Մարտին Զոնեբորնն ամփոփել է Արցախ կատարած այցը

Օգոստոսի 28-ից Արցախում է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունը, որը Արցախ է ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի եւ հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

Այցի ընթացքում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել. ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի եւ Արցախի մի շարք ՀԿ-ի հետ:

Եռօրյա այցի արդյուքները Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնն ամփոփել է օգոստոսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանի «սեւ ցուցակում» կան ավելի քան 700 անձինք։ Ծրագրում ենք հաջորդ տարի Արցախ այցելել զբոսաշրջիկների մեծ խմբով՝ նպատակ ունենալով 1000-ի հասցնելու այդ ցուցակը»,-ասել է Մ․Զոնեբորնը եւ նշել, որ հայերին այնքան է գնահատում, որ հայուհու հետ է ամուսնացել։

Նա ընդգծել է, որ Արցախում հատկապես շատ է հավանել մարդկանց աննկարագրելի ջերմությունը, եւ այն նպատակաուղղվածությունը, որն առկա է Արցախում՝ ժողովրդավար պետություն կառուցելու համար:

«Իրարից շատ բան ունենք սովորելու։ Մեր կուսակցությունը կանի ամեն ինչ, Եվրոպայում Արցախի մասին տեղեկացնելու համար։- ընդգծել է պատգամավորը՝ հատկապես կարեւորելով երկու երկրների լրատվամիջոցների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը,- Նպատակ ունենք հետագայում համագործակցել տեղական լրատվամիջոցների հետ։ Նախատեսում ենք հաջորդ տարի Արցախում կազմակերպել կոնգրես, որպեսզի Արցախի եւ Գերմանիայի լրագրողները եւ գիտնականները շփվելու եւ համագործակցելու հնարավորություն ունենան»։

Խոսելով Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիվ հայտարարությունների վերաբերյալ՝ Մ․Զոնեբորնը նշել է, որ իր համար ինքնորոշման իրավունքը հանդիսանում է հիմնարար իրավունք եւ դրա մասին խոսք լինել չի կարող։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում արդյունավետ է որակել այցը եւ նշել, որ այն կունենա շարունակություն․ «Պատվիրակներն ամբողջությամբ նկարահանել են Հայաստան, Արցախ այցը եւ նախատեսում են ֆիլմ պատրաստել»,-նշել է Գասպար Կարապետյանը։

Պաշտպանն ընդունել է Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը

2018թ. օգոստոսի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանն անդրադարձ է կատարել ԱՀ ՄԻՊ ինստիտուտի իրավական կարգավիճակին, կառուցվածքին, գործունեության առաջնահերթություններին, քաղաքացիական հասարակության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցությանը:

Պատվիրակության անդամներին հետաքրքրում էր, թե ինչ մարմինների դեմ են առավելապես դիմումներ հասցեագրվում Պաշտպանին, ինչ շրջանակներում է Պաշտպանը համագործակցում պետական մարմինների հետ, գործնականում ինչ եղանակներով է իրագործվում իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված ՄԻՊ գործունեությունը:

Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը Արցախ կատարած այցի համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը Արցախի և եվրոպական կառույցների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում:

aparaj.am

Տպել Տպել