Սպորտային, մշակութային տոնախմբություն` Արաբկիրում. ներկա էին ավագանու ՀՅԴ թեկնածուները

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնի առիթով Երևանի Արաբկիր վարչական շրջանում թաղապետարանի կողմից կազմակերպվել էր մարզական և մշակութային տոնախմբություն, որին մասնակցում էին ՀՅԴ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուները` քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը, Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանը, ցուցակի երկրորդ Դավիթ Հակոբյանը, երրորդ համար Խաչատուր Ստեփանյանը և այլք: Ներկա էին ՀՅԴ ԳՄ անդամներ, այլ դաշնակցականներ:

Նախքան միջոցառման մեկնարկը թեկնածուները Սուրբ Հովհաննես եկեղեցում օրհնություն ստացան և նոր միայն քայլերթով շարժվեցին դեպի Վարդան Դավթյանի անվան այգի, որտեղ էլ տեղի ունեցավ տոնախմբությունը:

Նշենք, որ Հայաստանի անկախության տոնն այս տարի համընկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրվա հետ:

Լրագրողները ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը: Մանուկյանը նախ շնորհավորեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին անկախության տոնի առիթով, ապա պատասխանեց հարցին․ «Բոլորս ներկայացրել ենք ծրագրեր, բոլոր ուղղություններով խնդիրները բարձրացված են, դրանց լուծումների մասին խոսել ենք, բայց կարծես թե մոռացել ենք մեր ժողովրդին, մեր երևանցուն: Ի վերջո, բոլոր ծրագրերն էլ մարդկանց համար են: Երևանցին Երևանում պետք է լավ, ուրախ, բարեկցիկ ապրի: Մարդը բարձրագույն արժեք է, և այդ գիտակցմամբ պետք է մոտենանք բոլոր խնդիրներին»։

Նա նշեց, որ ի սկզբանե անընդունելի բան տեղի ունեցավ քարոզարշավի մեկնարկին` ժողովուրդը բաժանվեց, մթնոլորտը քաղաքականացվեց, բայց, ի վերջո, Երևանը համայն հայոց մայրաքաղաքն է:

Նշենք, որ տոնախմբությունից հետո ՀՅԴ-ականները ավտոշարասյունով շրջելու են Երևանի բոլոր վարչական շրջաններում` բնակիչներին կոչ անելու՝ ընտրել ՀՅԴ-ին:

yerkir.am

Տպել Տպել