Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է հանգեցնեն իշխանափոխության, հակառակ դեպքում` դրանց մասնակցելն անիմաստ կլինի

ArmenR Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է հանգեցնեն իշխանափոխության, հակառակ դեպքում`ՀՅԴ կուսակցության մասնակցությունը դրանց անիմաստ կլինի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը միաժամանակ նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցության առնչությամբ վերջնական որոշում կընդունվի կուսակցության Գերագույն ժողովի ընթացքում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:

Ռուստամյանն անհիմն է համարում խոսակցությունները, թե ՀՅԴ-ն ընտրություններին կառաջադրի հենց իր թեկնածությունը: «Նման որոշումներ կայացնում է Գերագույն ժողովը, և ես չեմ կարող որևէ կանխատեսում անել»- ընդգծել է խմբակցության ղեկավարը:

Նա նաև ընդգծել է, որ ընտրություններին մասնակցությունը ՀՅԴ համար ինքնանպատակ չէ: «Ընտրությունները պետք է հանգեցնեն իշխանափոխության, հակառակ դեպքում`դրանց մասնակցությունն անիմաստ է դառնում», – ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լուրջ մրցակից ունի` Ռուստամյանը նշել է, որ ՀՀԿ-ն ամբողջովին օգտագործում է պետական լծակները, և այդ պայմաններում մրցակցության մասին խոսելը, մեղմ ասած, միամիտ է:

«Քաղաքական ուժերը պետք է հավասար հնարավորություններ ունենան, սակայն դրանք այսօր չկան», – ասել է նա:

Տպել Տպել