Ի՞նչ արտոնություն կստանան գյուղացիները, եթե միավորվեն ու խոշորացնեն հողերը

Եթե գյուղացիները միանան` հողերը խոշորացնեն, լինի դա կոոպերատիվ գյուղացիական ասոցացիա կամ ցանկացած այլ բան, մենք կարող ենք այդ տնտեսություններին ապահովել ոռոգման կաթիլային ցանցով: Այս մասին այսօր պաշտոնավարման 100-օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով` ոռոգման կաթիլային նոր համակարգերի ներդրման արդյունքում ջրի անտեղի կորուստներ չեն լինի և բերքատվությունը կբարձրանա: «Երբ հողերը խոշորացվեն և ներդրվի կաթիլային ոռոգման համակարգը, եղած հողակտորի արդյունավետությունը, հետևաբար նաև հողակտորի տիրոջ կամ վարձակալի եկամտաբերությունն էապես կբարձրանա»,- նշեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ օրերս վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել էվարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության ղեկավարի կողմից:

Պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումը և տարածքային անհամամասնությունների մեղմումն է: Նախագծով առաջարկվում է նաև ուղղակի աջակցություն տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

Ներկայումս բանակացություններ են տարվում Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, որ որոշակի զեղչեր ստանան Վրաստանից երկաթուղային ճանապարհով հացահատիկը Հայաստան տեղափոխելու համար. ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Հարցին, թե Վրաստանի տարածքով խոշոր բեռնատարներով ցորենի տեղափոխման առաջիկա սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստան ներմուծված ցորենի գնի վրա, նախարարը պատասխանեց. «Եթե զեղչն էական լինի, ապա այն ցորենի և հետևաբար այլուրի գնի վրա չի անդրադառնա: Իսկ եթե զեղչ չլինի, ապա որոշակի հաշվարկներով, դոլար-դրամ տատանումները հաշված` հնարավոր է մինչև 25 դրամի թանկացում»,- ասաց նա` նշելով, որ դրանք հոռետեսական հաշվարկներ են: Նախարարը նշեց, որ մինչ օրս ցորենի հիմնական մասը ներկրվել է Լարսով` բեռնատարներով, որը հավանաբար ավելի մատչելի է եղել:

Դիտարկմանը, թե նմանօրինակ ռիսկերից խուսափելու համար արդյո՞ք անհրաժեշտ չէ քայլեր ձեռնարկել Հայաստանում հացահատիկի արտադրման ծավալներն ավելացնելու և Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր դարձնելու ուղղությամբ, նախարարը խատասխանեց.«Մեր առջև Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր դարձնելու խնդիր չի դրվել, մեր խնդիրն է այնպես անել, որ մարդիկ այնպիսի մշակաբույսեր ցանեն, որպեսզի իրենց եկամտաբերությունն ավելանա: Մեր խնդիրն է մարդկանց օգնել ավելի ցածրարժեք մշակաբույսերի մշակումից անցում կատարել ավելի բարձրարժեք մշակաբույսերի մշակմանը»:

Նախարարի համոզմամբ, ցորենի ավելի բերքատու տեսակներ ցանելու ու այսօր չօգտագործվող հողատարածքներում ևս ցորեն ցանելու դեպքում ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է:

Տպել Տպել