Իշխանությունը խաղի կեսից փոխեց խաղի կանոնները

xmbaktcutyun
Իշխանությունը էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության հետ կապված առաջարկել է իր տարբերակը՝ 3 իշխանություն, 3 ընդդիմություն, 1 ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կազմ:

Այս տարբերակի հետ կապված՝ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ թեեւ ԱԺ նախագահը ջանքեր գործադրեց, որ կողմերը համաձայնության հասնեն, բայց, ցավոք, չստացվեց:

Արծվիկ

Պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծել է, որ էթիկայի հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական:

Ըստ Մինասյանի, իշխանության առաջարկած տարբերակում, աննպատակահարմար է խոսել հանձնաժողովի արդյունավետության մասին: «Այս նախագիծը ոչնչացնում է այն լավ հիմքը, որ դրվել էր հանձնաժողովում:

Այս նախագիծը ընդունելով` ԱԺ-ն հարված է ստանում, երբ ժողովրդավարության տարրական ծիլերն են ոչնչացվում»,- հայտարարել է դաշնակցական պատգամավորը եւ նշել, որ անհասկանալի է այն ջանասիրությունը, որ մեծամասնությունը փորձում է ներառել օրենքի նախագծում:

Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ ընդդիմության առաջարկությունները քաղաքական մեծամասնության կոշտ դիմադրությանն են արժանացել, իսկ հիմա որեւէ բան անիմաստ է քննարկել: «Եվ, ուրեմն, կարողացեք ինքներդ էլ ստեղծել հանձնաժողով, ինքներդ էլ գնահատեք, ես առաջարկում եմ ընդդիմությանը քննարկել այս հանձնաժողովում առհասարակ ընդդիմության մասնակցության նպատակահարմարության հարցը»,- հայտարարել է նա:

Պատգամավորը նշել նաեւ, որ խաղի կանոնները խաղի ընթացքում չեն փոխում: «Դա նույնն է, որ առաջարկեք շախմատ խաղալ, բայց հետո խաղի կեսից որոշեք զրահաբաճկոն հագնել եւ սուսերամարտ խաղալ»,- հայտարարել է նա:

Աղվան Վարդանյանը բարի ճանապարհ մաղթեց մեծամասնությանը

ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ թեեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը բոլոր փաստարկները բերեց, բայց ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «Լսողին մեկ ասա, չլսողին հազար ու մեկ»:

Աղվան-Ժողով

Աղվան Վարդանյանը հերթական անգամ նշել է, որ հանձնաժողովը չպետք է քաղաքականացնել, որ երբ իշխանությունը միջազգային փորձն է մեջտեղ բերում, չի խոստովանում մի պարզ ճշմարտություն, որ միջազգային փորձը երբեք էլ մեզ մոտ չի աշխատել: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն նկատել է նաեւ, որ բոլորս էլ լավ հասկանում ենք, թե ինչ պատկեր կունենանք, եթե հանձնաժողովը ձեւավորվի իշխանության առաջարկած տարբերակով:

«Մենք փորձում ենք ձեւափոխել մի մարմին, որը չի աշխատելու, համալրելու է այն բազմաթիվ մարմինների շարքը, որոնք իրենց ֆունկցիան չեն կատարում: ՀՅԴ-ին նման մարմին պետք չէ, մենք ինքնախաբեությամբ չենք ուզում զբաղվել, ձեզ պետք է նման մարմին՝ ունեցեք»,- հայտարարել է Վարդանյանը եւ հավելել, որ թեեւ մեծամասնությանը արդեն երկու օր է բացատրում են, բայց մեկ է` բոլորս էլ լավ ենք ճանաչում մեծամասնությանը եւ վերջում տեսնելու ենք, որ գնալու են՝ «Մեր ասածն է, եւ վերջ, մեր դեմ խաղ չկա» ճանապարհով:

«Եվ ուրեմն՝ բարի ճանապարհ Ձեզ»,- եզրափակել է Աղվան Վարդանյանը

Տպել Տպել