Տնտեսության ներուժը պետք է ունենա երկրի համեմատական առավելությունների ամրապնդման և նորարարական լուծումներով ընդլայնման կայուն հիմքեր

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքը՝ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսի ժամանակ:

Սիրելի ընկերներ
Հարգելի ներկաներ

Պատիվ ունեմ ներկայացնելու ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը:

Նախագիծը բովանդակում է՝

– Հայաստանի անկախացումից ի վեր վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականության հիմնախնդիրները, մարտահրավերները,
– Երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:

Մասնավորապես, վեր են հանվել տնտեսական հետևյալ հիմնախնդիրները՝

– Պետական սեփականության առավելագույն մասնավորեցում և կրճատում
– Տնտեսության ուղղակի կարգավորումից դեպի անուղղակի մեթոդների գործադրում
– Ազգային արժույթի դրամական զանգվածի սահմանափակման սկզբունքի արմատավորում
– Արտաքին առևտրային հովանավորչական գործիքների կրճատում
– Տարածքային համաչափ զարգացման ոչ բավարար գործիքակազմ
– Սոցիալական նվազագույն երաշխիքների ապահովման ոչ բավարար արդյունքներ

Աշխատաշուկայի պետական կարգավորման անհամարժեքություն

Սոցիալ-տնտեսական մարտահրավերները առանձնացված են երեք հիմնական ուղղություններով՝

1. Նեոլիբերալ մակրոտնտեսական քաղաքականություն՝
պետության մասնակցային, խթանիչ և կարգավորիչ դերի նվազում

2. Աշխարհաքաղաքական՝
շրջափակում, դեպի ծով ելքի բացակայություն, պատերազմի սպառնալիք ու ռիսկ

3. Միկրոտնտեսական՝
ձեռնարկությունների տնտեսական արդյունավետության և մրցունակության, սահմանափակ մրցակցության խնդիրներ

Որպես սոցիալական՝ պետությունը պետք է լիարժեք ստանձնի իր քաղաքացու սոցիալ-տնտեսական բարեկեցության և կյանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը:
Դաշնակցությունը այս հիմնարար նպատակի իրացման հիմքում դնում է հետևյալ արժեքները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն: Այսպես՝
Իրական ազատության կարելի է հասնել, եթե ապահովված են տնտեսական նախադրյալներն ու հավասար հնարավորությունները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտահայտությունը:

Արդարությունը պահանջում է տնտեսական արդյունքի արդար բաշխում և վերաբաշխում: Սակայն այն չի ենթադրում խորհրդային բացարձակ «հավասարություն»: Չի հակասում նաև աշխատանքն՝ ըստ քանակի ու որակի վարձատրելու շուկայական սկզբունքին: Արդարությունը սոցիալական պետության հիմքն է և երաշխավորում է հասարակության համերաշխությունը։
Իսկ համերաշխությունը լոկ բարեգործություն չէ, այն գոյատևման և ազգի տեսլականին հասնելու գրավականն է, կյանքի որակի և կայուն զարգացման ապահովման նախապայմանը:

Կարգավորվող շուկայական տնտեսությամբ, սոցիալական ու ժողովրդավարական երկիր ունենալու Դաշնակցության հայեցակարգի հիմքում ընկած են 3 հիմնական սկզբունքներ՝

– առաջանցիկ տնտեսական աճ,
– սոցիալական ներառականություն և արդարություն,
– կայուն զարգացում:

Հաջորդիվ կներկայացվեն այս սկզբունքների ներքո առաջարկվող հավաքական լուծումները:

1. Տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական, տարերային կերպով, այլ պետք է զուգորդվի պետական անհրաժեշտ կարգավորմամբ ու նպատակային մասնակցությամբ.
շուկայի դասական «անտեսանելի ձեռքի» ուժը պետք է լիարժեք լրացվի «պետության տեսանելի ձեռքի» ուժով:

Տնտեսության ներուժը պետք է ունենա երկրի համեմատական առավելությունների ամրապնդման և նորարարական լուծումներով ընդլայնման կայուն հիմքեր:

Իսկ սոցիալական ներառականության և կյանքի որակի տեսանելի փոփոխության համար անհրաժեշտ է տնտեսության առավելագույն ներուժին ձգտող կայուն տնտեսական աճ:

Հարկային քաղաքականության հիմքում պետք է դրվի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը: Այսինքն՝ հանրային բարեկեցությունից առավել մեծ բաժին ստացողը դրա դիմաց պետք է հարաբերականորեն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի հասարակության առաջ:

Մրցակցային զարգացման միջավայրի ձևավորումը իր հերթին պահանջում է՝ մեծացնել տուգանքները գերիշխող դիրքի չարաշահումների համար, նախատեսել հակամրցակցային գործողության վնասի փոխհատուցման մեխանիզմ և հզորացնել հակամենաշնորհային պայքար իրականացնող պետական մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները: Այդպիսի ընկերությունները օրենքի ուժով պետք է դառնան ԲԲԸ, որոնց բաժնետոմսերի առնվազն 1/3-ը ազատ բաժանորդագրման պետք է ներկայացվի բորսայում, ինչը կնպաստի եկամուտների արդար բաշխմանը, կորպորատիվ մշակույթի զարգացմանը և հանրային վստահության հաստատմանը:

Սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության հիմնական ենթակառուցվածքային մակրոգործոն են բնական մենաշնորհները, որոնք պետք է ոչ միայն անուղղակի կարգավորվեն պետության կողմից, այլև՝ ունենան ուղղակի պետական մասնակցություն, որոշումներ կայացնելու հսկիչ փաթեթով:

Ենթակառուցվածքային մեծ ծրագրեր նախաձեռնելիս անհրաժեշտ է խուսափել «ենթակառուցվածքային ծուղակից», երբ ծրագրի փաստացի ժամկետն ու բյուջեն բազմապատիկ անգամ գերազանցում են նախահաշիվը և չի ապահովվում ծրագրի արդյունքը:

Արտաքին ռիսկերի կառավարման ճկուն համակարգ ունենալու համար անհրաժեշտ է արտաքին տնտեսական տարբերակված քաղաքականություն՝ տնտեսության ինովացիոն զարգացման և մարդկային կապիտալում արդյունքահեն ներդրումների ներգրավման հիմնական նպատակներով:

Արտաքին և ներքին ներդրումների ներգրավման հիմնական երաշխիքներից է նաև միջազգային չափանիշներով՝ արդար, անկախ և արդյունավետ դատաիրավական համակարգի ձևավորումը, ներառյալ արբիտրաժային դատարանները:

Այս նպատակադրումների համատեքստում հայկական սփյուռքը պետք է դիտվի՝ որպես հենասյունային մակրոգործոն և այդ ներուժը պետք է լիարժեք իրացվի սփյուռքի հետ տնտեսական կապերի զարգացման ռազմավարությանը համապատասխան:

Արտահանման խթանման համար (հատկապես՝ զբոսաշրջության ոլորտում) անհրաժեշտ են՝ ակտիվորեն և ծրագրված օգտագործել ՀՀ դեսպանատների և առևտրային ներկայացուցչությունների հնարավորությունները, արտահանման սուբսիդավորումից ու ապահովագրությունից բացի՝ ներդրնել պետական երաշխիքով առևտրի ֆինանսավորման արդի գործիքներ:

Մյուս կողմից, ներմուծման փոխարինման գործիքակազմը չի կարող արդյունավետ լինել, եթե գոնե պետական գնումներում նախապատվություն չտրվի տեղական արտադրողին:

Տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև աճի առաջնային բևեռների ձևավորմանը՝ ՓՄՁ, աշխատատար և գիտելիքահեն ճյուղեր, զբոսաշրջության ներուժ ունեցող բնակավայրեր, ռազմական արդյունաբերության բարձր տեխնոլոգիատար բնագավառներ, խոշոր ներդրումներով և նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկություններ, հատկապես՝ սահմանամերձ, բարձր լեռնային բնակավայրերում:

Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ապահովագրված, կայուն եկամտաստեղծ և ինտենսիվ տնտեսվարման պայմանների լիարժեք ձևավորում՝ «անապահովությունից դեպի կայուն զբաղվածություն» սկզբունքով:

2. Տնտեսական աճը բարեկեցության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

Զուգահեռաբար և փոխադարձության սկզբունքով՝ տնտեսական զարգացումը պետք է անշեղորեն ուղենշվի սոցիալական ներառականությամբ և արդարությամբ:

Մասնավորապես՝

Նախ՝ ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը, սահմանված թիրախներին ու առաջնահերթություններին համաչափ, պետք է ուղղվի սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներին:

Պետական միջոցների կայուն ավելացմանը զուգահեռ պետք է իրականացվեն պետական և համայնքահեն արդիական ծրագրեր՝ յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն սոցիալական կարիքների բավարարման վերջնանպատակով:

Զուգահեռաբար, առաջնային կարևորություն ունի աշխատաշուկայի պետական կարգավորումը և աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանությունը:
Մասնավորապես.

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծախսված պետական միջոցները վերադարձվեն նրա եկամտահարկով:

Պետության համար առավել նպատակահարմար պետք է լինի աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման գործիք:

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովման համար, ի լրումն, անհրաժեշտ են նաև՝ խոշոր գործատուների կողմից պարտադիր ապահովման աշատատեղերի քվոտայի լիարժեք կիրառումը, պետական աջակցությամբ սոցիալական ձեռնարկատիրության կայացումն ու զարգացումը:

Նվազագույն աշխատավարձը պետք է շարունակաբար բարձրացվի սոցիալական գործընկերության հարթակում, իրական բանակցությունների հենքի վրա՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքին համաչափ, նվազագույն/միջին աշխատավարձ հարաբերակցությունը պահելով՝ 50-60 տոկոս միջակայքում:

Իսկ սոցիալական գործընկերության արդյունավետ զարգացման հիմնական պայման են՝ իրապես անկախ, ներկայացուցչական և հզոր արհմիությունները:

Մյուս կողմից, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան՝ անհրաժեշտ է ամբողջականացնել աշխատանքային օրեսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողական համակարգը՝ բարձրացնելով արդյունավետությունը, բացառելով առկա և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ պետք է պարբերաբար վերանայվեն անապահովության նպաստի չափերը՝ հիմք ընդունելով պետական բյուջեի աճող հնարավորությունը և կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը:

Սակայն անապահովության նպաստ պետք է ստանան աղքատ այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ, իսկ աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն:

Կենսաթոշակային նոր համակարգի ձևավորման համար առաջարկվում են հետևյալ հիմնական սկզբունքները՝ պետության պոզիտիվ պարտավորություն, միջսերնդային և ներսերնդային համերաշխություն, գործատու – աշխատող – պետություն ամբողջական մասնակցություն, համարժեքություն՝ կենսաթոշակի չափի համար ելակետ պետք է հանդիսանա կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կամ երկրի միջին աշխատավարձի առնվազն 40%-ը, օրինական և կայուն աշխատանքի խթանում՝ աշխատանքային ստաժի հաշվառում թոշակի չափի որոշման համար:

3. Կայուն զարգացումը պահանջում է, որ քաղաքականությունը միտված լինի կյանքի որակի առաջանցիկ բարելավմանը, նաև՝ վաղվա բարեկեցության հիմքերի ապահովմանը:

Այստեղ հենասյունային են՝ ժողովրդագրությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Մասնավորապես.

Ծայրահեղ վիճակի հասնող ժողովրդագրական խնդիրների լուծման համար տնտեսական աճն ու սոցիալական լարվածության թուլացումը ինքնին բավարար չեն: Անհրաժեշտ է պետական համակարգված մոտեցմամբ ձևավորել ժողովրդագրական զարգացման ռազմավարական աջակցություն, հետևյալ հիմնական ուղղություններով՝ ծնելիության խթանում, արտագաղթի կանխում և ներգաղթ, տարածքային համաչափ զարգացում ու կյանքի որակի բարելավում:

Կրթական քաղաքականությունը պետք է բխի ոչ միայն աշխատաշուկայի առկա պահանջարկից, այլ նաև՝ առաջանցիկ լուծումներով, որակյալ կադրերի պատրաստումը պետք է դառնա գիտելիքահեն և ինովացիոն տնտեսության զարգացման հիմքը:

Ծառայությունների որակի ու մատչելիության երաշխիքների լիարժեք ներդրմամբ և պետական ֆինանսավորմամբ՝ պետք է անվճար ապահովվեն նախադպրոցական կրթությունը, հանրակրթությունը և մասնագիտական կրթությունը:

Առողջապահության ոլորտում բարեփոխումները պետք է ուղղված լինեն՝ նվազագույն բազային փաթեթով պարտադիր պետական ապահովագրության փուլային ներդրմանը, ինչպես նաև ծառայությունների արդիականացմանը, որակի ու մատչելիության բարձրացմանը, համակարգի ամբողջական էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, ճկուն սակագների ձևավորման խթանների ապահովմանը:
Մարզերում պետք է ձևավորվեն Երևանի բուժհաստատություններին չզիջող բժշկական կենտրոններ։

Մշակութային ժառանգության զարգացումն ու կապիտալացումը պետք է մշտապես լինեն պետության նպատակային աջակցության ներքո, հիմքում ունենալով՝ հոգևոր աղքատության հաղթահարումը, նորարարությունների խթանումը, մշակութային բազմազանության քաջալերումն ու հասանելիությունը, ազգային մշակութային արժեքների միջազգայնացումը, ինչպես նաև մշակութային կրթության և գեղարվեստական դաստիարակության համար ինստիտուցիոնալ հիմքերի ապահովումը:

Բնապահպանական առումով ընդունելի վիճակի ապահովումը ևս հանդիսանում է կայուն զարգացման մակրոգործոն՝ ներկա սերունդի համար ստեղծելով համերաշխության մթնոլորտ, իսկ ապագա սերունդիների համար՝ զարգացման հավասար պայմաններ։

Հետևաբար, քաղաքականությունը պետք է միտված լինի՝ բնական ռեսուրսների գերշահագործման բացառմանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցության նվազեցմանը, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը, ստացվող եկամուտների արդար բաշխմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Տպել Տպել