Արցախում են Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամները

Հանդիպում Եվրախորհրդարանի պատվիրակության հետ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ:


Քննարկվել են Եվրախորհրդարանի հետ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպայի եւ նրա տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը եղել եւ մնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ բարձր գնահատելով Էլենի Թեոխարուսի եւ Արցախի մյուս բարեկամների անձնվեր աշխատանքն այս ուղղությամբ:

Արցախյան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն Էլենի Թեոխարուսին է հանձնել Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչման վկայականը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

president.nkr.am

Արցախի Հանրապետության ԱԺ-ում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներին

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին, Միկայիս Գիորգալասին և Կիպրոսի Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Նաիրի Մուրադյանին:

Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահը կարևորել է Արցախի վաղեմի բարեկամ Էլենի Թեոխարուսի հերթական այցը և մասնավորապես նրա ջանքերը՝ Արցախը նաև իր բարեկամների համար ճանաչելի դարձնելու առումով:

«Մեր այս հանդիպումը հերթականը լինելով՝ նոր հնարավորությունների բացահայտման հիմք կարող է դառնալ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Իր համակրանքը հայտնելով Արցախի ժողովրդի հանդեպ՝ Էլենի Թեոխարուսը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս իր գործընկերների համար հասանելի դարձնել Արցախը, որպեսզի նրանք իրենց աշխատանքի ընթացքում կարողանան ճիշտ որոշումներ ընդունել:

Խոսելով հայ և հույն ժողովուրդների վաղեմի բարեկամության մասին՝ Կիպրոսի խորհրդարանի անդամ Յորգոս Պերդիկիսը նշել է, որ երկու ժողովուրդները կիսում են նույն արժեքները, դավանանքը և ունեն զարգացման նույն տեսլականը:

Միկայիս Գիորգալասը ևս գոհունակություն է հայտնել Արցախ այցելությունից և նշել, որ իրենք տեսնում են Արցախի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Հանդիպման ընթացքում խոսվել է հարաբերությունների զարգացման և փոխգործակցության հեռանկարների մասին:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամության խմբի նախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

Պատվիրակությունն այնուհետև հանդիպել է ԱԺ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամության խմբի անդամների հետ: Բարեկամության խմբի նախագահ Վահրամ Բալայանը կարևորել է նմանատիպ այցելությունները՝ ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի կողմից արհեստականորեն մեկուսացնելու ապարդյուն ջանքերը:

Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, Հունաստանում և Կիպրոսում Արցախը ներկայացնելու աշխատանքների խրախուսումն ու տեղեկատվության փոխանակումը:

Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

nankr.am

Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կիպրոսից ժամանած խորհրդարանականների պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) գլխավորությամբ։ Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարամպետյանը։

Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախի միջազգային կապերի ու տարբեր երկրների սուբյեկտների հետ համագործակցության հաստատման փորձը։ Մասիս Մայիլյանը նաև ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման, միջազգային գործընթացներում ներգրավվածության ապահովման և արտերկրում Արցախի մասին իրազեկվածության աստիճանի բարձրացման գործում։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կիպրոսի միջև տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել՝ ջանքեր գործադրել Կիպրոսում, ինչպես նաև եվրոպական տարբեր կառույցներում Արցախի մասին իրական պատկերը ներկայացնելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու ուղղությամբ։

nkr.am

Տպել Տպել