որ պետությունը պետք է լիարժեք ստանձնի իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության և կյանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը։

«ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքները հիմնականում վերաբերում են սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և մեխը նաև պետական կարգավորումն է։ Այսինքն՝ պետության դերը տնտեսության կարգավորման մեջ, որպեսզի կարգավորվի նաև սոցիալական, ներառական տնտեսական զարգացումը»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը։

Նախագիծն այսօրվանից կներկայացվի հանրության դատին: Շուրջ երկու ամսվա հանրային քննարկումներից հետո այն կամփոփվի, և կներկայացվի նաև նախագծի վերջնական տեսքը:

Տպել Տպել