Դատապարտել են երեւույթը

գաղտնալսում
Օսկանյան-Զուրաբյան զրույցի գաղտնալսումը դատապարտում են բոլոր քաղաքական ուժերը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը գաղտնալսումը անթույլատրելի է եւ ամենաանցանկալի ձեւն է համարում. այս մասին նա հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում եւ ընդգծել, որ այն անօրինական է, եթե առանց դատարանի որոշման է արվել:

«Թե ում էր դա ձեռնտու` բոլորովին այլ հարց է, քանի որ կարող էր ձեռնտու լինել իշխանության որոշ շրջանակների, ինչու ոչ՝ նաեւ ընդդիմության որոշ շրջանակների»,-հայտարարել Վահան Հովհաննիսյանը:

Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ կարող էր ձեռնտու լինել ընդդիմադիր որոշ շրջանակների, Հովհաննիսյանն ընդգծել է, որ ընդդիմության մեջ եղած մրցակցին թուլացնելը եւս կարող էր դրդապատճառ լինել: Չնայած սրան, Վահան Հովհաննիսյանը ոչ մեկին չի շտապում մեղադրել, առավել եւս` չի կարծում, որ ընդդիմադիրների ձեռքի գործն է, օրինակները զուտ տեսականորեն բերեց:

Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ կողմերը պետք է դատի տան, որ գործն ամբողջությամբ բացահայտվի, եւ հենց շահագրգիռ կողմերը պետք է բացահայտեն կազմակերպիչներին:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը կարծում է, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն բացահայտելու համար կատարվածը:

«Եթե երկրում քաղաքական մենաշանորհը դառնում է բացարձակ, մարդիկ կարծում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է՝ մոռանալով, որ կյանքը շարունակվում է, այսօրվա քաղաքական մեծամասնությանը վերադառնալու է փոքրամասնությանը: Ակնհայտ է այս գաղտնալսման ուղղվածությունը, միտումը: Մարդիկ պետք է հասկանան, որ կյանքը, փոխվում է և վաղը իրենք կարող են հայտնվել նույն իրավիճակում».-ասել է Աղվան Վարդանյանը:

Լրագրողների հարցմանը թե այս միջադեպը կարո՞ղ է ՀՅԴ-ի համար զգուշացնող լինել, Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք զգուշանալու որեւէ բան չունենք: Մենք ինչ արել ենք, արել ենք ակնհայտերոն հրապարակային եւ բացահայտ: Մենք անհանգստանալու բան չունենք, անհանգստանալու բան ունի յուրաքանչյուր քաղաքացի` իր անձնական կյանքին միջամտելու հարցում: Սա է պետք կարեւորել»:

Տպել Տպել