Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ օգոստոսի 29-ին: Քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարությունների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ:

Առանձնակի ուշադրություն դարձվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպմանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանության կազմակերպմանն ու պայմանագրերի կնքմանը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական տաք սնունդ» ծրագրի ցանկում ընդգրկված դպրոցների բուֆետներում իրականացվող վերանորոգման աշխատանքներին առնչվող հարցերին:

Անդրադարձ եղավ նաեւ սուբվենցիաների տրամադրմանը եւ համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին: Մարզպետը հանձնարարեց հստակ ներկայացնել կառավարության կողմից հաստատված այն ծրագրերի պատկերը, որոնք իրականացվելու են համայնքներում:

Ամփոփելով քննարկված հարցերը՝ Աշոտ Սիմոնյանն աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց առավել խստապահանջորեն եւ պատասխանատվությամբ մոտենալ տրված հանձնարարականների կատարմանը, չներկայացնել մոտավոր, ոչ լիարժեք տեղեկատվություն, փաստարկներին մոտենալ բացառապես օրենքների պահանջների սկզբունքներից:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել