Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների շարքերը և նաև նոր հնարավորություններ են ստեղծելու, որպեսզի Արցախի մասին թե Եվրախորհրդարանում, թե իրենց ներկայացրած քաղաքական խմբերում ավելի տեղեկացված լինեն ու ավելի ճիշտ պատկերացում ունենան՝ Արցախում ապրող մարդկանց ցանկությունների մասին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն ընդգծել է եվրոպական կառույցների հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների անցնելու անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Զոնեբորնը նշել է, որ իրենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցներ են և այդ առումով պատրաստ են աջակցել Արցախի ժողովրդին:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, Եվրախորհրդարանի պատգամավորն իր գործընկերների հետ հանդիպել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին:

Բացելով հանդիպումը՝ բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ նորաստեղծ այս համագործակցությունը երկարատև և արդյունավետ կլինի:

Հանդիպման ընթացքում եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են Արցախում արտաքին վտանգի պայմաններում ներքին հարցերի լուծման տարբերակների և արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել են Արցախում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր:

aparaj.am

Տպել Տպել