2019 թվականի պետական բյուջեի ծախսերը` նախորդ տարվա համեմատ կաճեն ընդամենը 10 տոկոսով

Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծին:

Մի անգամից կարելի է փաստել, որ դրական սպասումները մեծ են, հատկապես նոր իրողություններով պայմանավորված՝ երկրի սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից:

Նախ. 2019 թվականին վերջապես անցում ենք կատարում ամբողջական ծրագրային բյուջետավորման: Այսինքն, առաջնային կարևորվում է բյուջետային յուրաքանչյուր ծրագիր՝ դրված նպատակով, դրանից բխող և նախապես սահմանված արդյունքի ցուցանիշներով:
Անխոս, բյուջետային ծրագրավորման այս տրամաբանությունը հնարավորություն կտա իրականացնել նպատակային կառավարում՝ նախապես լիարժեք թիրախավորել պետական բյուջեի ծախսերը, նաև համակողմանի գնահատել ստացված արդյունքները:
Միաժամանակ կարծում ենք սակայն, որ ֆինանսական ամփոփ ցուցանիշների աճի վերաբերյալ ձևավորված սպասումներն օբյեկտիվորեն ավելին են, քան արտացոլված են պետական բյուջեի 2019 թվականի նախագծում:

Մասնավորապես, 2018 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմում են 1,308 տրիլիոն դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 100 միլիարդ դրամ է կամ 8,2 տոկոս: Ծախսերը կազմում են 1,465 տրիլիոն դրամ, իսկ աճը նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 105 միլիարդ դրամ կամ 7,7 տոկոս (աղբյուրը՝ http://www.gov.am/files/docs/2575.pdf, http://www.gov.am/files/docs/2014.pdf):

2019 թվականի համար, պետական բյուջեի նախագծով, եկամուտները կազմում են 1,462 տրիլիոն դրամ, աճը 2018 թվականի համեմատ՝ շուրջ 154 միլիարդ դրամ կամ 11,7 տոկոս: Ծախսերը կազմում են 1,614 տրիլիոն դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 149 միլիարդ դրամ կամ 10,2 տոկոս (աղբյուրը՝ https://www.e-gov.am/sessions/, հարց 36):

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ 2019 թվականին պետական բյուջեի եկամուտների և ծախսերի աճերը նախորդ տարվա համեմատ ընդամենը 3,5 տոկոսային կետով են գերազանցում 2018 թվականի այդ նույն ցուցանիշները, որը մեր գնահատմամբ էական չէ:

Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրավորվող աճի ամփոփ գնահատման տեսանկյունից օբյեկտիվորեն անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ տարբեր գնահատումներով, մեր երկրում առկա է շուրջ 50 տոկոս ստվերային տնտեսություն, հետևաբար՝ նաև առկա է իրական մեծ ներուժ բյուջեի եկամուտների ու ծախսերի ավելացման համար:

Մյուս կողմից, երկրի սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից պակաս հատկանշական չեն նաև հետևյալ ցուցանիշները. ինչպես 2018 թվականի, այնպես էլ 2019 թվականի պետական բյուջեներով սոցիալական ոլորտին հատկացվող միջոցները մնացել են գրեթե նույն չափով, նվազագույն ամսական աշխատավարձի և պետական հատվածում աշխատավարձերի աճեր նախատեսված չեն, գնաճի թույլատրելի մակարդակը ևս մնացել է նույնը՝ 4 +/-1,5 տոկոսային կետ:

Սոցիալական ոլորտին և տնտեսության ներառական զարգացման ապահովմանն ուղղվող պետական բյուջեի միջոցների, նվազագույն աշխատավարձի չափի առաջնային աճերը օբյեկտիվորեն պետք է կարևորվեն, եթե հաշվի առնենք մեր երկրում առկա շուրջ 30 տոկոս աղքատության մակարդակը, 18 տոկոս գործազրկության մակարդակը, աշխատողների մեջ աշխատող աղքատների բարձր տեսակարար կշիռը՝ շուրջ 25 տոկոս և այլն:

Այս տեսանկյունից օբյեկտիվ և ողջունելի է սոցիալական քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության կողմից վերջերս առաջ քաշված հետևյալ սկզբունքը՝ «Աղքատության նպաստից դեպի սեփական աշխատանքով կայուն եկամուտ»:
Այս սկզբունքը լիարժեք կյանքի կոչելու համար անհրաժեշտ է պետական գործուն և համարժեք աջակցություն՝ աշխատանքային տարիքի աշխատունակ բնակչության կայուն զբաղվածության ապահովման նպատակադրմամբ:

Հետևաբար, այս կարևոր և հռչակված նպատակադրումը գործնականում իրականացնելու համար, նախ և առաջ՝ կցանկանայիք պետական բյուջեում տեսնել զբաղվածության աջակցության պետական ծրագրերին ուղղվող միջոցների շեշտակի ավելացում, ինչպես նաև տնտեսության ներառական զարգացման, հատկապես՝ նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղվող պետական մասնակցության և ֆինանսական աջակցության նոր ծրագրեր:

Սակայն պետք է նշել, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները չեն աճել 2018 թվականի համեմատ, և կազմում են ընդամենը շուրջ 1,7 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ զբաղվածության պետական ծառայությունում պաշտոնապես գրանցված են շուրջ 83 հազար աշխատանք փնտրողներ, որոնցից՝ 67 հազարը գործազուրկներ են:

Սոցիալական ոլորտին ուղղվող միջոցների դիտարկման տեսանկյունից հատկանշական է նաև, որ 2019 թվականին շարունակելու է գործել կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչը: Արդյունքում, այս համակարգի մասնակիցներից պահվող պարտադիր սոցիալական վճարներին պետական մասնակցությունը ապահովելու համար 2019 թվականի պետական բյուջեում նախատեսված են 56 միլիարդ դրամի չափով ծախսեր, որը շուրջ 15 միլիարդ դրամով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը: Ընդ որում, այս ծախսերը հետագայում ևս ունենալու են կայուն աճի միտում: Իսկ այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցները ուղղել զբաղվածության պետական աջակցության ծրագրերին, կայուն աշխատատեղ ստեղծող զարգացման ծրագրերին և առաջանցիկ ապահովել. «Աղքատության նպաստից դեպի սեփական աշխատանքով կայուն եկամուտ» սոցիալական քաղաքականության հիմնական նպատակադրումը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյան

Տպել Տպել