Մեր անկախ պետականությունը մեր արժանապատվությունն է ու մեր հպարտությունը


ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

«Սիրելի’ հայրենակիցներ,

Վերանկախացած մեր պետականությունը արդեն 27 տարեկան է, և հերթական տարեդարձը առիթ է միմյանց շնորհավորելու, արժևորելու ձեռքբերումներն ու նաև մատնանշելու թերություններն ու ձախողումները և դրանք շտկելու ուղիները։

Դժվար է գերագնահատել պետականության դերը հայ ժողովրդի համար։ Մեր պատմությունը հատկանշվում է ազգային պետականության պահպանման կամ անկախության վերականգնման համար տևական պայքարով։ Պայքար, որի շնորհիվ ձեռք ենք բերել մեր գոյության իրավունքը և այն հերթական անգամ վերահաստատեցինք նաև 1991 սեպտեմբերի 21-ին։

Առհասարակ, անկախ պետականությունն ազգի ինքնակազմակերպման բարձրագույն եղանակն է ու նաև բնականոն զարգացման նախապայմանը։ Լինելով աշխարհասփյուռ ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետությունը կոչված է լինելու համայն հայության հայրենիքն ու նրա շահերի պաշտպանը և ըստ այդմ՝ հայկական անկախ պետականության հզորացումն ու ամրապնդումը պետք է դառնա համայն հայության գերխնդիրը: Մեր պատմական հայրենիքի մի հատվածում վերհառնած հայոց նոր պետականությունը հզորանալու և ծավալվելու ուժականություն ունի, ինչի առհավատչյան ազատագրված Արցախն է։

Մեր անկախ պետականությունը մեր արժանապատվությունն է ու մեր հպարտությունը, և մենք այն սրբությամբ պետք է պահենք։ Պետականության նեցուկն ու հենարանը իրավատեր քաղաքացին է և մեր պետականության թիվ մեկ խնդիրը քաղաքացու շահերի և օրինական իրավունքների պաշտպանությունը պետք է լինի։

Ազատ, արդար ու համերաշխ հասարակություն ստեղծելու առումով մենք դեռևս հսկայական անելիք ունենք։ Սխալներն ու բացթողումները պետք է թողնենք անցյալում և յուրաքանչյուրս մեր տեղում առավելագույն ներդրումն ունենանք հայրենի պետականության շենացման գործում։ Պետության կայունությունը, պաշտպանունակությունն ամրապնդելը, երկրի հեղինակության աճը մեր բոլորի պարտականությունն է։

Հայության առջև ծառացած մարտահրավերներին մենք ի զորու ենք դիմագրավել, եթե առաջնորդվենք համահայկական օրակարգերով, լինենք համախմբված ու գործենք միասնաբար։ Հայրենիքում, թե արտերկրում, իշխանության կազմում, թե ընդդիմության մեջ, մարտի դաշտում, թե քաղաքացիական կյանքում՝ մեր գործը մշտապես պետք է ուղղված լինի հայոց պետականության կայացմանն ու հզորացմանը: Միայն այդ կերպ մենք կարող ենք կերտել մեր երազանքի երկիրը»։

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն մարմին

Տպել Տպել