Բնակիչներն ու քաղաքապետը պետք է միասին լուծեն Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները

ՀՅԴ ավագանու թիմը քարոզարշավի շրջանակում շարունակում է շրջայցը Երևանի համայնքներում: Այսօր ՀՅԴ քաղաքապետի թեկնածուի մասնակցությամբ նրանք այցելել էին Նուբարաշենի վարչական շրջան:

Բնակիչները ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանի հետ զրուցելիս բարձրացնում էին ամենատարբեր հարցեր, սակայն ամենաառանցքայինը Նուբարաշենի աղբավայրի հարցն էր:

Թեկնածուն քաղաքացիներին տեղեկացնում էր, որ իրենց ծրագրում առանցքային կետերից է հենց աղբի խնդրի լուծումը ու բացատրում, թե ինչպես են իրենք պատկերացնում Նուբարաշենի աղբավայրի հարցի լուծումը: Քաղաքացիներն էլ իրենց հերթին էին լուծման տարբերակներ առաջարկում:

ՀՅԴ ավագանու ցանկում Նուբարաշեն վարչական շրջանից թեկնածու է առաջադրվել Եղիշե Գևորգյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի բոլոր վարչական շրջաններն էլ ունեն բազմաթիվ խնդիրներ, բայց Նուբարաշենն առանձնանում է աղբավայրի խնդրով:

Բնակիչների հետ հանդիպումից հետո Միքայել Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շրջում է տարբեր վարչական համայնքներում, ծանոթանում խնդիրներին, լսում մարդկանց, ովքեր խնդիրների լուծման իրենց տարբերակն են առաջարկում և նկատում, որ բազմաթիվ խնդիրների լուծումները բնակիչներն ու քաղաքապետը պետք է միասին գտնեն:

«Այլ ճանապարհ չկա, քան միասնությունը: Բոլոր խնդիրներն ունեն իրենց լուծումը, բնակիչներն ու քաղաքապետը պետք է միասնական աշխատանքով լուծեն Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները»,- նկատեց նա:

yerkir.am

Տպել Տպել