Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի` ընկեր Վահանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան:

Այս առիթով ներկայացնում ենք նրա գրի առած հուշերից մեկը.

«Ֆիզիկապես բանտը խլեց իմ կյանքից համարյա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարևորագույն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարավորությունը: Եվ շատ ուրիշ հնարավորություններ, որոնցից մի մասն այլևս չես վերադարձնի: Առաջացան նաև որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաև ժողովրդից. արժանապատվության ու սեփական ուժերին ապավինելու հույսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան: Կուսակցության մասին չէ խոսքս` կուսակցությունը դիմացավ: Խոսքս հասարակության այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունեին՝ նրանք մի կողմ քաշվեցին: Մեր ձերբակալումից հետո ու բանտարկության տարիներին, նույնիսկ, արտագաղթի տեսակը փոխվեց, վերածվեց քաղաքականի: Շատերին թևաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որևէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափության դեպքում մարդը ժամանակ հետո ընդունակ է վերականգնել հավատը, իսկ քաղաքական հիասթափության պատճառով գնացածները շատ հազվադեպ են վերադառնում երկիր:

Այնուամենայնիվ ես իմ երեք տարվա մենությունը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերեն լեզվին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, հետո կամաց-կամաց ահագին գրականություն կարդացի… Բանտը նաև մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարավորություն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կյանքից բացի ուրիշ բան չկա:

Հիասթափության պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալվել ես: Եթե կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարությունը, հո, գիտեի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մեջ ոչինչ չի փոխվել: Պարզապես քայլերս եմ վերանայել, որպեսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետևանք լինի, ճիշտ լինելու դեպքում էլ կարող ես պատժվել, եթե սխալ ես քայլել: Համենայն դեպս, բանտարկված ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտա այս խաղերի մեջ, էլ չեմ անի…

Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կգամ ու դրանց աչքերը կհանեմ: Վրեժխնդրության պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապես գարշանք եմ զգում: Իսկ վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի. վենդետան իր ետևից վենդետա է բերում, և այդպես շարունակ…

Ի վերջո, Տեր Պետրոսյանի դեմ շարժումը հաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապես իր նկատմամբ պետք է արվեին որոշակի քայլեր. գահընկեցությունից հետո սահմանադրական ժողովը պետք է որոշեր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից հետո արդեն ձևավորված լեգիտիմ իշխանությունը քննություն անցկացներ: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դեպ, բոլորովին չէր ենթադրում իշխանության գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, հիշում եմ, հնգյակներ, վեցյակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, հետո Լևոնի հետ ինչ-որ ձևով լեզու գտան, Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար…

Մի խոսքով Լևոնին հաջողվեց քայքայել ընդդիմադիր միասնությունը՝ մեկին կաշառեց, մեկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտվեց»:

Վահան Հովհաննիսյանը կյանքից հեռացավ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին: Նրա ֆիզիկական բացակայությունն այսօր զգալի է ամենուրեք:

yerkir.am

Տպել Տպել